«Շատ խնդիրներ կան, որոնց շուրջ պետք է խորհեն գնացողները». Ժողովրդագրագետ
ԵՏՄ-ին անդամակցությունից հետո ՌԴ կառավաչության հուվարի 13-ի որոշմամբ ՀՀ քաղաքացիները աշխատանքի իրավունքով հավասարվել են Ռուսաստանի քաղաքացիներին, ինչը որոշակի ակտիվություն է առաջացրել և հայ միգրանտների շրջանում և մեր դիտարկումներով Հայաստանում Ռուսաստանի դեսպանության առջև հերթեր են գոյանում:
168.am-ի հետ զրույցում, սակայն, ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը ՌԴ միգրացիոն քաղաքականության առումով ԵՏՄ-ի հետ կապված էական փոփոխություն չի տեսնում: Ըստ նրա՝ այսօրվա գնացողի ու վաղվա գնացողի միջև տարբերություն չկա. «Էլի գրանցման անհրաժեշտությունը կա, էլի աշխատանքի իրավունքի ձեռքբերման անհրաժեշտությունը մնացել է, դրան ավելացել է լեզվի իմացության քննություն հանձնելու անհրաժեշտությունը, որը բավականին ծախսատար գործ է: Ռուսերենի իմացության քննության արժեքը 5000 ռուբլի է, եթե չհանձնեցիր քննությունը, կրկին պետք է հանձնես: Շատ խնդիրներ կան, որոնց շուրջ պետք է խորհեն գնացողները»:
Ռ.Եգանյանին ավելի շատ մտահոգում է, թե Ռուսաստան գնացողների վիճակն ինչ է լինելու, քանի որ Ռուսաստանում իրադրությունն էապես փոխվել է անցյալ տարվա համեմատ, և ՀՀ աշխատանքային միգրանտների մի հսկայական մասը կարող է աշխատանք չգտնել և իրենց այդ ուղևորությունը կարող է ձախողվել. «Այսօրվա դրությամբ ՌԴ-ն գրավչությունն էականորեն կորցրել է: Ամբողջ հարցը նրանում է, թե մարդիկ ինչու էին գնում: Նրանք չէին գնում ՌԴ տեսարժան վայրերն այցելելու: Գնում էին 2 կոպեկ վաստակելու, որ ուղարկեն իրենց ընտանիքներին, կամ հետ գան, իրենց ընտանիքների գոյատևումն ապահովեն: Այսօրվա դրությամբ ես չգիտեմ, թե այդ հնարավորությունը որքանով է իրատեսական: Ռուսաստանում տնտեսական վիճակը վատանում է, ներդրումները նվազում են, այն աշխատանքները, որոնցում զբաղված էին մեր միգրանտները՝ շինարարություն, ճանապարհաշինություն և այլն, պակասում են: Մտածող մարդիկ հիմա 10 անգամ կմտածեն մեկնելուց առաջ՝ իմաստ ունի՞, թե՞ ոչ: Նախկինում հայերն աշխատանք գտնում էին, ես հիմա նման վստահություն չունեմ, որ դա կհաջողվի նրանց: Հետո, եթե անգամ հաջողվի, այսօրվա վաստակը կրկնակի պակաս է լինելու նախորդ տարիների վաստակներից: Որքանո՞վ է իմաստավորված լինելու գնալը: Այդ բոլորը հարցեր են, որ լուրջ մտահոգություն են առաջացնում»: