Փաստաբան. Գյումրիի սպանության գործի քննությունը պետք է իրականացներ Հայաստանը

Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության գործի քննությունը պետք է իրականացներ Հայաստանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ վկայակոչելով իրավական այն նորմերը, որոնցով, ըստ նրա՝ կարգավորվում է այս հարցը։ Նրա խոսքով՝ այս հարցը կարգավորված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995 և 1997 թվականների կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով։ Նա ասաց, որ այդ համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունները ենթակա են Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների քննությանը՝ հայաստանյան օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ըստ փաստաբանի ՀՀ և ՌԴ միջև կնքված այս համաձայնագրի 5-րդ հոդվածով էլ սահմանվում են այն դեպքերը, երբ գործի քննությունը պետք է կատարվի Ռուսաստանի կողմից, սակայն համաձայնագրով ամրագրված բացառություններից որևէ մեկը այս ողբերգության դեպքին չի առնչվում։ Փաստաբան Նորայր Նորիկյանն ասաց, որ փաստորեն այս պահին այս գործով ավարտվել է իրավաբանությունը և սկսվել է քաղաքական որոշման արդյունքում իրավական սպեկուլյացիայի փուլը, որի մեկնարկը տրվել է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից երեկ տարածված հաղորդագրությամբ։

Նշենք, որ այդ հաղորդագրության համաձայն՝ Գյումրիում 6 անձանց սպանության գործով ենթադրյալ կասկածյալ Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու խնդիր չի առաջանում, քանի որ Ռուսաստանի Դաշնության համապատասխան օրենքի 61-րդ հոդվածի համաձայն՝ ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության։

Փաստաբան Նորայր Նորիկյանի համար այդ հայտարարությունը բավական անսպասելի է և անընդունելի։ Փաստաբանը ասաց, որ հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքով։

Ըստ նրա՝ այդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքում կատարված է համարվում այն հանցագործությունը, որը սկսվել, շարունակվել կամ ավարտվել է ՀՀ տարածքում. «Բոլորս հասկանում ենք, որ այս հանցագործությունը սկսվել, շարունակվել և, ցավոք սրտի, ավարտվել է ՀՀ տարածքում։

Հարց. Ի՞նչ կապ ունի՞ և ինչ իրավազորություն ունի անկախ և ինքնիշխան ՀՀ տարածքում ՌԴ սահամանադրությունը և նրա 61-րդ հոդվածը։

Հարց. Ո՞ր իրավական հիմքով էին ռուսական ռազմաբազայի զինծառայողները զինված շրջում ՀՀ տարածք հանդիսացող Գյումրի քաղաքում և «որոնում» հանցագործությունը կատարող անձին։

Հարց. Ո՞ր իրավական հիմքով է հանցագործության մեջ կասկածվող անձը հայտնաբերումից հետո տեղափոխվել ռուսական ռազմաբազա։

Այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքի վրա. «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ սահմանապահ զորքերն իրավունք ունեն հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալված անձանց. իրավասու մարմինների քննությանը ենթակա անձանց պահել սահմանապահ զորքերի հատուկ սարքավորված տեղերում, անհրաժեշտության դեպքում այդ անձինք կարող են տարվել Ազգային անվտանգության և Ներքին գործերի մարմինների ժամանակավոր պահման մեկուսարաններում։ Նույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված է, որ սահմանապահների կողմից իրենց պարտականնությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, նրանք ենթարկվում են պատասխանատվության ՀՀ օրենքով սահմանված կարգով։

Հարց. Ինչո՞ւ է ենթադրյալ կասկածյալը կամ հանցագործը հայտնաբերվելուց հետո անմիջապես տարվել ռուսական բազա, ինչո՞ւ չի պատվել նշված հարմարեցված շինություններով կամ հանձնվել ՀՀ Ազգային անվտաննգությանը կամ Ոստիկանությանը։

Հարց. ՀՀ իրավապահ մարմիններին ե՞րբ են տեղեկացրել կասկածյալի հայտնաբերման մասին։ Եթե հարցը գտնվում է ՌԴ իրավազորության ներքո, ինչպես պնդում է ՀՀ գլխավոր դատախազությունը, այդ դեպքում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերի քննության վարչությունում հարուցված քրեական գործի հետագա ճակատագիրը ի՞նչ իրավական ելք է ունենալու։

Այդ վարչությունում հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացնող քննիչը այդ ո՞ր իրավական նորմերով առաջնորդվելով պետք է գործի հետագա ընթացքը փոխանցի ՌԴ իրավական մարմիններին»,- ասաց փաստաբանը՝ հարց հնչեցնելով, թե ինչո՞վ է պայմանավորված ՌԴ իշխանությունների հետաքրքրվածությունը քրեական գործի հետագա ընթացքը իրենց իրավասության տակ վերցնելու տեսանկյունից։

Փաստաբանը նշեց, որ կասկածելի է ոչ միայն ռուսական կողմի հիպեր շահագրգռվածությունը, այնպես էլ՝ հայկական կողմի հիպերլռությունը ռուսական կողմի նախանձախնդրությանը։

Փաստաբանը նշեց, որ ինքը որոշ ժամանակ առաջ ներկայացրել է ռուսական ռազմաբազայի մաս կազմող անձանցից մեկի շահերը. խոսքը վերաբերում է ավտովթարի դեպքով հարուցված քրեական գործին, որով նախաքննությունը իրականացվել է Հայաստանի իրավապահ մարմինների կողմից և որով ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է դատավճիռ. հանցագործությունը կատարվել էր ՀՀ տարածքում։

Փաստաբանը հարց հնչեցրեց, թե ինչո՞վ է պայմանավորված այս տարբերակումը, որ մի դեպքում՝ ռուսական ռազմաբազայի ծառայողի դեպքում գործում է ՀՀ օրենսդրությունը, մյուս դեպքում՝ ՌԴ-ինը. պատասխանը մեկն է. իմ կարծիքով նշված որոշումը, ցավոք սրտի, ընդունվել է ՀՀ տարածքից դուրս, որ այս գործի հետագա նախաքննությունը պետք է իրականացվի, համենայնդեպս, ոչ ՀՀ իրավասու մարմինների կողմից։

Ցավոք սրտի, մեր պետությունը ի զորու չէ շրջանցելու այս որոշումը, իսկ դա նշանակում է, որ վտանգված է ՀՀ սահմանադրության առաջին հոդվածը՝ ինքնիշխանության առումով։

Այն հարցին, թե ի՞նչ տարբերություն՝ որտեղ կքննվի քրեական գործը, փաստաբանը պատասխանեց, որ ինքնիշխան ՀՀ-ում պետք է գործեն Հայաստանի օրենքները և Սահմանադրությունը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս