Բաժիններ՝

Ինչպես «սադրել» բանկերի խոշորացում

Ենթադրենք՝ դուք գործարար, ֆինանսական աշխարհում որոշակի ճանաչում ունեցող մարդ եք՝ գործարար, տնտեսական բլոկի պաշտոնյա, բիզնեսի հետ կապված որևէ կազմակերպության նախագահ կամ փոխնախագահ։ Մի գեղեցիկ օր  հայտարարում եք՝ դոլարը թանկանալու է,  և ձեր այդ միտքն ակտիվորեն տարածվում է ԶԼՄ-ներով։

Նաև ենթադրենք, որ դուք այդ հայտարարությունն արել եք՝ հիմնվելով զուտ կանխազգացումների վրա, առանց հաշվարկների կամ վերլուծության։ Ինչի՞ կարող է բերել այդ հայտարարությունը։

Իհարկե, տնտեսագետները կսկսեն ձեզ քննադատել, որ նման կանխատեսումներ անելը սխալ է, կապացուցեն, որ դուք մասնագետ չեք, և այլն։

Սակայն մարդկանց մի մասը հավատալով ձեր կանխատեսմանը՝ կփորձի իր մոտ եղած դրամը փոխարկել դոլարի։ Դոլարի նկատմամբ պահանջարկը կմեծանա, կառաջանա դեֆիցիտ, և դոլարն իրոք կթանկանա։ Ստացվում է՝ դուք ձեր հայտարարությամբ «սադրեցիք», որպեսզի դոլարը թանկանա։

Նման մի պրոցեսի ականատես եղանք դեկտեմբերին, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց։ Տարբերությունն այն է, որ այդ լուրերը տարածողը ոչ թե տվյալ ոլորտի պատասխանատուն էր՝ Կենտրոնական բանկը,  այլ որոշ խոշոր սպեկուլյանտներ։ Ընդ որում, նրանք այդ լուրերը փորձում էին տարածել ոչ թե իրենց անունից, այլ միջնորդավորված ձևով։

Հիմա տեսեք ինչ է կատարվում՝ բանկերի խոշորացման հետ կապված խոսակցությունների պարագայում։

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկը 2014թ. դեկտեմբերի 30-ին որոշեց բարձրացնել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի սեփական կապիտալի նվազագույն չափը՝ 5 միլիարդից դարձնելով 30 միլիարդ։ Այս պահին 30 միլիարդ դրամից ավելի կապիտալ ունեն 21 բանկերից 5-ը։ Սակայն գործող բանկերի համար այդ փոփոխությունն ուժի մեջ է մտնում 2017թ. հունվարի 1-ից։ Այսինքն՝ նրանք դեռ 2 տարի ժամանակ ունեն իրենց կապիտալը ԿԲ պահանջին համապատասխանեցնելու համար։

Սակայն ԿԲ որոշումից անմիջապես հետո սկսեցին հայտնվել հրապարակումներ, որ այս կամ այն փոքր (քիչ կապիտալ ունեցող բանկը) կլանվելու է մեկ այլ՝ ավելի խոշոր բանկի կողմից կամ միաձուլվելու է դրան։ Հետո այդ փոքր բանկերը հերթով հանդես են գալիս հերքումներով՝ հավաստիացնելով, որ խնդիրներ չունեն, կապիտալի չափն էլ կարող են մեծացնել մինչև 2017 թվականը։ Հնարավոր է, որ այդպես էլ լինի։ Այսինքն՝ տեսականորեն չի բացառվում, որ բոլոր բանկերն էլ իրենց կապիտալը կարողանան մեծացնել, չմիավորվեն և չկլանվեն, և 2017 թվականի հունվարի 1-ին ունենանք 21 բանկ։ Այնքան, որքան այսօր։

Օրինակ, «Առէկսիմբանկը» («Գազպրոմբանկի խումբ») 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ուներ ընդամենը 15.66 մլրդ դրամ սեփական կապիտալ։ Սակայն օրերս բանկը հաղորդագրություն տարածեց, որ միակ բաժնետերը՝ «Գազպրոմբանկը», 20 միլիոն դոլարով (9.4 մլրդ դրամով) համալրել է իր կանոնադրական կապիտալը։ Հետևաբար՝ մեծացել է նաև սեփական կապիտալը և մոտեցել 30 մլրդ-ի շեմին։

Սակայն ինչ է կատարվում մյուս կողմից։

Քանի որ ԿԲ այս որոշումը քննադատվեց մի շարք տնտեսագետների կողմից, ԿԲ-ն, բանկերի միությունն ու որոշ խոշոր բանկերի ներկայացուցիչներ սկսեցին հայտարարել, որ խոշոր բանկերն ավելի կենսունակ են։ Նրանք ավելի լավ կարող են դիմանալ շոկերին, և այլն։ Այսինքն՝ արդարացնել իրենց որոշումը։

Հարցն այն չէ՝ նրանք ճի՞շտ են ասում, թե՞ սխալ։ Հարցն այն է, թե ինչի՞ դա կարող է բերել։

Կարող է բերել, օրինակ, նրան, որ ես՝ ունենալով հաշիվ կամ ավանդ որևէ փոքր բանկում, սկսեմ մտահոգվել։ Սկսեմ մտածել՝ եթե այս բանկը փոքր է, ուրեմն կենսունակ չէ։ Ուրեմն շոկերի և ցնցումների դեպքում կարող է լուրջ խնդիրներ ունենալ։ Կարող է անգամ «պայթել», ու ես, հնարավոր է, կորցնեմ գումարս։

Ի՞նչ եմ անում ես։ Ճիշտ է՝ հանում եմ իմ գումարները փոքր բանկից և տեղափոխում մեծ բանկ։ Ու իմ օրինակով՝ հազարավոր մարդիկ։

Արդյունքում՝ փոքր բանկերը կանգնում են լուրջ խնդիրների առաջ՝ ռեսուրսների ներգրավման առումով։ Ու ստիպված են լինում լուծարվել կամ միաձուլվել ավելի խոշորների հետ։

Այսինքն, տեղի կունենա այն, ինչի մասին խոսում է Կենտրոնական բանկը՝ բանկերի խոշորացում։ Ու այդ պրոցեսին, գիտակցաբար կամ ոչ, կմասնակցենք մենք բոլորս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս