«Լարվածությունը կարող է դուրս ժայթքել՝ իշխանությունների հանդեպ հանրային զայրույթի տեսքով»
Հարցազրույց բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանի հետ
– Պարոն Մարտիրոսյան, որոշ գնահատականներով` Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը ՀՀ իշխանությունը ոչ ադեկվատ արձագանքեց: Ըստ Ձեզ` ի՞նչ էր հնարավոր անել, որ չարվեց:
– Շատ դժվար է Հայաստանի իշխանությունների գործողություններին լիարժեք ու միանշանակ գնահատական տալ: Կողքից ինձ թվում է, որ ճգնաժամային կառավարման տեսակետից սխալներ են թույլ տրվել հաղորդակցային ոլորտում: Ճգնաժամի առանձնահատկության անորոշությունն է, իսկ տվյալ դեպքում անվտանգության առումով անորոշությունը բազմապատկվում է: Անորոշության հետ մեկտեղ` մեծանում է լարվածությունը, որը կարող է դուրս ժայթքել հանրային զայրույթի տեսքով` հենց իշխանությունների հանդեպ, որոնք չեն նվազեցնում լարվածության մակարդակը: Հիմնական գործիքը հաղորդակցությունն է: Ճգնաժամի ժամանակ այն քիչ չի լինում, բայց այն պետք է լինի մտածված, պարբերական (յուրաքանչյուր ժամը կամ երկու ժամը մեկ), և ամենակարևորը՝ հետևողական ու բոլոր մակարդակներում: Այս ոլորտում միջազգային բավականին մեծ փորձ է կուտակվել, և լավագույն գործելակերպը հայտնի է: Ցավոք, իշխանությունների որոշ գործողություններ դասվում էին «ինչպես սխալ գործել ճգնաժամի ժամանակ» կատեգորիայի շարքին:
Տվյալ իրավիճակի մարտահրավերներից մեկն այն էր, որ հայկական կողմին անհրաժեշտ էր կոորդինացնել հաղորդակցությունը ռուսական կողմի հետ: Անմիջապես Ռուսաստանում հետաքրքրությունների տարբեր շրջանակ ունեցող խմբերը տարբեր կերպ կողմնորոշվեցին ողբերգության հանդեպ իրենց վերաբերմունքում և իրավազորության մասին սկզբունքային հարցում: Դրա համար փորձում էին իրենց համար ամենափոքր կորուստների ճանապարհով կասկածյալ մեղադրյալին վերցնել սեփական հսկողության տակ՝ 102-րդ ռազմաբազայի սեփական տարածքում, և դրանից հետո համաձայնության գալ հայկական կողմի հետ` ուժեղի դիրքերից: Համապատասխանաբար, կոշտ ուղղահայացի դեպքում ճգնաժամային կառավարիչներին դժվար է հաղորդակցման ժամանակ հստակ պատասխանատվություն ստանձնել:
«Շրջանակը» տեղափոխվել է մեղադրյալին հայկական կողմին հանձնելու պահանջների կողմ, իսկ այն պետք էր պահել անվտանգության կարիքների սկզբունքային հարցի վրա: Առավել ճշգրիտ գնահատականների ու ճգնաժամից դասեր քաղելու համար անհրաժեշտ է լուրջ ուսումնասիրություն: Քաղաքական կոնյունկտուրայից ելնելով` որոշ քաղաքական ուժեր միանշանակ օգտագործելու են իշխանության սխալները, որպեսզի քննարկում ծավալեն, թե ով է մեղավոր՝ հենց իշխանությունների դեմ: Նրանք մեծ պատասխանատվություն են կրում, բայց այդ պատասխանատվությունը բոլորինն է, այդ թվում՝ ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակության ակտիվիստներինը:
– Տարբեր վարկածներ են շրջանառվում տարբեր ուժերի (Արևմուտքի, թուրքական) հետ մեղադրյալի համագործակցության մասին: Դուք ի՞նչ կարծիք ունեք, որքանո՞վ է հավանական, որ այս հանցագործությունը հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու նպատակ է հետապնդել:
– Ճգնաժամի և բարձր անորոշության պայմաններում մարդուն բնորոշ է` տեղի ունեցածի համար բացատրություն փնտրել: Մենք զարգացել ենք նրա շնորհիվ, որ մյուսներից ավելի լավ ենք կարողանում հարմարվել, ինչն առաջին հերթին` վտանգներում արագ կողմնորոշվելու և ճգնաժամից ճիշտ դասեր քաղելու ունակությունն է: Երբ տեղեկատվությունը բավարար չէ, իսկ վտանգն էքզիստենցիալ է, դավադրության ավանդույթներով մշակույթներում հայտնվում են ամենատարբեր մեկնաբանություններ:
Նման միտումների սպառնալիքն այն է, որ կորսվում է ճգնաժամի կառավարելիությունը, իսկ հանրությունը տեղափոխվում է փոխադարձ մեղադրանքների, խաղերի մակարդակ: Տվյալ իրավիճակում, երբ աննախադեպ դաժանությամբ գործողությունների դրդապատճառները հասկանալի չեն, երբ մեղադրյալի առաջին ցուցմունքները պատասխան չեն տալիս հարցին, թե ի՞նչ է տեղի ունեցել, բոլոր վարկածները, այդ թվում` արտաքին մանիպուլյացիաների ու ներգրավվածության, չեն կարող միանշանակ բացառվել:
Դիլեման այն է, որ իշխանությունների ու հետաքննության հանդեպ անվստահության պայմաններում ժողովուրդն ինքն է սկսում սեփական վարկածներ ստեղծել, բայց արդեն դավադրության տեսությունների տեսքով, որն ամեն ինչ դիտարկում է մեկ հարցի ներքո՝ ո՞ւմ է դա ձեռնտու (cui bono):
Որպես արհեստավարժ` ես հասկանում եմ, որ հարկավոր է ձեռնպահ մնալ եզրակացություններից, քանի դեռ հետաքննությունը չի առաջարկել հիմնական վարկած, բայց ես նաև գիտեմ, որ մեր մշակույթում անգամ առավել բարդ իրադրությունների դեպքում դավադրության տեսությունները կարող են երկար ժամանակ ղեկավարել ուղեղները: Եվ այս գործընթացը հարկավոր է ղեկավարել նույն հաղորդակցային գործիքներով, հասկանալով, որ բացառելն անհնար է, բայց և ինքնահոսի թողնելը ճիշտ չէ: Շրջանակը պետք է սեփական ուժերով պահել: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սադրիչ գործողություն հանգեցնում է շրջանակը դեպի դավադրությունների տեսության կողմ տեղաշարժմանը:
Ոչ մեկը չի այրել ռուսական դրոշը բողոքի ակցիայի ժամանակ, եղել է փորձ, որը կանխվել է, իսկ քննարկումն արդեն թեքվեց դեպի ռուսական նախապաշարմունքի հաստատում՝ «հինգերորդ շարասյունը» Հայաստանում ակտիվացվել է հակառուսականության սրման համար: Իհարկե, դա այդպես չէ: Բայց ես հենց դրանով եմ բացատրում ռուսական կողմի արձագանքի դանդաղումը: Նրանք գտնվում էին, իսկ ոմանք դեռ գտնվում են ուկրաինական պարադիգմայի գերության մեջ: Ռուսական ասացվածքն ասում է` «обжегшись на молоке, дуют на воду»: Հայաստանի ազգային շահերից ելնելով` քննարկումները դեպի հակառուսական դրսևորումների կողմ տանելն աններելի սխալ կլիներ, որն առաջ կմղեր որոշակի արտաքին ուժերի շահերը:
Արտաքին դավադրության բացակայությունը չի նշանակում, որ արտաքին ուժերը չեն հետևում տեղի ունեցողին և չեն փորձի օգտվել ճգնաժամի ընձեռած հնարավորություններից: Որքան էլ դժվար լինի, ռացիոնալ մոտեցումը պետք է գերակայի ողբերգության անպատասխանատու զգացմունքային քաղաքականացման հանդեպ: Ուկրաինական սխալները կրկնելու ոչ մի անհրաժեշտություն չկա: Սակայն դրա համար հարկավոր է, որ իրականացվելիք քայլերը հայկական ու ռուսական կողմերը նախաձեռնեն գործընկերային ոգով, այլ ոչ թե կենտրոնակայանի ու գաղութի, ինչպես որոշ գործողություններ այժմ ընկալվում են:
– ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո հայտարարվեց, որ հրապարակային դատական գործընթացն անցկացվելու է Հայաստանում (ռազմաբազան էլ է գտնվում հայկական տարածքում, այնտեղ նաև կա ռուսական դատարան): Ըստ Ձեզ՝ արդյոք սա բավարա՞ր է հանրության բարկությունը մեղմելու, վիշտը սփոփելու համար, հատկապես 7-րդ զոհի` 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի մահից հետո:
– Այդ որոշմանը կողմերը շատ երկար ժամանակամիջոցում հանգեցին, իսկ ճգնաժամի դեպքում ժամանակը ոսկի է: Ժամանակի կորուստը թույլ տվեց հստակ որոշման հարցում ամրապնդել դիրքորոշումները:
Դիրքորոշումը սովորաբար սեփական շահերի համաձայն խնդրի լուծման մի եղանակ է` առանց հաշվի առնելու մյուս կողմի շահերը: Կողմերի դիրքորոշումն է` մեղադրյալին փոխանցել (հայկական կողմ) և չփոխանցել (ռուսական կողմ): Ընդ որում, ինչպես նշեցի վերևում, ռուսական կողմը հստակ քայլեր էր ձեռնարկել այդ դիրքորոշումը՝ կասկածյալին ռուսական ռազմաբազայի ղեկավարությանը հանձնելու հետ միավորելու համար, որպեսզի արդեն այդ դիրքերից սակարկի: Սակայն բանակցությունները երկարատև ու ռազմավարական գործընկերների միջև չեն կարող ընթանալ սակարկության ռեժիմով, քանի որ այն հանգեցնում է վստահության կորստի ու բացասաբար է անդրադառնում հարաբերությունների վրա: Անհրաժեշտ էր բանակցություններն ուղղել կողմերի շահերի հանդեպ հարգալից հունով: Հայկական կողմի հետաքրքրությունը ոչ թե Լինչի դատաստանի մեջ է, և ոչ նույնիսկ դատի անցկացման վայրի մեջ, այն նրանում, որ դա լինի օբյեկտիվ, թափանցիկ գործընթաց, որպեսզի տվյալ հանցագործության մեջ բոլոր մեղավորներն օրենքի ողջ խստությամբ արդար պատիժ ստանան:
Այդ հետաքրքրությունը հիմնված է ենթագիտակցային ավելի ուժեղ և էքզիստենցիալ շահի, անվտանգության անհրաժեշտության, համանման դեպքերից խուսափելու համար միջոցներ ձեռնարկելու վրա: Վերջինը նաև ռուսական կողմի շահերից է բխում:
Սակայն ռուսական կողմի «չհանձնել» դիրքորոշման հիմնական հետաքրքրությունն ունի իմիջային («Ռուսաստանը գերտերություն է, իսկ գերտերությունները չեն հանձնում իրենց զինծառայողներինգ») և/կամ վեճը տանից չհանելու բնույթ: Այդ հետաքրքրությունները ճիշտ հասկանալու դեպքում լուծումների տարբերակները կարող են շատ լինել: Թե ինչպես հայ հանրությունը կարձագանքի տվյալ «փոխզիջումային» որոշմանը, որ հրապարակեցին ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Բաստրիկինը և ՀՀ նախագահ Սարգսյանը, ես հստակ չեմ կարող ասել:
Դա կախված կլինի նրանից, թե իշխանությունների կողմից այդ որոշման իմաստն ինչպես կզուգակցվի և կհամապատասխանի հայկական կողմի շահերին: Միաժամանակ պետք է հասկանալ, որ կա որոշակի խումբ, որը ցանկացած որոշում սվիններով կընդունի, կքաղաքականացնի` ելնելով սեփական խմբային շահերից: Հարցն այն է, որ այդ որոշման հանդեպ բնակչության մեծամասնության վերաբերմունքն ուղղակիորեն կախված է հայկական իշխանության ու ընդդիմության հաղորդակցային հնարավորություններից:
– Ինչպե՞ս եք գնահատում դեպքերին ՌԴ նախագահ Պուտինի արձագանքը, արդյոք այն հարի՞ր է ռազմավարական դաշնակցին:
– Տվյալների շատ համեստ առկայության պատճառով ես կարող եմ տալ միայն շատ նախնական գնահատականներ: Ռուսական կողմը որոշել էր դադար վերցնել, և նա կարող էր իրեն թույլ տալ դա, հայկական կողմի դեպքում դադարն ուժգնացնում էր ճգնաժամը նաև ռուսական հիմնական հեռուստաալիքներում «ռադիո լռությամբ»: Ցավակցություններ հղվեցին առանցքային՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով, և թող սպասեն: Սակայն իրավիճակում կողմնորոշվելու, «խաղը կարդալու» համար ավելի երկար ժամանակ ծախսվեց, քան դա պահանջում է ճգնաժամային կառավարումը:
Բայց ճգնաժամը բուն Ռուսաստանում չէ, և դրա համար կշռադատում էին բոլոր «թեր» և «դեմ» կողմերը, այդ թվում` տարբեր խմբերի շահերը: Նաև հարկավոր է գիտակցել, որ այդ որոշումը նա պետք է ընդուներ Ուկրաինայի հետ հարաբերություններում դաժանագույն ճգնաժամի պայմաններում, երբ քաղաքական էլիտայի և փորձագիտական հանրության շրջանում առկա է «մայդանի», գունավոր հեղափոխությունների ամերիկյան քաղտեխնոլոգիաների նախապաշարմունք: Անխոս, ճգնաժամի առաջին իսկ օրը ամենաբարձր մակարդակով հայտնած ցավակցությունները կչեզոքացնեին ավելորդ լարվածությունը: Բայց դա անելու համար Պուտինին հարկավոր էր հստակ պատկեր, գործընթացի լուծում, ինչպես նաև` այդ որոշմանը հանրային կարծիքի նախապատրաստում: Ներկայումս կողմերի շահերը պետք է հանգեն մանրակրկիտ, արդար, թափանցիկ հետաքննության իրականացմանը, և հայկական կողմն ունի նախագահ Պուտինի պարտավորվածությունը, որ դա այդպես էլ կլինի: Մեծամասամբ դրանից է կախված ճգնաժամից հետո հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը:
Մենք բոլորս պարտք ունենք Ավետիսյանների ընտանիքին: Նրանց հիշատակը պահանջում է, որ ողջ մնացածները ճիշտ դասեր քաղեն ողբերգությունից: