Microsoft-ը մինչև 30 տոկոսով բարձրացնելու է իր մի շարք ապրանքների գները Ռուսաստանում
Lenta.ru-ի փոխանցմամբ` Microsoft ընկերությունը 2015 թվականի փետրվարի 1-ից մինչև 30 տոկոսով բարձրացնելու է իր մի շարք ապրանքների գները Ռուսաստանում: Այս մասին նշված է ընկերության կայքում:
Մասնավոր օգտատերերի համար ծրագրային ապահովման գները բարձրանալու են 15 տոկոսով, մինչդեռ կոմերցիոն պատվիրատուների պարագայում դա հասնելու է 30 տոկոսի: Կորպորացիան այդ քայլը բացատրում է ընթացիկ սեփական բիզնես գործընթացներով ու շուկայի ներկայիս դինամիկայով:
Արժույթի շուկայում տիրող անկայունության պատճառով Apple, Samsung, Sony ընկերություններն արդեն իսկ բարձրացրել են իրենց արտադրանքի (բջջային հեռախոսներ) գինը Ռուսաստանում: Այդ ֆոնին թանկացել է նաև ռուսական արտադրության Yotaphone 2 սմարթֆոնը: