«Ռուբիկոնն անցել են այս գործով». կհրապարակվի բանդայի գործով դատավճիռը (տեսանյութ)

Դեկտեմբերի 26-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի բանդայի գործով դատական ակտը: Այսօրվա դատական նիստին ճառերով հանդես եկան ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, ամբաստանյալները, ինչպես նաև դատարանը լսեց ամբաստանյալների վերջին խոսքը:

Հանդես գալով ճառով՝ Հովիկ Արսենյանը դատավորին խնդրեց պաշտպանել իրավունքի շահերը: Նրա խոսքով՝ այս գործով այնպիսի աղաղակող խախտումներ են եղել, որ պետք է թույլ չտալ, որ դրանք շարունակվեն: Դատարանում Հովիկ Արսենյանն ասաց, որ հատկապես գործի նյութերին ծանոթանալուց հետո ակնհայտ դարձավ հանրապետության նախագահի նկարագրած իրավիճակը, որ գաղջ մթնոլորտ է. «Դա ցրելու որևէ միտում ամենևին էլ գոյություն չունի»: Փաստաբանն ասաց, որ շատ կցանկանար, կերազեր, որ նման գործերի քննության համար Սահմանադրությամբ ամրագրված լիներ երդվյալ դատարանի առկայությունը, որոնք պետք է որոշեն անձանց մեղավորությունը:

«Բոլոր դեպքերում գաղջ մթնոլորտն այդպես էլ չցրվեց, միտում էլ չունի: Ինչում է կայանում խնդիրը: Երբ ես ներգրավվում էի այս քրեական գործին, քննիչի կողմից արգելվեց, խոչընդոտներ դրվեցին, որ ես պաշտպանեմ Արտուշ Հակոբյանին, և միայն երբ ներկայացրել էին Կենտրոնի դատարան՝ Արտուշ Հակոբյանի խափանման միջոցը կալանք ընտրելու, դատավորի միջնորդությանն էր, որ ես ներգրավվեցի: Եվ ի՞նչ պարզվեց հենց այդ պահին: Գործն արդեն հրապարակվել էր, բոլորը տեղյակ էին: Երբ Արտուշ Հակոբյանը սեպտեմբերի 24-ին երեկոյան բերման է ենթարկվում, նույն պահին և իր բնակարանում է խուզարկություն կատարվում, և բոլոր հարազատների՝ հայրական օջախ, հորեղբոր հարևանի տանը, ինչ-որ ՍՊԸ-ի գործարանում, Սարյան փողոցում գտնվող բնակարանում, ամենուրեք: Որոշումների մեջ միանշանակ գրված է՝ փաստացի Արտուշ Հակոբյանին պատկանող բնակարաններում, օբյեկտներում, սեփականություն համարվող տարածքում, բերման է ենթարկվել իր սեփականությունը հանդիսացող մեքենան: Այս պայմաններում դուք պատկերացրեք՝ ինչ է ստացվում: Այդքանը գիտեին, բայց Արտուշ Հակոբյանին որպես իր շահերի պաշտպան հանրային պաշտպան են ներգրավել: Իրավաբանների համար արդեն հասկանալի էր ամեն ինչ: Այդ ինչպե՞ս: Չէ՞ որ օրենքն ուղղակիորեն ասում է՝ հանրային պաշտպան տրամադրվում է միայն այն անձանց, որոնք սոցիալապես հնարավորություն չունեն փաստաբան վերցնելու»,- դատարանում ասաց Հովիկ Արսենյանը: Նա ասաց, որ ցավ է ապրում, որ գործում առկա ապացույցներով կարող են անձանց մեղադրել ծանր հանցագործությունների կատարման մեջ:

Հովիկ Արսենյանն ասաց, որ իր պաշտպանյալին մեղադրում են նրանում, որ Գուրգեն Հայրապետյանի հետ կազմակերպել, ղեկավարել է բանդա. «Մեկ փաստական տվյալ ցույց տվեք: Ուր ենք հասել, ուր ենք գնում: Այսպիսի պայմաններում այդպիսի ամբաստանություն ցանկացածիս և յուրաքանչյուրի վրա կարող են դնել»: Նա ասաց, որ քրեական գործում կա երկու «թուղթ». Ոստիկանության Քրեական հետախուզության վարչության գլխավոր պետի գրությունը նախաքննական մարմնին այն մասին, որ օպերատիվ տվյալներ ունեն, որ Արտուշ Հակոբյանի տանը կարող է թաքցված լինել հանցագործություն կատարած անձանց կողմից օգտագործած զենքեր, զինամթերք, ոսկյա զարդեր. մյուս գրությունն, ըստ փաստաբանի, ուղարկվել է այն ժամանակ, երբ Արտուշ Հակոբյանն արդեն բերման է ենթարկված եղել. գրության մեջ նշվել է, որ օպերատիվ տվյալներ կան, որ բանդան կազմակերպել, ղեկավարել է նաև Արտուշ Հակոբյանը. «Վերջացավ, սրանք են: Ես չեմ կարող հասկանալ: Ես միշտ եմ ասել՝ յուրաքանչյուր հանցագործություն պետք է բացահայտվի: Մեղավոր անձի կողմից կատարվածը պետք է հիմնավորվի, և նա արժանի պատիժ պետք է ստանա: Երկրորդ կարծիք այստեղ լինել չի կարող: Բայց սա փաստական տվյա՞լ է, որ դրվել է հիմքում, և հարգելի մեղադրողն էլ իր ճառում նույնը պնդում է, թե կազմակերպել և ղեկավարել է: Այս պայմաններում, ես նորից եմ ասում, որևէ մեկի հասցեին գրված որևէ նման բան կարող է ընդունվել՝ որպես հիմք»: Նա ասաց, որ սահմանադրությամբ ամրագրվեց, որ մարդու բնակարանը չեն կարող խուզարկել առանց դատարանի թույլտվության, սակայն նրա խոսքով՝ քրեական դատավարության նախկին օրենսգրքով բնակարանի խուզարկության սանկցիա տալիս էր դատախազը: «Մինչև հիմնավոր ապացույցներ չէր ունենում, ձեռքները կտրեիր՝ նա սանկցիա չէր տա: Հիմա իբր թե ավելի անձեռնմխելի է դարձել քաղաքացու բնակարանը: Հետ դառնանք, մի պահ նայենք, թե ո՞ր սահմանադրական աստիճանի բարձրացավ, ինչքանո՞վ քաղաքացու ազատություններն ավելի ամրապնդվեցին կամ պաշտպանվեցին: Միանշանակ եմ ասում՝ այսօր ցանկացած պահին, ցանկացած քրեական գործով, ցանկացած անձի նկատմամբ, երբ քննիչը ցանկացավ, միջնորդություն է ներկայացնում դատարան, ընդամենը երկու տող է գրում: Առաջին տողը միայն այն է, որ այս քրեական գործով անցնում է այս անձնավորությունը, օպերատիվ տվյալներ կան, որ նրա բնակարանում կարող են այսպիսի բաներ լինել: Դատարանը սանկցիան տալիս է: Բա օպերատիվ տվյալներով գո՞րծ են քննում, բնակարա՞ն են մտնում: Բայց դա այսօր կանոն է դարձել մեր հանրապետությունում: Հլը փորձի՝ մի դատարան սանկցիա չտա»: Փաստաբանն ասաց նաև, որ մեղադրող կողմը նշում է, որ հայտնաբերվել են բազմաթիվ հեռախոսներ, սակայն վերծանումներ չեն կատարվել այն դեպքում, երբ ներկայումս վերծանումներն արվում են բազմաթիվ քրեական գործերով և դրանցով հաճախ կարող են հանցագործություններ բացահայտել: «Այս քրեական գործով այդպիսի մի բան գոյություն չունի: Իրենց պետք չի եղել, որովհետև, ասում եմ, ամեն ինչը թույլատրել են՝ արեք ամեն ինչ՝ այս մարդկանց այստեղ ուղարկելու համար»,- ասաց փաստաբանը: Նա նշեց, որ ՀՀ ոստիկանության նախկին պետն այս գործի հետ կապված բազմաթիվ հայտարարություններով է հանդես եկել՝ նշելով, որ հանցագործությունը բացահայտվել է, գիտեն բոլորին, գիտեն, թե նրանցից յուրաքանչյուրին ինչ է հասել. «Ես իրեն հավատում եմ: հարգելի մեղադրող, ես հավատում եմ իրեն: Որ ասում է՝ տաք-տաք է եղել, բացահայտվել է գործը, դեռ չկողմնորոշված է եղել, թե որ մեկին են ուղարկում դատարան, որ մեկին՝ զագս»:

Փաստաբանն անդրադարձավ գործում առկա մի քանի ապացույցների, նշեց, որ դրանք պետք է հանվեն ապացույցների շարքից: Նա ասաց, որ հենց Արտուշ Հակոբյանի վերաբերյալ գործը մտավ դատարան, «այս գործով օպերատիվ ճանապարհով զբաղված բոլոր պաշտոնատար անձինք դարձան վարչության պետեր՝ Լոռու մարզից սկսած»: Հովիկ Արսենյանն ասաց նաև, որ իրականում Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանին չի ճանաչել: Նրա խոսքով՝ այդ գործով քննչական աշխատանք չի տեսել. «Ռուբիկոնն անցել են այս գործով»:

Ամբաստանյալ Սամվել Դավթյանն իր վերջին խոսքում նշեց, որ դատարանում ամեն ինչի անդրադարձել են, Դավիթ Գալստյանն ասաց, որ ասելու բան չունի, Արթուր Մանուկյանն էլ խնդրեց՝ հաշվի առնել այն հանգամանքը, որ ինքն «իսկապես ոչ մի հանցագործություն չունի կատարած»: Ամբաստանյալ Արտուշ Հակոբյանն էլ ասաց, որ, բնականաբար, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, որովհետև կապ չունի «այդ շինծու մեղադրանքի հետ»: Նա ասաց, որ երեք տարի երեք ամիս սպասել է արդար դատաքննությանն ու խելամիտ վերլուծությանը՝ շինծու մեղադրանքի վերաբերյալ, բայց այդպես էլ դա չի տեսել: Նրա վերջին խոսքի սկիզբն էլ վերաբերում էր գործով դատախազին. նրան ընդհատեց դատավորը՝ նշելով, որ ամբաստանյալը պարտավոր է հարգել դատավարության կողմերին: Արտուշ Հակոբյանն էլ ասաց, որ ասում էր այն, ինչ բխում էր իր սրտից. «3 տարի 3 ամիս է՝ սպասում եմ, որ մի օր խոսեմ, արտահայտվեմ: Բա պարոն մեղադրողն ինձ չի՞ վիրավորում, որ կանգնում, սաղ աշխարհով մեկ ինձ խայտառակ է անում, ասում է՝ բանդա ես կազմակերպել, բանդա ես ղեկավարել: Առանց որևէ հիմնավոր ապացույցի, առանց ապացուցելու, ամպագոռգոռ ինձ մեղադրանք է առաջադրում: Դա ինձ վիրավորանք չէ՞»: Դատավորն էլ ասաց, որ մեղադրելը վիրավորել չէ, այն, որ նրան մեղադրանք են առաջադրել, չի նշանակում, որ նա արդեն մեղավոր է, դա հաստատվում է միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Արտուշ Հակոբյանն էլ ասաց, որ վերջին խոսք չունի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս