Ադրբեջանական հասարակությունը ներսից եռալու է անորոշությունից. Արտակ Բեգլարյան

Շփման գծում հակառակորդի կողմի սադրանքների հետևանքով իրենց իսկ զոհերի և վիրավորների վերաբերյալ ադրբեջանական պաշտոնական տեղեկատվության խեղաթյուրման հետևանքների մասին ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում թողել է հետևյալ գրառումը.

«Այն, որ ադրբեջանական կողմն արդեն չորս ամիս է՝ իր կորուստների մասին պաշտոնական և փորձագիտական տեղեկատվության հոսքն արգելափակել է, միայն առաջին հայացքից կարող է իրենց օգտին լինել՝ իբր թե տպավորություն ստեղծելով, որ այնտեղ տերմինատորներ են, և կորուստներ չկան: Սակայն կարճ ժամանակահատվածում դա իրենց դեմ է դուրս գալու, քանի որ նմանատիպ փակ համակարգերում պաշտոնական և հավաստի տեղեկատվության բացակայությունը հանգեցնում է այլընտրանքային աղբյուրների զարգացմանը և նրանց նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանը:

Տեղեկատվական վակուումի և վերահսկողության այդ պայմաններում այլընտրանքային հիմնական աղբյուրը բամբասանքն է լինելու, որը գրեթե անկառավարելի միջոց է և փաստերը խեղաթյուրելու և ուռճացնելու հատկություն ունի: Արդյունքում առաջ են գալու մի շարք հետևանքներ՝

1. Սահմանի վրայի մեկ զոհի մասին լուրը կարող է հասարակության ականջն ընկնել տասնապատկված:

2. Հաղորդվող բախումների և «հայկական մեծածավալ կորուստների» ֆոնին նույնիսկ բամբասանքի բացակայության պարագայում ժողովուրդը և սովորական զինվորները հասկանալու են, որ իրենցից ինչ-որ բան են թաքցնում՝ հասարակ տրամաբանությամբ գիտակցելով, որ «մերոնք տերմինատորներ չեն և պետք է որ զոհեր ունենան»:

3. Թաքցրած ճշմարտության մասին գիտակցությունը խթանելու է երևակայության անհիմն կիրառումը, որի արդյունքում տագնապ է առաջանալու, չէ՞ որ թաքնված և անորոշ վտանգը ավելի ահավոր է ընկալվում, քան այն կարող է լինել:

4. Ադրբեջանցիների մի ստվար հատված սկսելու է որպես տեղեկատվության վստահելի աղբյուր օգտագործել հայկական պաշտոնական և լրատվական միջոցները:

Դրան հակառակ մոտեցում է որդեգրել հայկական կողմը՝ ՊՆ-ի հանդեպ բարձր մակարդակի վստահությամբ, Արծրուն Հովհաննիսյանի բաց և օպերատիվ գործելաոճով, լրատվամիջոցների ավելի պրոֆեսիոնալ, ազատ և համագործակցային աշխատանքով և մի շարք այլ առավելություններով:

Այս երկու մոտեցումների բախման արդյունքները կարող են արտաքնապես քիչ տեսանելի լինել, սակայն ադրբեջանական հասարակությունը ներսից եռալու է անորոշությունից, տագնապից, հիասթափությունից… »

Տեսանյութեր

Լրահոս