Մկրտիչ Արզումանյան. «Ինչ էլ անում եմ` միշտ ավելիին եմ ձգտում»
Անցնող տարին դերասան Մկրտիչ Արզումանյանի (Մկոյի) համար ծանրաբեռնված է եղել, ուստի Նոր տարվա հանգիստ ու տաքուկ օրերը ոչ միայն՝ տոնը նշելու, այլ նաև աշխատանքային ծանրաբեռնվածությունը թոթափելու օրեր են լինելու: Մանավանդ, որ դերասանը շատ հակված չէ այցելությունների, այլ սիրում է Ամանորին ու դրա հաջորդող օրերին լինել տանը: Իր ոչ մի կերպարի մեջ իրեն չկրկնող Մկրտիչ Արզումանյանը նոր ծրագրեր ունի, բայց ծրագրերից ու մտահղացումներից առաջ բոլորին մաղթում է իր ամենասիրած ժպիտը, քանի որ հավատացած է՝ ժպիտը շատ դռներ է բացում:
168.am-ը Ամանորից առաջ հարցազրույց ունեցավ սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ.
– Ինչպե՞ս եք գնահատում անցնող տարին. հումո՞րն էր շատ, թե՞ տխրությունը:
– Լինելով հումորի ասպարեզի մարդ՝ բնականաբար, անընդհատ մտածում ես պահել հումորի այն չափը, որն անհրաժեշտ է, համենայնդեպս, աշխատանքիդ մեջ, և այդ առումով հումորը քիչ չէր կարող լինել անցնող տարում: Բայց հումորին, ուրախությանը զուգահեռ՝ կյանքը նաև դաժան պահեր ունի, և նաև տարին տխուր ու դժվար տարի եղավ անձնական կորուստների առումով. ես կորցրեցի իմ լավագույն ընկերներից մեկին՝ Հասմիկ Ղարիբյանին: Դժվար էր նաև ֆիզիկական ծանրաբեռնվածության առումով, քանի որ բավականին աշխատեցի թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս:
– Ի՞նչ զգացողություններ եք ունենում տարեվերջին:
– Շատ եմ սիրում այս տոնը, երբ ամեն ինչ լավ է ընթանում, և մարդիկ կարողանում են ուրախ ու հանդարտ պատրաստվել տոնին, բայց Նոր տարուց առաջ դրամի արժեզրկման հետ կապված վերջին իրադարձություններն ու դոլարային հնարքներն իսկապես նյարդայնացնում են: Երբ տեսնում ես խուճապն ու մարդկանց ընկճված հայացքները, սկսում ես ամեն ինչին մի քիչ այլ կերպ նայել:
– Այսինքն՝ այնպես չէ, որ փակվել եք «անհոգ» մի աշխարհում և ոչինչ չեք տեսնում…
– Չես կարող փակվել քո աշխարհում, դա աննորմալ մարդուն է բնորոշ: Բնականաբար, ունեմ հարազատներ, բարեկամներ, խանութ եմ գնում, տեսնում եմ այս ամեն ինչը և անտարբեր չեմ կարող լինել կամ թեկուզ մատների արանքով նայել՝ ցույց տալով, թե այս ամեն ինչն ինձ չի հետաքրքրում:
– Ինչպե՞ս եք նշելու Նոր տարին:
– Բնականաբար՝ տանը, ընտանիքիս հետ: Միշտ ձգտում եմ լինել ընտանիքիս հետ, քանի որ այդ օրերին իմ ամենահանգիստ ու չլարված վիճակն է լինում: Մերժում եմ այդ օրվա գործնական առաջարկները, որպեսզի իրենց հետ անցկացնեմ:
– Այսինքն՝ ընտանեկան տոն է Ձեզ համար և ոչ՝ ընկերական:
– Լիովին ընտանեկան տոն է: Այն պետք է միշտ տոնեմ ընտանիքիս հետ՝ հարազատ մարդկանցով շրջապատված:
Նոր տարին նշում ենք ջերմ միջավայրում՝ հավաքվում ենք սեղանի շուրջ, և, երբ Ամանորը գալիս է՝ գրկախառնվում և բոլորս միասին գոչում ենք՝ շնորհավոոո՜ր, հետո բարձրացնում ենք բաժակներն ու շնորհավորում ենք միմյանց:
– Իսկ սեղանին ավանդական ուտելիքնե՞ր են լինում:
– Կինս պատրաստում է այն, ինչ սիրում ենք, որոշ չափով համընկնում է ավանդական ուտելիքներին, որոշ չափով՝ չի համընկնում: Սեղանին լինում են մեր սիրած ուտելիքները:
– Շա՞տ եք խմում:
– Խմում եմ, բայց չգիտեմ՝ դա շա՞տն է, թե՞ քիչը, ուղղակի գիտեմ ճիշտ ժամանակին դադարեցնելու պահը:
– Ի՞նչ տեսք և տրամադրություն է ունենում Մկոն հունվարի 1-ին:
– Հանգիստ, չլարված, ծանրաբեռնվածությունից թոթափվելու օր է լինում, և հաջորդող օրերին էլ հազվադեպ է ստացվում, որ ինչ-որ տեղեր ենք գնում: Կփորձեմ լինել տանը, հանգստանալ և շատ էներգիա չծախսել՝ խառը և աշխատանքով հագեցած տարվանից հետո:
– Վերջերս հաճախ են քննադատում հայկական կենցաղում Նոր տարին դիմավորելու ընդունված ձևը՝ առաջարկելով հրաժարվել շատ սովորույթներից. Դո՞ւք էլ եք կարծում, որ այս ուտելիքային և այլ մրցավազքն այնքան էլ ճիշտ չեն:
– Չես կարող քո համոզմունքն ուրիշի վզին փաթաթել: Մեկը սիրում է այսպես նշել, մյուսը սիրում է ուրիշ ձևով նշել… Հնարավոր չէ մարդկանց մասսայական պարտադրել կամ համոզել, որ փոխեն իրենց սովորույթները: Եթե մեկը սիրում է այդ օրը բուդ ուտել, թող ուտի: Բայց այդ չէ այսօր խնդիրը, այլ այն, որ կան մարդիկ, որ ունեն սահմանափակ միջոցներ, բայց ծախսում են առատորեն, իսկ հետագա երկու-երեք ամիսը նստում և սպասում են՝ ի՞նչ է լինելու: Մարդը պիտի գիտակցի՝ ինչն ինչպես անել: Եթե դու ունես սահմանափակ հնարավորություններ, բայց վարում ես շքեղ ավտոմեքենա, իսկ բնակարանումդ տան անդամների համար նեղվածք է, այ դա՛ է այսօր խնդիրն ու անհասկանալին: Ես այդպիսի երևույթների և այդպիսի մարդկանց շատ եմ հանդիպել թե՛Հայաստանում, թե՛ Միացյալ Նահանգներում. ցույց են տալիս, թե ամեն ինչ լավ է, բայց իրականում ապրում են մեծ պարտքերով, իսկ հետո ավելի մեծ խնդիրների առջև են կանգնում: Իսկ տոնը նշելու հարցը հասարակական գիտակցման մեջ է՝ հնարավոր չէ պարտադրել մարդկանց՝ այս կամ այն կերպ նշել, այս կամ այն ուտելիքն ու խմիչքը դնել սեղանին:
– Հաճա՞խ եք կարդում իմաստուն մարդկանց մտքերը, թե՞ ունեք սեփական իմաստությունները:
– Հաճախ չեմ կարդում, բայց սիրում եմ կարդալ և իմանալ՝ ինչ են ասել իմաստուն մարդիկ, և այդ ամենի հիման վրա՝ իմաստություն չասեմ, բայց անպայման սեփական եզրակացություններս անում եմ, որոնք տարբեր իրավիճակներում պետք են գալիս: Գուցե ոչ ուղղակիորեն, բայց դրանք նաև փոխանցում եմ ուրիշներին:
– Այսպիսի խոսք կա՝ «Միայն ինչ-որ բան կորցնելով ենք մենք գիտակցում դրա արժեքը»: Ծանո՞թ զգացողություն է. ի՞նչը կարող է կորուստ համարվել ստեղծագործական կյանքում:
– Ստեղծագործական կյանքում կորուստ է համարվում այն, երբ ստեղծագործող մարդը չի գիտակցում, թե ինքը որտեղ է գտնվում: Հատկապես, երբ չես գիտակցում, թե ինչքա՞ն ես տալիս, քիչ ես տալիս՝ քեզ թվում է՝ շատ է, կամ շատ ես տալիս, քեզ թվում է՝ քիչ է: Օրինակ, մարդը գրում է երաժշտություն և այն համոզմունքն ունի, թե դա վերջն է, բայց իրականում սովորական, հերթական մի աշխատանք ես լսում: Այս դեպքում, բնականաբար, մարդը կուրացել է, նա աճելու մասին գաղափար էլ չունի, գիտակցությունը չունի՝ որտե՞ղ է, ինչքա՞ն է իրեն պետք, նա ստեղծագործական կորստի մեջ է…
– Ձեր մասին հաճախ են ասում, որ չեք տառապում այդ «աստղային տենդով», ինչպե՞ս եք կարողանում չտառապել:
– Ես ինչ էլ անում եմ (չափն ու ծավալը կապ չունի), միշտ ավելիին եմ ձգտում: Ժամանակին տարբեր նախագծերի եմ մասնակցել այնպիսի աստղերի հետ, որոնց հետ հանդես գալը ցանկացած դերասանի երազանքն է, և շատերի դեպքում՝ մնում է զուտ երազանք:
Բայց, բնականաբար, կյանքը շարունակվում է և երբեք այդ կետում չի ավարտվում: Ուրախ ու երջանիկ եմ, որ անցա այդ ճանապարհը, ու սթափ մտածելով՝ գնում եմ առաջ: Իհարկե, երբեք չպետք է նաև մտածել, թե այն, ինչ անում ես, քիչ է, ուղղակի ճիշտ գնահատելով, շնորհակալություն հայտնելով Աստծուն, որ նման հնարավորություններ է ստեղծում՝ անցնում ես առաջ:
Ինչ վերաբերում է կորուստներին, ապա իմ ստեղծագործական կյանքում ես կորցրի, բայց գտա շատ ավելին, քան սպասում էի: Այնպես որ, ես շնորհակալություն եմ հայտնում այդ կորստին, որի շնորհիվ շատ բաներ ձեռք բերեցի, որոնք նախկինում չէի էլ նկատի:
– Ո՞րն է Մկոյի ավանդական մաղթանքը՝ Նոր տարվա առթիվ:
– Ավանդական մաղթանք չէի ասի, այլ պարզապես բոլորին մաղթում եմ այն, ինչ ես եմ սիրում՝ ժպիտ: Թող ժպիտ լինի բոլորի դեմքին: Երբ մարդը ժպտում է՝ նրա մոտ ամեն ինչ լավ է, հանգիստ է, ապահովության զգացում ունի: Ժպտանք, ու հանգիստ, ուրախ, հաջողությունների և առանց ցնցումների տարի թող լինի մեր ժողովրդի համար, քանի որ մեր ժողովուրդը ցնցումներ շատ է տեսել:
Լուսանկարները՝ Վիգեն Մնոյանի