
Աֆղանստանում պատրաստվում են կառուցել ժամանակակից մայրաքաղաք` Նոր Քաբուլ

Khaama Press գործակալության փոխանցմամբ` Աֆղանստանում պատրաստվում են կառուցել ժամանակակից մայրաքաղաք` Նոր Քաբուլ: Այս մասին հայտարարել է Kabul New City Development հասարակական կազմակերպության նախագահ Էլհամ Օմար Խոտակին:
Նրա խոսքերով` շինարարները սպասում են նախագահի համաձայնությանը` շինարարական աշխատանքներին ձեռնամուխ լինելու համար: Նոր Քաբուլը կառուցվելու է քաբուլյան Հաջի-Ռավաշ օդանավակայանի ու Բահրամ օդանավակայանի (ուր գտնվում է ԱՄՆ-ի ռազմաբազան) միջև ընկած տարածքի հարևանությամբ:
Խոտակիի խոսքերով` ընկերությունը ստորագրել է 5 համաձայնագիր` առաջին 55 բնակելի շենքերը կառուցելու համար: Պլանի համաձայն` նոր քաղաքի տարածքը կրկնակի մեծ է լինելու ներկայիս քաղաքի տարածքից` հասնելով 740 քառակուսի կիլոմետրի:
Այդ տարածքում կառուցվելու է 600.000 տուն: Ընդհանուր առմամբ պլանավորված է Նոր Քաբուլը կառուցել 15 տարում: Դրանում բնակվելու է մոտ 2.5 միլիոն մարդ: Ներկայիս մայրաքաղաքը կդառնա Հին Քաբուլ: Ներկայումս այնտեղ ապրում է 5-6 միլիոն մարդ, թեև այն նախատեսված է եղել 1 միլիոն մարդ:
Նոր Քաբուլի կառուցումը գնահատվում է 80 միլիարդ դոլար: Նոր Քաբուլի կառուցման պլանը մշակվել էր դեռևս 8 տարի առաջ, սակայն դրա իրագործումը քանիցս հետաձգվել է ներքաղաքական իրավիճակի սրացման պատճառով: