«Հնարավոր է, որ Արցախը մտցվի Ռուսաստանի կազմի մեջ». Նիկոլ Մարգարյան
«Ասպարեզի» զրուցակիցն է ազգագրագետ, մշակութաբան Նիկոլ Մարգարյանը:
-Պարոն Մարգարյան, այսօր տարաբնույթ կարծիքներ են հնչում ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանում գտնվելու վերաբերյալ: Հայաստանի եւ Ռուսաստանի համար ռազմաբազան ստրատեգիական ի՞նչ նշանակություն ունի:
-Ռուսական բազայի՝ Հայաստանում գտնվելու բուն նպատակը Ռուսաստանի կայսերապաշտական շահերին ծառայելն է: Օրերս, ոչ պատահաբար, հետաքրքիր դիտարկում էր արել ռուս քաղաքական վերլուծաբաններից մեկը՝ Անդրեյ Սուշենցովը: Նրա կարծիքով, Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնվելն ավելի հեռանկարային ռազմավարական նպատակներ է հետապնդում, որոնց շարքում է Մերձավոր արեւելյան գործերին ռուսների մասնակցությունը:
Ըստ իս, ոչ պակաս կարեւոր է նաեւ ֆորպոստ հանդիսացող երկրի ներքին գործերին ցանկացած ժամանակ միջամտելու հնարավորությունը: Սա մի մահակ է Հայաստանի ժողովրդի գլխին եւ տեսնում ենք, թե ինչպես են դրանով վախեցնում հայաստանյան իշխանություններին՝ զանազան տնտեսական, քաղաքական ու իրավական հարցեր Ռուսաստանի օգտին լուծելու նպատակով:
Ամենավտանգավոր մոլորությունն այն է, որ հայաստանցիների մի մեծ խմբի մոտ գոյություն ունի հավատամք, թե ռուսական զորքերն Հայաստանում գտնվում են նախեւառաջ կամ բացառապես Հայաստանի սահմանները պաշտպանելու նպատակով: Սա խորհրդային եւ միգուցե ավելի վաղ ժամանակներից իներցիայով մնացած, նաեւ մեր որոշակի քարոզչամիջոցներով ուռճացված պատկերացում է: Հիշենք, թե ինչ չկամությամբ ու դժվարությամբ ռուսական զորքերն հեռացան հարեւան Վրաստանից: Նրանց ասում էին, թե շնորհակալ ենք մեր սահմանների պաշտպանության համար:
Մենք պատրաստ ենք ինքներս պաշտպանել: Իսկ ռուսները պնդում էին, որ իրենք մնան ու պաշտպանեն: Հետո, երբ ռուսները ստիպված հեռացան Վրաստանից, պարզվեց, որ հենց նրանք են տարածաշրջանում խաղաղության ամենամեծ սպառնալիքը ու ոչ թե թուրքերը: Որովհետեւ նրանք Վրաստանի դեմ հրահրեցին աբխազներին ու ըստ էության Աբխազիան անջատեցին Վրաստանից: Հայաստանի պարագայում եւս ռուսների հեռանալն հղի է ոչ թե Թուրքիայի սպառնալիքով, այլ Արցախի հիմնահարցում Ռուսաստանի վերաբերմունքի կտրուկ շրջադարձի հեռանկարով:
Այդուհանդերձ, Հայաստանում պետք է կոտրել ռուսական զորքերի՝ իբր թե զուտ Հայաստանը պաշտպանելու առաքելության մասին կարծրատիպը, ինչը որոշակի զսպաշապիկ կծառայի ռուսական իշխանությունների «բեսպրեդելի» համար: Այսօր, իսկապես լավ առիթ կա զանգվածային տարբեր լրատվամիջոցներում այս խնդրի մասին ամենատարբեր ձեւաչափերով քննարկումներ կազմակերպելու համար եւ ձեր թերթի այս նախաձեռնությունը շատ կարեւոր եմ համարում:
-Դուք նշեցիք, որ Հայաստանի պարագայում եւս ռուսների հեռանալը հղի է ոչ թե Թուրքիայի սպառնալիքով, այլ Արցախի հիմնահարցում Ռուսաստանի վերաբերմունքի կտրուկ շրջադարձի հեռանկարով: Կարծում եմ, հանրությանը կհետաքրքրի, թե ապագայում այդ շրջադարձն ինչպիսի՞ն կլինի: Արդյո՞ք այն հօգուտ մեզ կլինի:
-Ես հենց նկատի ունեմ, որ ռուսները կհրահրեն նոր բախումներ Արցախում: Ընդ որում, հստակ չէ, թե ռուսները դա կանեն հօգուտ ազերիների՞, թե՞, կփորձեն Արցախը վերցնել իրենց պրոտեկտի ներքո:
Ի դեպ, նման ակնարկներ կային դեռ արցախյան շարժման տարիներին, իսկ վերջերս էլ Զորի Բալայանի՝ ռուսաց թագավորին ուղղված նամակում անուղղակի հուշվում էր հիմնախնդրի՝ նման լուծման նախընտրելի լինելը:
-Այսինքն, հնարավոր է, որ կրկնվի 1920-ականների պատմությու՞նը:
-Հնարավոր է, որ Արցախը մտցվի Ռուսաստանի կազմի մեջ: Քսանականներին այն ուղղակի տրվեց Ադրբեջանին: Ադրբեջանը ոչ մի պայմանով, նույնիսկ, եթե Արցախն ու Զանգեզուրը հանձնեն նրան, չի համաձայնվի մտնել ԵՏՄ-ի մեջ: Ռուսներն էլ են դա հասկանում: Մի քանի տարի առաջ Մահմեդյարովը դա հասկացնել տվեց Լավրովին: Դրա համար ռուսները վերջերս ազերիների հետ սիլի-բիլի չեն անում: Ուրեմն, եթե Հայաստանն հրաժարվի ռուսական զորքերի ներկայությունից, ռուսներն, այնուամենայնիվ, պետք է փորձեն ամեն գնով մնալ Անդրկովկասում: Քանի որ Ադրբեջանում էլ չեն կարող մնալ, ստիպված են այլ տարածք ընտրել: Իսկ այդպիսին կարող է լինել Արցախը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: