«Բացի «բեսպրեդել մարդաորսից»՝ այլ անվանում չեմ կարող տալ դրան». Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօրվա քննարկման ժամամանակ, խոսելով Գյումրիում երեկ տեղի ունեցած դեպքերի մասին ասաց, որ հասարակության դժգոհությունը մի քանի բաղադրիչ ունի. «Գյումրեցիրները ցնցված են սպանությունից, արթնացել է գյումրեցու արժանապատվությունը, և նրանց համար կասկածելի է այդ կասկածյալին ռուսական բազայի տարածքում պահելը: Իմ կարծիքով՝ գյումրեցիները կասկածում են՝ նա կենթարկվի՞ պատասխանատվության, թե՞ ոչ, նաև կասկածում են՝ Հայաստանից դուրս արդարադատությանը: Իսկ Հայաստանի հասարակության մեծ մասի համար առաջնայինը Հայաստանի պատիվը պահելն է: Հայաստանը ամեն տեղ զիջելով հասել է այն աստիճանի, որ արդեն արդարադատությունն է զիջում: Ինձ համար անհասկանալի է՝ ռուս սահմանապահի, զինվորականի հետ համագործակցելը: Տեղի է ունեցել ծանր հանցագործություն և Հայաստանի իրավապահ մարմինների պարտականությունն է բացահայտել դա: Սահմանը Հայաստանի տարածք է և սահմանապահները պարտավոր էին կասկածյալին հանձնել Հայաստանի իրավապահներին: Այս ամենը ցույց են տալիս, որ քաղաքական որոշում է կայացվել՝ կասկածյալին հանձնել Ռուսաստանի իրավասության տակ»:
Ըստ նրա՝ հետաքրքիրն այն է, որ հայ հասարակության ակտիվ մասը, որը ոտքի էր կանգնել, Հայաստանի արդարադատությանն առանձնապես չի հավատում, բայց սա այն դեպքն էր, երբ նրանք ոտքի կանգնեցին ՀՀ արժանապատվությունը պահելու համար. «Այն ինչ չի անում Հայաստանի իշխանությունը, արեց Հայաստանի հանրությունը»:
Բանախոսը մանրամասներ ներկայացրեց նաև երեկ Երևանում տեղի ունեցած դեպքերի մասին. «Երեկ Ռուսաստանի դեսպանատան առաջ շատ խաղաղ ցույց էր, մոտ 300 հոգի մարդ կլիներ հավաքված, որևէ հակառուսական (որից վախենում են իշխանությունները) կամ ինչ-ինչ կոչեր չէին արվում, երգում էին «Մեր հայրենիք»-ը և «Ազա՛տ, անկա՛խ Հայաստա՜ն» էին գոչում: Հանկարծ ոստիկանությունը առանց զգուշացման սկսեց ուժեղ ճնշում սկսեց գործադրել, Տիգրան Խզմալյանին էլ գողանալ ու տանել: Դրանից հետո դատախազության առաջ եղավ ցույց: Իսկ երեկոյան, երբ Ազատության հրապարակում աջակցության հավաք էր, երևի մի 100 հոգի մարդ կլիներ հավաքված, որոնցից մի քանիսը Հայաստանի դրոշով էին: Համակարգիչը միացրած նայում էին Գյումրիի դեպքերը և խաղաղ զրուցում էին: Հանկարծ քաղաքացիական հագուստով տասնյակ մարդիկ ներխուժեցին հրապարակ և ամենակոպիտ ձևով ձերբակալեցին «Հայաստանի Հանրապետությանը», այսինքն՝ դրոշ բռնողներին: Հետո սկսվեց իրարանցում ու սկսեցին աջուձախ տանել: Բացի «բեսպրեդել մարդաորսից» այլ անվանում չեմ կարող տալ դրան: Հայաստանում ընդունված «Խաղաղ հավաքների օրենք»-ը Եվրոպայում ընդունված լավագույն օրենքներից, իսկ այստեղ այն չի գործում»: