«Խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև չէ, խնդիրը Ռուսաստանի գործողություններն են իր շրջակայքում». Աղասի Ենոքյան
168.am-ի հետ զրույցում խոսելով տարեսկզբին հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակի մասին՝ Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանն ասաց.
«Կարծում եմ՝ տարվա սկիզբն այստեղ կապ չունի, նույն պրոցեսն է շարունակվում անցյալ տարվանից, այսինքն՝ այն, ինչ եղավ անցյալ տարվա օգոստոսին, ինչը որ եղավ ուղղաթիռի հետ… Այստեղ խնդիրն այն է, որ Ռուսաստանը պահանջում է այս գոտում լուծում՝ ի օգուտ իրեն, այս իրավիճակն ընդամենը դրանով է պայմանավորված»:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի լույս 3-ի գիշերը ՊԲ սահմանային դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական գործողությունների հետևանքով զոհվեցին 2 հայ զինծառայողներ: Իսկ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 5-ին և 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց, և հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող: Համաձայն ոչ պաշտոնական տվյալների՝ հայկական կողմից կա 2 զոհ:
Ա. Ենոքյանի խոսքով՝ Ռուսաստանն անցել է գլոբալ հարձակման իր ողջ շրջակայքով, և հայ-ադրբեջանական հակամարտությունը նրա համար դրսևորման ամենահարմար ասպարեզն է, քանի որ այնտեղ Ռուսաստանը որևէ ռեսուրս չի ծախսում՝ «բացի երկու կողմին էլ խորհուրդ տալուց»:
Հարցին՝ Հայաստանի՝ այս տարվանից արդեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ դառնալն ինչ-որ ազդեցություն կարո՞ղ էր ունենալ այս իրավիճակի վրա, Ա. Ենոքյանը պատասխանեց, որ ինքն այդպես չի կարծում. «Միակ նշանակությունն այն կարող է լինել, որ արդեն Ռուսաստանը ստիպել է Հայաստանին ստորագրել այդ փաստաթուղթը, հիմա էլ եկել է Ադրբեջանի հերթը, որին Ռուսաստանը նույնպես պետք է ստիպի ստորագրել այդ փաստաթուղթը: Նման տիպի լարումներն ամենալավ, ամենաէժան, ամենահանգիստ մեթոդն է Մոսկվայի համար՝ լուծելու իր առջև դրված այդ խնդիրը»:
Հարցին՝ եթե հայկական ուղղաթիռի խոցվելուց հետո համարժեք պատասխան լիներ հայկական կողմից, կշարունակվեի՞ն ադրբեջանական կողմից նման գործողությունները: Ա. Ենոքյանը նախ նկատեց, որ զարմանալի է, որ հայկական կողմից չեղավ համարժեք պատասխան, բայց նաև նշեց, որ կարծում է՝ համարժեք պատասխանը ոչինչ չէր փոխի. «Որովհետև խնդիրն այստեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև չէ, խնդիրը Ռուսաստանի գործողություններն են իր շրջակայքում: Այսինքն՝ հայ-ադրբեջանական բախումները, հայ-ադրբեջանական հարաբերություններն ընդամենն այս ամեն ինչի ֆոնն են»:
Իսկ որքա՞ն կարող է շարունակվել այս լարված իրավիճակը. «Կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Հայաստանը և Ադրբեջանը հասկանան, որ Ռուսաստանի միջոցով կամ Ռուսաստանի խորհուրդները լսելով՝ խնդիրներ լուծելը ճիշտ ճանապարհը չէ»: