Սովորեցրեք երեխաներին նախաճաշել. Ի՞նչ ուտել նախաճաշին
Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Նախաճաշ՝ դպրոցական վազվզոցի ընթացքում
Գուցե ոմանք զարմանան, բայց առողջ սնունդը ոչ միայն երեխայի առողջության գրվական է, այլև` սերտորեն փոխկապակցված է առաջադիմություն հետ: Որքան ճիշտ է սնվում երեխան, այնքան բարձր են նրա մտավոր առաջադիմության ցուցանիշները: Երեխայի ճիշտ կամ սխալ սնունդ ասելով հասկանում ենք ` քանակական, ու որակական հատկանիշները` սննդի թարմությունն ու անվտանգությունը,առողջարար բաղադրիչները, ինչպես նաև ճիշտ ժամերին մատուցման փաստը:
Սկսենք նախաճաշից, որն, ըստ էության, ամենամտահոգիչն է սննդաբանների համար, քանի որ դրան ամենաքիչն են ուշադրություն դարձնում ծնողները, իսկ իրականում հենց դա է օրվա սննդի կարևորագույն մասը, որն ապահովում է ուղեղի բջիջների լավ աշխատանքը:
Ի՞նչ ուտել նախաճաշին:
Աշխատեք երեկոյան նախապատրասել նախաճաշը ,որպեսզի առավոտյան շատ ժամանակ չծախսեք: Խորհուրդ է տրվում առավոտյան երեխաներին տալ ցածր յուղայնություն ունեցող կաթնամթերք, մրգեր և բջջանյութով հարուստ սնունդ: Օրինակ՝
- Ավանդական վարսակի փաթիլներով և կաթով շիլան
- հատապտուղներով լցոնված յոգուրտ
- ձու, հացով (նախընտրելի է 2-րդ կարգի ցորենի ալյուրից թխված, կամ լավաշով) և թարմ քամված հյութի հետ
- պանրով բուտերբրոդ, նորից թարմ հյութի հետ
- թարմ մրգեր ու բանջարեղեն
- կեքս կամ չորաբլիթ
Շատ հաճախ երեխան ուղղակի շտապում է, և հրաժարվում ուտելուց: Այդ դեպքում կարելի է սկսել կակաոյից կամ կաթից, որը նույնպես շատ սննդարար է, և խմելը շատ ժամանակ չի պահանջում: Հետո աստիճանաբար կարելի է մեծացնել նախաճաշի ցուցակը:
Հիշեք, որ երբ երեխան հաճախ է ուտում ֆաստ-ֆուդ, քաղցր կամ տապակած սնունդ, նրա համային ռեցեպտորների զգայնությունը փոխվում է, ու հետո երեխային դժվար է լինում առողջ սնունդ ուտել (այս դեպքում` ավելի քիչ աղի, պակաս յուղոտ և քաղցրը քիչ): Եղեք համբերատա , խորամանկ ու աստիճանաբար սովորեցրեք երեխային նոր սննդակարգին:
Ամեն առավոտ տարբեր բաներ առաջարկեք ձեր երեխաներին: Մշտապես նույն սնունդը (ասենք, որոշ երեխաների համար տանջալի վարսակի փաթիլները) կարող է, հակառակը` գցել ձեր երեխայի տրամադրությունն ու փակել ախորժակը: Նույնիսկ ամեն օր տարբեր հաց գնելը կարող է երեխայի համար թարմության ու փոփոխության տպավորություն ստեղծել:
Առողջ սնվեք և սովորեցրեք նույնը ձեր երեխաներին վաղ հասակից»: