Արևմուտքը շուտով հարկադրված կլինի որոշել, թե որքան արժի Ուկրաինան. The Economist
2015 թվականի հունվարի 17-ին բրիտանական The Economist թերթում հրապարակվել է «Առանց Արևմուտքի օգնության, Ուկրաինային սպառնում է դեֆոլթ» խորագրով հոդվածը, որում նշված է.
«Ուկրաինական էկոնոմիկան ուրախությամբ իր հիշողությունից կհաներ 2014 թվականը: Սակայն 2015 թվականը չի լինի ավելի լավ. Ուկրաինայի ՀՆԱ-ն շարունակվելու է կրճատվել: Գազի վճարը, պաշտպանության ծախսերը և գրիվնային աջակցելը ամայեցրել են կառավարության պաշարները:
Դեկտեմբերին Ուկրաինայի արժութային ռեզերվները կրճատվել են մեկ քառորդով, և մնացել է ընդամենը 7.5 միլիարդ դոլար, ինչը հնարավորություն է տալիս ներկրումն ապահովել ընդամենը հինգ շաբաթում:
Կենտրոնական բանկի ղեկավարն արդեն իսկ խոսում է «լայնամասշտաբ ֆինանսական ճգնաժամի» մասին: 2015 թվականին Ուկրաինային անհրաժեշտ կլինի մարել մոտ 11 միլիարդ դոլարի պարտքը:
Դրանում ներառվել են Ռուսաստանի գնած 3 միլիարդ դոլարի եվրոպարտատոմսերը, որոնց մարման ժամկետն ավարտվում է 2015 թվականի դեկտեմբերին, սակայն Ռուսաստանը կարող է պահանջել դրանց վաղաժամ մարում, եթե ուկրաինական պետական պարտքը գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը:
Պարտատոմսերի տոկոսադրույքները կտրուկ աճում են. Moody’s վարկանիշային գործակալությունը կարծում է, որ Ուկրաինայում դեֆոլթի հավանականությունը «չափազանց բարձր» է: Պաշտոնական վիճակագրությունը դեռ չի հրապարակվել, սակայն պետպարտքը, ամենայն հավանականությամբ, արդեն իսկ գերազանցել է ՀՆԱ-ի 60 տոկոսը:
Ռուսաստանը հայտարարում է, որ չի ցանկանում, որպեսզի Ուկրաինան հայտարարի դեֆոլթ: Եթե Ռուսաստանը պնդի եվրապարտատոմսերի վաղաժամ մարումը, ապա մյուս վարկատուները նույնպես կարող են հետևել նրա օրինակին: Սպառնալիքները բանակցություններ վարելու գործընթացում Կրեմլի արդյունավետ գործիքն են:
Ամեն դեպքում Ուկրաինան կարիք ունի հավելյալ օգնություն: ԵՄ-ը նրան կհատկացնի 1.8 միլիարդ եվրո (2.1 միլիարդ դոլար), իսկ Ամերիկան խոստանում է նրան հատկացնել 2 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ փորձագետների գնահատմամբ այս տարի Ուկրաինային կպահանջվի նվազագույնը 15 միլիարդ դոլար, որպեսզի փակի ֆինանսական ճեղքը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խոսքերով` երկրի արևելքի պատերազմի վրա օրական ծախսվում է 10 միլիոն դոլար: Եվ իրավիճակը շարունակում է թեժանալ այնտեղ. այս շաբաթ Դոնեցկի մոտ ավտոբուսի գնդակոծության հետևանքով զոհվել է 12 մարդ:
Արևմուտքի կողմից հավելյալ օգնություն ցուցաբերելու ցանկություն չունենալն արտացոլում է բարեփոխումներ անցկացնելու հարցում ուկրաինական նոր կառավարության անկանոն փորձերից նրա աճող հիասթափության արտացոլումը:
Հոկտեմբերյան ընտրություններից հետո ուկրաինացի քաղաքական գործիչներից պահանջվել է մեկ ամիս, որպեսզի ձևավորվի կոալիցիոն կառավարություն, ինչը Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) հարկադրեց կասեցնել ֆինանսական օգնություն ցուցաբերելու ծրագիրը:
Ուկրաինային հաջողվել է հասնել որոշակի հաջողությունների, այդ թվում նաև պարզեցնել հարկային օրենսգիրքը: Սակայն էներգետիկ ոլորտում դեռ չի կատարվել որևէ բարեփոխում: 2015 թվականի բյուջեն ընդունվել է միայն դեկտեմբերի 29-ին` առավոտյան ժամը 4:30-ին:
Ներկայումս ԱՄՀ-ի ներկայացուցիչները վերադարձել են Կիև` փորձելու համար վերականգնել իր ծրագիրը: Դեֆոլթն ուկրաինացիներին կզրկի նոր կառավարության հանդեպ հավատից և արժութային շուկաներում կհանգեցնի հերթական փոթորկի:
Ֆինանսիստ Ջորջ Սորոսը կարծում է, որ անհրաժեշտ է Ուկրաինային ցուցաբերել օգնություն` չսպասելով բարեփոխումների անցկացմանը, և որ դրա ծավալը պետք է կազմի 50 միլիարդ դոլար: Արևմուտքին, հազիվ թե, հաջողվի հավաքել այդքան գումար, սակայն պարոն Սորոսը բարձրացնում է Ուկրաինայի նշանակության հարցը:
Ուկրաինայի կրախը կդառնա պարոն Պուտինի այն հայտարարության հաստատումը, որ Արևմուտքի խոստումները որևէ բան չեն նշանակում, և որ հետխորհրդային աշխարհում գրանցվող փոփոխությունները միայն ցավ են պատճառում: Հնարավոր է` Արևմուտքը շուտով հարկադրված կլինի որոշել, թե որքան արժի Ուկրաինան»: