Զուրաբ Ժվանիայի եղբայրը հայտնել է նրա դիակի արտաշիրմման հնարավորության մասին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ապագայում Վրաստանում կարող են արտաշիրմել երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիային, ում մահացած վիճակով Թբիլիսիի բնակարաններից մեկում հայտնաբերել են 2005 թվականի փետրվարի 3-ին:
Այս մասին հայտարարել է հանգուցյալի եղբայր Գոգլա Ժվանիան: Պաշտոնական վարկածով Ժվանիայի մահվան պատճառ է հանդիսացել գազի արտահոսքը: Ավելի վաղ Ժվանիայի ընտանիքը տվել էր իր համաձայնությունը՝ հանգուցյալի դիակը գերեզմանից դուրս բերելու համար՝ հուսալով, որ դա կօգնի հետաքննությանը և վեր կհանի նրա մահվան մասին ճշմարտությունը:
Զուրաբ Ժվանիայի եղբայրը հայտարարել է, որ իրենք մոտենում են այն պահին, երբ իրականացվելու է էական ապացույցների շատ կարևոր փորձաքննություն. «Ենթադրվում է, որ այդ գործընթացում ներառվելու են օտար փորձագետներ և ի վերջո շուտով տեղի կունենա արտաշիրմում»:
Վրաստանի Գլխավոր դատախազությունը նախկին վարչապետի արտաշիրմման հնարավորության մասին հայտարարել է 2014 թվականի սեպտեմբերի վերջին: