Պետք է դադարեցնել բանակցությունները և պահանջել Մինսկի խմբից՝ օգտագործել իր ազդեցությունը Ադրբեջանի վրա. քաղաքագետ. tert.am
Հայ-ադրբեջանական սահմանին տարեմուտից սկսված լարվածությունը քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում պայմանավորեց մի շարք պատճառերով, այդ թվում՝ 2015-ին Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների հետևանքները և ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությունից հետո ստեղծված նոր իրավիճակը չեզոքացնելու նկատառումներով: Նա գտնում է, որ այս պայմաններում պետք է դադարեցնել բանակցությունները, քանի դեռ անվտանգության մինիմալ պայմաններ ապահովված չեն:
-Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին՝ շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ. հունվարի 1-ից առ այսօր՝ միայն 4 զոհ հայկական զինուժի կողմից, և հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5 հազար 500 կրակոց: Ձեր գնահատմամբ ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը՝ Նոր տարուց պետական սահմանը լարված պահելով:
-Ես համոզված եմ, որ խնդիրը մեկը չէ, դրանք բազում են, և Ադրբեջանը փորձում է մեկ նման սադրանքի միջոցով դրանք լուծել:
Առաջին. տարեմուտի նման ակտիվությունը հենց մեսիջ է այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը որևէ քաղաքական իրավիճակ հայ-ադրբեջանական հարաբերություններում չի փոխում, և պաշտոնական Բաքուն փորձում է այդ սադրանքները սովորական մակարդակի բերել արդեն, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ է:
Չմոռանանք, որ անդամակցությունից առաջ շատ էր խոսվում այն մասին, որ միջազգային այդ կառույցին միանալով՝ Հայաստանը անվտանգության նոր գործիքներ է ձեռք բերում, և պաշտոնական Բաքուն փորձում է գոնե ընկալումների մակարդակում չեզոքացնել այդ գործիքների ազդեցությունը, որպեսզի հետագայում հնարավորություն ունենա շարունակելու իր՝ խաղաղությունը վաճառելու քաղաքականությունը՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ տարածաշրջանում կարևոր գործոն է հենց Ադրբեջանը, և դրանով է պայմանավորված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Հարավային Կովկասում:
Երկրորդ խնդիրը, որն ուզում են լուծել, վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, և այստեղ Ադրբեջանը և Թուրքիան հանդես են գալիս միասնական քաղաքականությամբ: Այսինքն՝ ադրբեջանա-թուրքական դաշինքը նման գործողություններով քաղաքական այլ առաջնահերթություն է ձևավորում Հարավային Կովկասում, քան Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, փորձում է միջազգային հանրությանը ուշադրությունը շեղել ավելի արդիական՝ կենսական խնդիրների վրա՝ փորձելով ինչ-որ կերպ հաղթահարել այդ միջոցառումների բացասական ազդեցությունը Թուրքիայի քաղաքականության վրա:
Իհարկե, կան նաև ներքին խնդիրներ, որոնք կապված են Ադրբեջանում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ, որովհետև որքան էլ պաշտոնական Բաքուն գովերգի իր տնտեսությունը, փաստերը ցույց են տալիս, որ սոցիալական իրավիճակը ծանր է, և նավթի գների անկումով ավելի ու ավելի է դժվարանում հասարակության դժգոհություններին ինչ-որ տրամաբանական բացատրություն տալ:
Չմոռանանք, որ ադրբեջանական լրատվամիջոցները արդեն հրապարակում են նյութեր այն մասին, որ բողոքի ալիք է բարձրացել և մարդիկ պահանջում էին կենսաապահովման նվազագույն պայմաններ: Եվ իրավիճակը լարված պահելով՝ Ադրբեջանը փորձում է այդ բոլոր դժվարությունները բարդել Հայաստանի և Արցախի հետ չկարգավորված հակամարտության վրա: Այլ պատճառներ ևս կան, և այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը բազմաթիվ նպատակներ է հետապնդում:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: