Բաժիններ՝

Դեկտեմբերի 9-ը այսուհետ Հայաստանում կնշվի որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Զաքարյանի, Զարուհի Փոստանջյանի, Կորյուն Նահապետյանի, Թևան Պողոսյանի, Շիրակ Թորոսյանի և Ալեքսանդր Արզումանյանի կողմից  օրենսդրական նա­խա­­ձեռ­նու­թյան կար­գով ներ­կայացվել է «Հայաստանի Հան­­րապետության տո­ների և հիշա­տա­­կի օրե­րի մա­սին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայ­աստանի Հան­րապե­տու­թյան օրենքի նախագիծ։ Դրանով, մասնավորապես, առաջարկվում է Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր նշել  դեկտեմբերի 9-ին:

Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, նախագծի ընդունումը պայմանավորված է դեկտեմբերի 9-ը որպես ամբողջ աշխարհում ցեղասպանությունների դատապարտման եւ հիշատակման օր սահմանելու անհրաժեշտությամբ, ելնելով այն հանգամանքից, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիան» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: Այս կարեւորագույն փաստաթղթում տրված է ցեղասպանության, որպես մարդկության դեմ կատարվող միջազգային հանցագործության, ծավալուն սահմանումը: Կոնվենցիայում խոսվում է նաեւ ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին, որի դատապարտումը չի կորցնում իր հրատապությունը եւ պայքարը այդ չարիքի դեմ: Նախագծով հստակեցվում է նաեւ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա անվանումը:

Չնայած որոշ տեխնիկական բնույթի դիտարկումներին՝ կառավարությունը փետրվարի 12-ի նիստում հավանություն կտա նախագծին և սահմանված կար­գով կներկայացնի Հայաս­տանի Հան­րապետության Ազգային ժողով: Դրական եզրակացության մասին որոշման նախագիծը ներառված է կառավարության էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս