ՄԻԵԴ-ն այսօր սկսում է քննել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը

Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ՝ այսօր ՄԻԵԴ-ը սկսում է քննել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը: Ավելի վաղ թուրքական դատարանը «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի վրայից հանել էր արտասահման մեկնելու արգելքը, որպեսզի նա կարողանա մասնակցել դատական այդ գործընթացին՝ գտնելով, որ Փերինչեքի ներկայությունը դրանում կարևոր է:

Փերինչեքը հայտարարել է, որ «դատական այս գործընթացն առնչվում է ոչ թե Հայոց ցեղասպանությանը, այլ՝ խտրականությանը»: Փերինչեքը ողջունել է 2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը և հույս է հայտնել, որ այս անգամ էլ կկայացվի նման համարձակ որոշում: Փերինչեքին աջակցելու համար Թուրքիայից Ստրասբուրգ է ժամանել մոտ 200 հոգանոց մի խումբ, որոնք հավաքվել են ՄԻԵԴ-ի շենքի առջև:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե Ամալ Քլունին Դողու Փերինչեքի գործով Հայաստանի շահերը կպաշտպանի ՄԻԵԴ-ում: Դողու Փերինչեքը 2005 թվականին Շվեյցարիայի Լոզան քաղաքում հայտարարել էր, թե «Հայոց ցեղասպանության մասին պնդումները միջազգային հանրության կողմից տարածվող կեղծիքներ են»:

2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը 1995 թվականին Շվեյցարիայում ուժի մեջ մտած հակառասիստական օրենքի հիման վրա Փերինչեքին մեղավոր ճանաչեց ռասայական խտրականության մեջ՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հերքող նրա հրապարակային հայտարարությունների համար (Քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի դրույթների խախտում): Լոզանի դատարանը թուրք կուսակցապետի նկատմամբ սահմանեց 90-օրյա պայմանական ազատազրկում կամ դրան համարժեք տույժ, ինչպես նաև 3 հազար շվեյցարական ֆրանկի կամ 2500 դոլարի տուգանք:

Փերինչեքը, սակայն վկայակոչելով խոսքի ազատությունը, դիմել էր ՄԻԵԴ, որն էլ 2013 թվականի դեկտեմբերին բավարարել է Փերինչեքի հայցը՝ գտնելով, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան (խոսքի ազատության իրավունք): Դրանից հետո Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկել էր ՄԻԵԴ-ի վճիռը:

Տեսանյութեր

Լրահոս