Ռուսաստանը փորձում է Ուկրաինայի արևելքում ստեղծել երկարաժամկետ հակամարտություն. ամերիկյան հետախուզություն
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան ռազմական հետախուզությունը կարծում է, որ Ռուսաստանը փորձում է Ուկրաինայի արևելքում ստեղծել երկարաժամկետ հակամարտություն և շարունակելու է ռազմական ու ոչ ռազմական մեթոդների օգնությամբ ճնշում գործադրել Կիևի վրա:
Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում գլոբալ սպառնալիքների վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության Հետախուզական վարչության տնօրեն Վինսենտ Ստյուարտը:
Նա ընդգծել է, որ իրենք կարծում են, որ Ուկրաինայի հանդեպ Մոսկվայի գործողությունները համապատասխանում են Ռուսաստանի ռազմական նոր դոկտրինին ու ռազմավարությանը:
Պենտագոնի Հետախուզական վարչությունը կարծում է, որ Ռուսաստանը հաջողությամբ թարմացրել է այդ դոկտրինը, որպեսզի նախատեսի ռազմական գործողությունների նոր մեթոդների օգտագործման հնարավորություն և էական առաջընթացի հասնի իր միջուկային ու սովորական սպառազինության արդիականացման հարցում:
Ստյուարտն ընդգծել է, որ իրենք ակնկալում են, որ չնայած տնտեսական բարդություններին՝ 2015 թվականին Ռուսաստանի ռազմական ակտիվությունը կպահպանվի բարձր մակարդակի վրա, կանցկացվեն մեծ թվով զորավարժություններ, կշարունակվի վերազինումը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանը ձգտում է ստեղծել այնպիսի զինված ուժեր, որոնք կլինեն ավելի փոքր ու մանևրային և կկարողանան հեռանկարում կատարել ավելի տարատեսակ առաջադրանքներ: 2014 թվականին Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները ռեկորդային թվով ռազմաօդային ու ռազմածովային զորավարժություններ է իրականացրել արտերկրում:
Ամերիկյան ռազմական հետախուզությունն ակնկալում է, որ այս տարի նրանք իրենց գործողությունները կակտիվացնեն Կարիբյան ու Միջերկրական ծովերում: Պենտագոնում նաև կարծում են, որ Ռուսաստանը նախկինի նման հատուկ նշանակություն է տալու իր ռազմավարական միջուկային ուժերին ու շարունակելու է միջմայրցամաքային մոբիլ բալիստիկ հրթիռների արդիականացումը: