Պայմանավորվածությունների չպահպանման դեպքում Բելառուսը կարող է դուրս գալ ԵՏՄ-ի կազմից. Լուկաշենկո
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում տեղի ու օտար ԶԼՄ-ների համար կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Բելառուսն իրեն իրավունք է վերապահում ԵՏՄ-ի կազմից դուրս գալու համար, եթե չպահպանվեն ԵՏՄ-ի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Լուկաշենկոն հիշեցրել է, որ Բելառուսը ԵՏՄ-ի մասին պայմանագիրը ստորագրել է վերապահումներով. «Եթե պահպանվեն պայմանավորվածությունները, ապա մենք սրբորեն կկատարենք այն ամենը, ինչը վերաբերում է ԵՏՄ-ին: Եթե չպահպանվեն դրանք, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահում՝ ընդհուպ մինչև ԵՏՄ-ից դուրս գալ»:
Լուկաշենկոն ընդգծել է, որ ԵՏՄ-ի մասին փաստաթղթերի ստորագրումից հետո չպետք է գրանցվեն այնպիսի պահեր, ինչպիսիք են այսպես կոչված «կաթնային, մսային պատերազմները». «Մեր 10 միլիոնանոց երկրի համար մեր արտադրանքի 170 միլիոնանոց վաճառքի շուկա ունենալը բարիք է»:
Լուկաշենկոն ընդգծել է, որ սերտ ինտեգրման շնորհիվ Բելառուսը 1000 խորանարդ մետր ռուսական գազը ստանում է 134 դոլարով, մինչդեռ Ուկրաինան դա ստանում է գրեթե 400 դոլարով: