Բաժիններ՝

Հրազդանի զինկոմի աշխատավարձից 10 տոկոս կպահվի. Փաստինֆո

Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ մեղադրվող Հրազդանի զինվորական կոմիսար Արամ Պետրոսյանը դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել զինվորական ծառայության սահմանափակմամբ 6 ամիս ժամկետով, ինչպես նաեւ 10 տոկոս կպահվի դրամական բավարարման գումարից: Այս մասին գրում է Փաստինֆոն։

Իսկ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նույն զինկոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի պահեստի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման և նախորոշման խմբի պետ Սերգեյ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 1 տարի ժամկետով, նույնքան ժամկետով էլ Սարգսյանը զրկվել է ՀՀ Զինված ուժերում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Մինչ դատաքննությունն սկսելն ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր են ճանաչում:

Ըստ մեղադրանք՝ գնդապետ Արամ Պետրոսյանը 2014թ. մարտի 24-ին Հրազդանի զինվորական կոմիսարիատում որպես ոչ շարային ծառայության պիտանի զինապարտ հաշվառված Հրազդան քաղաքի բնակիչ Ալեքսանդր Ազիզյանին կորստյան հիմքով կրկնօրինակ զինգրքույկ տրամադրելիս չի ստուգել ենթակա անձանց կողմից կրկնօրինակ զինգրքույկում նրա` զինվորական ծառայությանը պիտանելիության վերաբերյալ լրացված տվյալները, առանց դրանք՝ Ա.Ազիզյանի հաշվառման քարտում առկա տվյալների հետ համեմատելու՝ իր ստորագրությամբ և կնիքով հաստատել է՝ «պիտանի է շարային ծառայության համար» գրառմամբ կրկնօրինակ զինգրքույկը և հանձնել Ա.Ազիզյանին:

Նախաքննական մարմինը կոչումով կապիտան Սերգեյ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա քաղաքացի Ա.Ավետիսյանի զինվորական գրքույկում վերջինիս զինվորական ծառայության պիտանելիության վերաբերյալ կատարված գրառումը փոփոխելու, նրա` պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար զինվորական գրքույկում համապատասխան բարենպաստ գրառում կատարելու դիմաց 2014 թվականի մարտի 21-ին պահանջել և մարտի 25-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, իր աշխատասենյակում անձամբ ստացել է 124.311 ՀՀ դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլար կաշառք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս