Բաժիններ՝

Ռուբեն Գևորգյանը վագրի ձագեր է նվիրել իր ընկերներին ու Գագիկ Ծառուկյանին. hetq.am

hetq.am-ը գրում է. Հայաստանում մեծահարուստների ու պաշտոնյաների շրջանում կարծես թե մոդա է դարձել վայրի կենդանիներին «ընտելացնելը» և իրենց հյուրանոցների, ռեստորանների բակում պահելը, սեփական առանձնատանը «մինի» գազանանոց կառուցելը: ԱԺ պատգամավորների մի մասը ևս ունի վայրի կենդանիներ: Հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանն իր առանձնատանն ունի գազանանոց, որտեղ պահում է տարբեր կենդանիներ, այդ թվում՝ առյուծներ ու վագրեր, Մանվել Գրիգորյանը՝ ջայլամներ, վագրեր, Մուշեղ Պետոյանը արջ է պահում, և այլն: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը ևս վայրի կենդանիների, մասնավորապես՝ վագրերի սիրահար է: Նա այդ սերը չի թաքցնում և մերթ ընդ մերթ իր վագրերի լուսանկարները հրապարակում է սոցիալական ցանցերի իր էջում:

«Ամեն մի մարդ, ինձ թվում է, փոքր հասակից էլ սիրել է կենդանի պահել, որը շուն, որը երևի կատու: Հետագայում արդեն տարիքի հետ կապված սկսում են ցեղական շներ պահել, ինձ թվում է` դա տարածված է մեր հայերի մեջ, հատկապես պատանեկան տարիներին»,- «Հետքի» հետ զրույցում ասում է պատգամավորը և հավելում, որ իր մոտ պահվող կենդանիներին վայրի չի կարող անվանել, «քանի որ նրանք հատուկ կենդանիներ են և Կարմիր գրքում են գրանցված»:

Ռ. Գևորգյանն ասում է, որ վայրի կենդանի հասկացությունը լայն է, դրանց շարքին են դասվում գայլերը, մյուս կենդանիները, բայց ինքը նման կենդանիներ չունի: Պահում է ուսուրական (ամուրյան) վագրեր, որոնք գրանցված են Կարմիր գրքում, և ամբողջ աշխարհում ազատության մեջ նրանց թիվը մոտ 340 է:

«Եթե նրանք իրենց հայրենիքում չեն բազմանում, իմ մոտ լուրջ հետաքրքրություն է, որ ես կարողանամ նրանց բազմացնել, և դա ստացվել է: Արդեն երրորդ սերունդն են տալիս: Դրա մասին տեղյակ են այն ասոցիացիայում, որը գլխավորում է Ռուսաստանի նախագահ Պուտինը»,- ասում է Ռ. Գևորգյանը նշելով, որ Վլադիմիր Պուտինի գլխավորած կազմակերպությունը զբաղվում է հենց ուսուրական վագրերի պահպանությամբ:

Պատգամավորի խոսքերով՝ 9 վագրի ձագ է ունեցել, և դա ցնցել է ռուսներին: Նրանք ժամանակ առ ժամանակ գալիս են Հայաստան հաշվառում են վագրերին և հսկողության տակ պահում:

Այժմ իր մոտ պահվող վագրերը 6-ն են: Դրանցից մի քանիսը նվիրել է իր ընկերներին, մեկն էլ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Այնպիսի մարդկանց եմ նվիրել, որոնք շատ բարեխիղճ ձևով կարող են պահել: Նրանք շատ թանկարժեք վագրեր են՝ իրենց բնույթով, տեսակով: Պիտի այնպիսի մարդկանց տրամադրության տակ լինեն, որ ի վիճակի լինեն պահելու, սիրում են այդ կենդանիներին: Իսկ մնացած վագրերն ինձ մոտ են, թվով 6-ը»,- նշում է պատգամավորը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս