Բաժիններ՝

Մենք Հայաստանին պարզեցինք մեր ձեռքը, սակայն ցավոք այն մնաց օդում. Էրդողան

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Կոլումբիա այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնակցել է Բոգոտայի ու Անկարայի համալսարանների կազմակերպած «1915. Օսմանյկան կայսրության ամենաերկար տարին» խորագրով սիմպոզիումին:

Իր ելույթում Էրդողանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. «Այս տարի 1915 թվականի դեպքերի 100-րդ տարին է: 100 տարվա ընթացքում հայերը թուրքերի հետ և թուրքերը հայերի հետ առողջ քննարկում չեն ծավալել՝ ճշմարտությունը պարզելու համար: 100 տարվա ընթացքում ականատես ենք եղել քարոզչության ու կեղտոտ քաղաքականության:

Եթե Հայկական սփյուռքն անկեղծ ու ազնիվ է , ապա մենք բացում ենք մեր բոլոր արխիվները: Ցայժմ չուսումնասիրված է մնում ավելի քան 1 միլիոն փաստաթուղթ: Մենք բացեցինք դրանք: Եթե Հայաստանն ունի այդօրինակ փաստաթղթեր, թող բացի դրանք, եթե երրորդ երկրներում էլ կան, ապա թող նրանք էլ բացեն:

Դրանց վրա կաշխատեն պատմաբանները, քաղաքագետները, իրավաբանները, ինչից հետո կատարված աշխատանքների արդյունքները կներկայացվեն քաղաքական գործիչներին: Պատմությունը պետք է ընկալել օբյեկտիվ ձևով և ոչ թե զգացական կերպ, ցավի ազդեցության ներքո:

Կարդացեք նաև

Մենք գիտենք, որ Հայկական սփյուռքը 1915 թվականի դեպքերի 100-ամյակի կապակցությամբ վերին աստիճանի բացասական կամպանիա է ծավալել: Մենք՝ Թուրքիան, քարոզչություն կամ հոգեբանական ընդունման շեմին չենք, մենք չունենք այդպիսի դարդ:

Մենք 1915 թվականի դեպքերը ճիշտ ձևով հետազոտելու ու հասկանալու շեմին ենք: Մենք 1915 թվականի դեպքերին առնչվող արխիվներն ավելի ընդլայնելու շեմին ենք և Հայաստանին պարզեցինք մեր ձեռքը: Նախորդ տարվա ապրիլի 23-ին հայերին հղեցինք ցավակցական ուղերձ:

Մենք ձգտում ենք կարգավորել հարաբերությունները, դրանցում բացել նոր էջ: Ցավալի է, որ Հայկական սփյուռքի ազդեցության ներքո մեր պարզած ձեռքը մնաց օդում: Այս տարի 100-ամյակն է, մենք նորից անկեղծ ենք և սրտանց կրկնում ենք մեր կոչերը: Եկե՛ք այս հարցը հանենք քաղաքական օրակարգից և հանձնենք գիտնականներին»:

Էրդողանը հիշեցրել է, որ այս տարվա ապրիլի 24-ին իրենք մեծ շուքով նշելու են Դարդանելի ճակատամարտի 100-ամյակը և դրա հետ կապված՝ հրավերներ են ուղարկվել բազմաթիվ երկրների, որոնց մի մասն արդեն իսկ հաստատել է իրենց մասնակցությունը:

Հիշեցնելով, որ Հայաստանը նույնպես հրավիրվել է այդ տոնակատարություններին՝ Էրդողանը հայտարարել է, որ իրենք ցանկանում էին, որ տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թուրքիա ժամանողների միջոցով, ապրիլի 24-ին Դարդանելում գտնվողների միջոցով ստեղծվի փոփոխությունների մթնոլորտ, սակայն դա տեղի չունեցավ.

«Մենք չենք հրաժարվում 1915 թվականի դեպքերի թեմայով խաղաղությանն ու երկխոսությանն ուղղված մեր ջանքերից: Մենք որևէ մեկի չենք մեղադրում ցեղասպանություն գործելու մեջ:

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Բալկաններում բախումների հետևանքով ու աքսորի ճանապարհին իրենց կյանքին հրաժեշտ են տվել միլիոնավոր մուսուլմաններ:

Սակայն դրա հետ կապված՝ մենք որևէ մեկին չենք մեղադրում ցեղասպանություն գործելու մեջ: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է պատմական դեպքերին գնահատական տալ՝ ելնելով իրենց իսկ ժամանակաշրջանից ու պայմաններից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս