102-րդ ռազմաբազան՝ անվտանգության երաշխավորի փոխարեն, վտանգի աղբյուր. քաղաքագետները գնահատում են դրանից հրաժարվելու նպատակահարմարությունը
Նախօրեին Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի սեփական տներից մեկում 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կատարած ոճրագործությունը, բացի զգացմունքային գնահատականներից, քաղաքական պահանջներ է բարձրացրել հասարակության շրջանում:
Այսօր ՌԴ դեսպանատան մոտ հավաքված մի խումբ ակտիվիստներ պաշտոնական Մոսկվայից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ոչ միայն պարզաբանումներ են պահանջում տեղի ունեցածի առնչությամբ, այլև պահանջում են Հայաստանից դուրս բերել ռուսական ռազմաբազաները: Առցանց ստորագրահավաքների միջոցով ևս պահանջներ են հնչում՝ ռազմաբազան հեռացնել Հայաստանից, թեև իշխող Հանրապետական կուսակցությունն անիմաստ է համարում առանձնացնել Գյումրիի ողբերգությունն ու այդ հիմքով քննարկել Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման նպատակահարմարությունն ու կարևորությունը։
Սակայն Գյումրիում տեղի ունեցածը ռուսական ռազմաբազայի հետ կապված առաջին ողբերգական դեպքը չէ, այն երրորդն է` 1999 և 2013թթ. ողբերգական դեպքերից հետո, որոնք, փաստորեն, սթափեցնող գործոններ չեն հանդիսացել ռազմաբազայի ղեկավարության համար: Ավելին, ռուսաստանցի որոշ փորձագետների կարծիքով, պետք է լրջորեն վերլուծել և հասկանալ, թե ինչպես կարելի է կազմակերպել քաղաքացիական կյանքը ռազմաբազայի շուրջ, և ոչ ռազմաբազայի կյանքը՝ բնակչության հարևանությամբ:
Ի դեպ, Հայաստանում ռուսական ռազմական բազաները Գյումրիում տեղակայվել են 1995թ., ապա դրանց տեղակայման ժամկետը երկարաձգվել է մինչև 2044 թվականը, որի արդյունքում Ռուսաստանը, բացի իր շահերի պաշպանությունից, պարտավորվել է Հայաստանի զինված ուժերի հետ համագործակցությամբ՝ ապահովել նաև Հայաստանի անվտանգությունը:
Սակայն Ռուսաստանի տրամադրած անվտանգության երաշխիքները և ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի գործունեությունը շրջանցում են ԼՂ հակամարտությունը, և հայաստանյան քաղաքական վերլուծաբանների կարծիքով՝ անհասկանալի է նույնիսկ, թե ինչ դերակատարություն է վերապահված այդ ռազմաբազային: Ավելին, նրանք ակնարկում են, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան անվտանգության խնդիրը լուծելու փոխարեն՝ դարձել է սպառնալիքի աղբյուր:
168.am-ի հետ զրույցում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանն ասաց, թե դեռ երբեք այս տարիների ընթացքում չի նկատել, որ ռազմաբազաներն ապահովում են ՀՀ անվտանգությունը, առավել ևս՝ պաշտպանում ՀՀ սահմանը: Թեև, ըստ նրա, չի տեսել նաև, որ ՀՀ իշխանություններն ապահովեն Հայաստանի անվտանգության հնարավորինս բարձր մակարդակը, որպեսզի երբևիցե որևէ դաշնակցի կարիք չլինի:
«Այս պահի դրությամբ ռազմաբազայից հրաժարվելու մասին հայտարարությունները զգացմունքային են, որքան էլ որ իրենց հիմքում ունենան անցյալի դիտարկումներ, թե ռուսական ռազմաբազան չի պաշտպանել ՀՀ սահմանները: Այնուամենայնիվ, չեմ տեսնում, որ տեղի ունեցած միջադեպը բավարար է ռազմաբազայից հրաժարվելու խնդիրը լուծելու համար»,- ասաց Սաֆարյանը: Վերջինս նաև նշեց, որ այդ ռազմաբազան հնարավորինս քիչ հոգս կպատճառի, եթե կանգնած լինի սահմանին ադրբեջանական դիվերսիաները հետ մղելու և ոչ թե՝ Գյումրիում խաղաղ կյանք վարելու համար:
168.am-ի հետ զրույցում «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը նշեց, որ հանրության կողմից նման պահանջները բնական են, որովհետև տեղի է ունեցել արտասովոր ողբերգություն, և այն պետք է բացահայտվի, քանի որ տեղի ունեցածի իմաստը պարզ չէ, իրական պատճառը որևէ մեկը չի հասկանում, ուստի խորը քննություն է հարկավոր:
«Եթե բացահայտվի, ապա ավելի կոնկրետ կարելի է խոսել՝ պատահականությո՞ւն է կապված մեկ անձի հետ, թե՞ մեկ այլ բան է: Ամենաէականը դա է: Դրանից հետո կարելի է խոսել՝ ինչպես վերաբերվել այս երևույթին:
Միջադեպեր անընդհատ եղել են ու, բնականաբար, նման պահանջներ, մտավախություններ անընդհատ բարձրանալու են, և ոչ ոք ոչինչ չի կարող անել դրա դեմ, քանի որ որևէ մեկը լրջորեն չի հասկանում այդ ռազմաբազայի դերը, իբրև թե բազան պաշտպանում է, բայց Ռուսաստանն Ադրբեջանին զինում է, լուրջ խնդիրներ են, և պետք է քննարկվեն: Պետք է քննարկել, թե որքանով է այդ համագործակցությունը համապատասխանում ՀՀ շահերին այս նոր իրավիճակում: Պետք է հասկանալ, ի վերջո, ինչպես պետք է դասավորվի ապագան: Բազայի կյանքն այնպես պետք է կազմակերպվի, որ այն վտանգ չներկայացնի, թեև դրանք այն խնդիրներն են, որոնք ի սկզբանե խնդիր չպետք է լինեին: Բայց խնդիրը միայն դա չէ, շատ հարցեր կան, որոնք պետք է պատասխան ստանան»,- ասաց Մանվել Սարգսյանը: