Բաժիններ՝

1 միլիոն դրամ՝ Ճարտարապետի միջազգային օրը նշելու համար

Անցած տարի Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվեց Ճարտարապետի միջազգային օրը: Նախաձեռնությունը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանինն էր: Այդ օրը կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր նիստ:

«Որոշումը` միանալու մասնագիտական այս տոնին, մենք կայացրել ենք նոր կառավարության ձևավորումից հետո: Այս տարի ժամանակը շատ կարճ է եղել կազմակերպչական առումով, վստահ  եմ` հետագա տարիներին արդեն, ինչպես շինարարներն են ավանդաբար նշում իրենց օրը, ճարտարապետներն էլ իրենցը  կկարողանան կազմակերպել` քաղաքաշինության նախարարության և Ճարտարապետների միության համատեղ ջանքերով` լիարժեք ներկայանալի դարձնելով մեր ոլորտը, ոլորտում զբաղված մարդկանց և առկա բոլոր խնդիրները»,- հանդիսավոր նիստի ժամանակ ասել էր Ն.Սարգսյանը:

Ճարտարապետներին մեծարելու ձգտումն, անխոս, ողջունելի է: Ինչո՞ւ, ասենք, պետք է նշվի Շինարարի օրը (օգոստոսի 9-ին), իսկ ճարտարապետների օրը (հոկտեմբերի առաջին երկուշաբթին) միջազգային հանրությունը պետք է տոնի առանց Հայաստանի:

Սակայն ուշագրավն այն է, որ այս տոնը կազմակերպելու համար ապրիլին նախարար նշանակված Նարեկ Սարգսյանը ծախսել է 1 մլն դրամից քիչ պակաս գումար՝ 970 հազար: ՀՀ քաղաքաշինության նախարարությունն այդ միջոցները փոխանցել է Քաղաքաշինության հիմնադրամին, որը պետք է Ճարտարապետի օրվան նվիրված միջոցառման համար նախատեսված տարածքը ապահովեր օդափոխման, լուսավորման համակարգերով, սարք-սարքավորումներով, տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ բարձրախոս, խոսափող, ուժեղացուցիչ, պրոեկտոր, համակարգիչ, ամբիոն և այլ անհրաժեշտ պարագաներով: Հիմնադրամը նաև պետք է հոգար 150 մասնակցի համար հրավիրատոմսի, ծրարների, 50 հատ պոստեռի, 2 հատ գովազդային բաների, 6 հատ շրջանակների, 10 հատ «Հայաստանի հրաշքներ» գրքերի, 10 հատ դիպլոմների, 100 հատ հավաստագրերի, 10 հատ «Գրան Պրի» մրցանակի վկայականի, 6 հատ մեդալի տուփերի և 8 հատ ծաղկեփնջերի հոգսը, ինչպես նաև միջոցառումից հետո 100-120 մասնակցի համար կազմակերպեր ֆուրշետ:

Հաշվի առնելով, որ միջոցառումն անցկացվել է կառավարության նիստերի դահլիճում, որը մշտապես ապահովված է տեխնիկական անհրաժեշտ սարքավորումներով, խիստ վիճելի է, թե մնացածը՝ ծրարաֆուրշետային մասը արդյոք արժե՞ր 970 հազար դրամ: Առավել ևս անվիճելի է, որ Հայաստանի ներկա սոցիալտնտեսական պայմաններում գրեթե 1 մլն դրամը հաստատապես կարելի էր ավելի նպատակային ծախսել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս