Թումո ստեղծարար տոնածառերի կենտրոն (լուսանկարներ)
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում արտասովոր տոնածառերը դարձել են ավանդույթ՝ ուսանողներին և աշխատակիցներին ոգեշնչելու նոր տարին սկսել ստեղծարար գաղափարներով և մտքի թռիչքով:
2011 թ. Թումոյի առաջին ամանորին տոնածառերը կախված էին կենտրոնի ուսումնական հարթակների առաստաղից: Այս թարս կախված տոնածառերն ասես վերևից հետևում էին Թումոյի 1000-ավոր նոր ուսանողներին, ովքեր պտտվում էին հարթակներով և դասասենյակներով՝ Ամանորյա տրամադրությամբ:
2012 թ. Թումոյի տոնածառը պատրաստված էր փայտի բարակ շերտերից, որոնք ոլորված էին պատի երկայնքով, և տեղադրված կենտրոնի մուտքի դիմաց: Ուսանողները գրում էին իրենց բարեմաղթանքներն և ամրացնում տոնածառի վրա:
Անցած տարվա տոնածառը նույնպես փայտից էր, սակայն պատրաստված 5000 մատիտներից, որոնք կախված էին Թումոյի ինստալացիոն հատվածի առաստաղից: Մատիտները, ճախրելով տարածության մեջ ճշգրիտ կետերում՝ ստեղծում էին եռաչափ ձյունապատ ծառի տպավորություն՝ խորհրդանշելով անտառահատման դեմ գաղափարը: Իսկ մատիտները հետո տրվեցին ուսանողներին՝ գալիք տարվա ընթացքում իրենց սահատետրերն ու ուրվանկարները պատրաստելու համար:
Ձնեպատ եղևնին պատրաստված 5000 մատիտներից
Դա նաև այն տարին էր, երբ Թումո պլազայում տեղադրվեց առաջին տոնածառը: Այն պատրաստված էր համակարգչային մաշված մոնիտորներից, որոնք արտահայտում էին վերամշակման և վերաօգտագործման գաղափարը: Այն ներշնչված էր «Ռետրոտեխ» աշխատարանից, որտեղ ուսանողները վերաօգտագործել էին հին համակարգիչների տարբեր բաղադրիչներ՝ ստեղծելով էլեկտրոնային սարքեր և արվեստի գործեր:
«Ռետրոտեխ» ծառը՝ պատրաստված հին համակարգիչների տարբեր բաղադրիչներից
Այս տարվա Թումոյի տոնածառի ստեղծումը համընկավ ուսանողների ստեղծած լուսանկարների ցուցահանդեսի բացումով, որտեղ ներկայացված էր Հայաստանի սովետական ժամանակաշրջանի ճարտարապետությունը: Այս տարվա տոնածառը նոր շունչ առած Վոլգա մեքենա է, որն էլ խորհրդանշում է սովետական դիզայնը, ինչպես նաև Թումոյում խրախուսվող մտքի ազատությունը:
Նոր շունչ առած Վոլգա մեքենան այս տարվա տոնածառն է
Իսկ Թումո պլազայում շարունակվում է վերամշակման և վերաօգտագործման գաղափարախոսության արծարծումը, և այս տարի տեղադրվել է սահնակներից կազմված տոնածառ՝ ներսից պատված լույսերով:
Սահնակներով պատրաստված տոնածառը ստեղծում է Ամանորյա տրամադրություն Թումո Պլազայում
Այժմ Թումոյի տոնածառերին լրացնում է ամանորյա թվային բացիկը՝ «Բարեմաղթանքների անտառը»՝ տեղադրված վեբում, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է ծառ տնկել և բարեմաղթանք կցել դրան: Այդ ծառերը կսկեն աճել, փարթամանալ այն ակնկալիքով, որ 2015 թ. կլինի լեցուն անկանխատեսելի և ստեղծարար լուծումներով: