Արդեն զգացվում է, որ զբոսաշրջիկը նոր զբոսաշրջիկ է բերում. ԶԸՀ նախագահ
Անցած տարի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի ակտիվացում է նկատվել շուրջ 10%-ով: Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական վիճակագրության, զբոսաշրջության նպատակով ժամանել է ավելի քան 1 մլն 203 հազար զբոսաշրջիկ:
Զբոսաշրջության հայկական ընկերակցության (ԶԸՀ) նախագահ, հյուրընկալության և տուրիզմի ոլորտի փորձագետ Արթուր Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում դրական գնահատեց այս աճը, սակայն հավելեց, որ տուրիզմի կայուն զարգացման համար մեր երկրում դեռ շատ աշխատանքներ պետք է տարվեն:
Ըստ նրա՝ զարգացումը համարվում է կայուն, եթե տուրֆիրման խոմբ է տանում որևէ վայր ու տվյալ բնակավայրում գումար են թողնում կամ բյուջեի տեսքով, կամ մատուցված ծառայությունների դիմաց, կամ այլ: Ա.Ոսկանյանը նշեց, որ այդ առումով միջազգային կազմակերպությունները՝ ԵԱՀԿ-ն և այլն, որոշակի քայլեր են անում, բայց շարունակության խնդիր կա, որովհետև ուսուցանումից հետո այդ մարդիկ իրենց ուժերով չեն կարողանում զբոսաշրջիկ բերել. «Նրանց համար պետք է «էստի համեցեքը» կազմակերպել: Օրինակ, Կապանի շրջանի գյուղերի համար արգելոցը և վայրի տուրզիմի համար հետաքրքիր այլ վայրեր կան, զբոսաշրջիկները գալիս են, ու կացարանների հարցը ինքնաբերաբար լուծվում է: Բայց խուլ գյուղում ապրող մարդը չի կարող ո՛չ կայք պահել, ո՛չ ֆիրմաների հետ բանակցել, նրան օգնություն է պետք: Եթե առաջարկում են գիշերակաց ու նախաճաշ՝ 5000-8000 դրամով, բայց տուրֆիրմաներից շատ քչերը գիտեն դրա մասին: Պետք է մարդկանց հոսք ուղղել այնտեղ: Դրան կարող են նպաստել հյուրատների միավորումները: Նման բան արվել էր Դիլիջանի հյուրատների համար ու նրանք ոտքի էին կանգնել: Այդ փորձը շարունակել է պետք և՛ Կապանում, և՛ Տվաուշում, և՛ հեռավոր մյուս գյուղերում»:
Ըստ փորձագետի, զբոսաշրջիկների ավելացմանը շատ նպաստել են նաև միջազգային տուրսիտական նորությունները ու դրանց արձագանքները, երբ որևէ զբոսաշրջիկի կա գործակալության կողմից գովազդվում է երկիրը, պատմում են հետաքրքիր փորձի մասին, և արդեն զգացվում է, որ զբոսաշրջիկը նոր զբոսաշրջիկ է բերում:
Զբոսաշրջության հետագա զարգացման համար Ա.Ոսկանյանը ընդգծեց մարզերի սպասարկման մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ դասընթացների ժամանակ հստակ երևում է գիտելիքների պակասը, նրանք սպասում են, որ որևէ միջազգային կազմակերպություն անձնակազմի հետ դասընթաց կանցկացնի, տուրֆիրմաները կսկսեն աշխատել իրենց հետ: