Բաժիններ՝

Երեք գերտերությունների երկուսուկես ճգնաժամը 2014 թվականին. Huantsyu shibao

Չինական Huantsyu shibao թերթում հրապարակվել է Դայ Սյուի «Երեք գերտերությունների երկուսուկես ճգնաժամը» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Աշխարհում իշխում են գերտերությունները, որոնք դարեր շարունակ խաղում են միմյանց և մյուս երկրների հետ: Դրա համար էլ մարդկության պատմությունը հարուստ է տարբեր իրադարձություններով: Որպես օրինակ վերցնենք 2014 թվականը. այդ թվականին տեղի ունեցան այսպես կոչված «երեք գերտերությունների երկուսուկես ճգնաժամները»` Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը, ԱՄՆ-ի ռազմական ճգնաժամը և Չինաստանի քաղաքական ճգնաժամը, որը մենք համարում ենք կես:

Ռուսաստանի և Ուկրաինայի ճգնաժամը – ԽՍՀՄ փլուզման հետևանք

Ռուսատանի ճգնաժամը ուղիղ կապված է Ուկրաինայի նախորդ տարվա դեպքերի հետ: Այդ ամենը Խորհրդային միության փլուզման ձնահյուսային էֆեկտ է: Ռուսները հուսով էին, որ ԱՄՆ-ը ու Եվրոպան կընդունեն իրենց, մինչդեռ փոխարենը ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն շարունակեցին ընդլայնումը դեպի արևելք:

Չեչենական արյունալի պատերազմը, 2008 և 2013 թվականների լարված իրավիճակը, «գունավոր հեղափոխությունները» Ռուսաստանին հարկադրեցին արթնանալ քնից. ԽՍՀՄ-ը արդեն իսկ մասնատվել էր, եկել էր նաև իր հերթը:

Վլադիմիր Պուտինը իր նախագահական երկրորդ ժամկետում դեն նետեց ԱՄՆ-ի հետ կապված բոլոր պատրանքները: Ռուսաստանն արտաքին քաղաքականությունում սկսեց առաջնորդվել «յուրաքանչյուր գործողությանը կա հակազդեցություն» սկզբունքով, իսկ երկրի ներսում անհրաժեշտ էր պայքարել այսպես կոչված «հինգերորդ շարասյան» քայքայիչ գործողությունների դեմ:

Իրականացվեց կազմակերպությունների «մաքրում», որոնցում կարող էին աշխատել օտար գործակալները, վերակազմակերպվեցին արևմտամետ ԶԼՄ-ները: Դրվեց երկարաժամկետ, կայուն, գաղափարական և քաղաքական ռեժիմի հիմքը:

Թեև 2014-ի դեկտեմբերի 30-ին ԱՄՆ-ը Մոսկվայի դեպքերի կապակցությամբ աղմուկ բարձրացրեց մի շարք սոցցանցերում, նրա հույսերը, սակայն, չարդարացան: Մոսկվան Կիևը չէ:

Հայտնվելով այնպիսի իրավիճակում, երբ զենքով չես օգնի գործին, իսկ բառերով հարձակվելն արդեն իսկ չի գործում` Ամերիկան որոշեց գնալ երբեմնի փորձված ճանապարհով. ստեղծել էներգետիկ և ֆինանսական ճգնաժամ: Եվ, իսկապես, Ռուսաստանը, որի տնտեսությունը բավական թույլ էր, հայտնվեց հարվածի տակ:

Չինաստանի տեսանկյունից` ԽՍՀՄ-ի փլուզումը և Ռուսաստանի դժվարությունները ցույց տվեցին, որ ոչ բոլոր երկրներն են ցանկանում խաղաղություն: Ռազմական ոչնչացմանը փոխարինելու եկան քաղաքական և տնտեսական միջոցները:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը նվաճելու ուղղությամբ ԱՄՆ-ի հիմնական ռազմավարությունը դարձել է մշակութային իմպերիալիզմը, տնտեսականն ու ռազմականը մղվել են երկրորդ պլան:

Տվյալ ռազմավարության առաջին ավարը դարձավ Խորհրդային միությունը, ապա` Մերձավոր Արևելքը, Միջին Ասիան: Ամերիկան ցանկանում է, որ Ռուսաստանի ազդեցությունը հասնի նվազագույնի տվյալ տարածաշրջանում:

Occupy central – չհաջողված կես ճգնաժամը

Հոնգկոնգում տեղի ունեցած «անձրևանոցների հեղափոխությունը», նույն ինքը` Occupy central ակցիան, հակաչինական կամպանիա էր, որն Արևմուտքի կողմից պլանավորվել էր երեք տարվա ընթացքում:

Սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ը որոշեց բորբոքել «գունավոր հեղափոխությունների» կրակ, որի եզրափակիչը պետք է դառնար Չինաստանի «դիակիզումը»:

21-րդ դարում Պեկինի ու Վաշինգտոնի միջև ռազմական խաղերը կենտրոնացած են «կրակ» բառի վրա. Չինաստանը կա´մ պետք է հայտնվի կրակի բոցերի մեջ, կա´մ էլ կհանգցնի այդ հրդեհը:

Ինչո՞ւ են Occupy central ապօրինի ակցիան անվանում  Չինաստանի կես քաղաքական ճգնաժամ: Մենք ասում ենք «քաղաքական ճգնաժամ», որովհետև այդ հասկացությունն ուղիղ կերպով կապված է գերտերությունների վարած քաղաքականության հետ: Եվ դա չափազանց կարևոր է:

Այդօրինակ «հեղափոխությունները» կարող են դառնալ Չինաստանի զարգացման գլխավոր սպառնալիքը: Եվ մեր երկիրը հստակ հասկանում է դա, քանի որ աչքի առջև ունի համանման օրինակներ` ԽՍՀՄ, Արևելյան Եվրոպա, Մերձավոր Արևելք, Միջին Ասիա: Այդ պատճառով էլ երկրի իշխանությունները պետք է մեծ ուշադրություն դարձնեն կիբեր անվտանգությանն ու իրազեկվածությանը:

Մենք ապրում ենք համացանցի դարում: Տարածքների, տարածքային ջրերի և օդային տիրույթի ազգային պաշտպանության հասկացության սահմանները վաղուց արդեն վերացվել են: Կանոնավոր բանակ կամ միջուկային զենք կիրառելու սպառնալիքը չեն կարողանում զսպել տեղեկատվության ներթափանցումը:

Համացանցը միավորել է բոլոր երկրներին ու ժողովուրդներին, և մարդիկ դարձել են ևս մեկ ռեսուրս երկրի, ջրի, օդի հետ մեկտեղ: Յուրաքանչյուր ոք կարող է դուրս գալ անսահման վիրտուալ տիրույթ և սկսել պայքարը:

Սառը և հրաձգային զենքի, ինչպես նաև մեխանիզացիայի ժամանակ մեկ երկրին բավական էր պաշտպանել իր տարածքը, ջուրը և օդային տիրույթը, և դրանով իսկ երաշխավորել իր ժողովրդի ու արժեքների պահպանումը: Մինչդեռ ներկայումս դա բավական չէ:

Աշխարհում տեղի է ունենում կապիտալի ու գաղափարների մշտական շրջանառություն: Դրանք կարող են ազատորեն ներթափանցել մյուս երկրներ: Եթե նախկինում նվաճում էին տարածքներ, ապա այժմ` խելքն ու սիրտը: Ժամանակակից աշխարհում մենք պետք է կարողանանք պաշտպանել նաև այդ բաները:

Վերջին տարիներին ԱՄՆ-ի մշակութային իմպերիալիզմն անհաջողություններ է կրում

Չնայած ԱՄՆ-ի ու Եվրոպայի հզոր բանակներին, տեխնոլոգիաներին ու տնտեսություններին` նրանց մշակութային համոզմունքներն ու գաղափարախոսությունն ընդհանրապես չունեն բացարձակ առավելություններ:

Համենայնդեպս յուրաքանչյուր ոք չէ, որ այդ երկրներին համարում է այդչափ ունակ: Ոչ արևմտյան քաղաքակրթությունների պատմությունը նույնպես բավական երկար և փառահեղ է:

Արևմուտքը մյուսներին գերազանցել է արդիականացման պլանում: Ոչ արևմտյան քաղաքակրթություններից նրա հիմնական տարբերությունը դարձավ նյութական մշակույթը, ինչը չես ասի հոգևորի մասին:

Նոր պատմության մեջ նրանց գործած սխալները կոտրեցին համամարդկային մի շարք արժեքներ: Մշակույթի ոլորտում Արևմուտքը երբեք չի հաղթել մրցակիցներին, և նրան արդեն իսկ բարդ կլինի տանել այդ հաղթանակը: Վերջին տարիներին ամերիկյան մշակութային իմպերիալիզմը կրում է մեծ անհաջողություններ:

Այդ երիտասարդ երկիրը հենվում է կոշտ ուժի վրա, ինչպես որ Եվրոպան է արել 19-րդ դարում: Մերձավոր Արևելքում և Իսլամական պետության դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները բարդ է համեմատել այն ռազմական գործողությունների հետ, որոնք տեղի են ունեցել Սառը պատերազմի ավարտից հետո:

Բարաք Օբամայի ելույթներից ես հասկացա, որ Ամերիկան երկչոտ է. նրա համար բարդ է հաղթել առավել ուժեղ հակառակորդների, ինչպիսին է Թալիբանը: Նա հարկադրված է աջակցություն փնտրել Ռուսաստանում ու Չինաստանում: Դա նրան պարզապես անհրաժեշտ է ահաբեկչության դեմ պայքարում, որպեսզի խուսափի աշխարհում հակաամերիկյան յուրաքանչյուր տիպի դաշինքներից ու միություններից:

Արևմտյան մշակույթի գրավչությունն ու ազդեցությունն աստիճանաբար անկում են ապրում: Դրա շնորհիվ Չինաստանը վերստին սկսում է արժևորել իր վաղուց մոռացված մշակույթը: Մենք չպետք է բաց թողնենք այս հազվադեպ հնարավորությունը և պետք է շարունակենք մեր զարգացումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս