Բաժիններ՝

«Ես մինչև հինգ տարեկան չեմ խոսել, բայց երգել եմ». Հովհաննես Չեքիջյան

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան օրն է: Անցյալ տարի նա բոլորեց իր 85-ամյակը, կառավարության որոշմամբ` մեկ տարի հայտարարվեց չեքիջյանական տարի, որն ավարտվում է այս ամիս: Մեկ տարի շարունակ տեղի ունեցան տարբեր տոնական միջոցառումներ` նվիրված մեր ժամանակների, թերևս, ամենանշանավոր հայ դիրիժորի ծննդյան 85-ամյակին: Տպագրվեց երաժշտի ստեղծագործական կյանքը ներկայացնող պատկերագիրք: Մաեստրոյին, սակայն, ոչ մի մեդալ կամ շքանշան չտրվեց, որովհետև, ինչպես ինքն ասաց, ամեն ինչ արդեն տրվել է, էլ բան չկա տալու: Իսկապես, Հովհաննես Չեքիջյանն իր կյանքի ընթացքում ստացել է արվեստագետին տրվող` Խորհրդային Միության և անկախ Հայաստանի բոլոր հնարավոր շքանշանները, պատվոգրերն ու կոչումները:  Մեր զրույցն էլ նրա հետ սկսեցինք այդ թեմայից.

– Մաեստրո, Ձեր շքանշանների և կոչումների թիվը հնարավոր չէ հաշվել. ի՞նչ նշանակություն ունեն դրանք Ձեզ համար: 
– Չունեցողի համար, թերևս, նշանակություն ունեն, ունեցողի համար ոչ մի նշանակություն չունեն: Ամեն մարդ իր չունեցածին է միշտ ձգտում: Այնպես չէ, իհարկե, որ ես ունեմ այսքան կոչումներ, ուրեմն ամեն ինչ ունեմ: Մարդ կա, իմ ստացած ծափերի մի մասը նույնիսկ չի ստացել, բայց նա էլ մի առավելություն ունի, որ ես թերևս չունեմ, կամ կուզենայի ունենալ: Իմ կյանքն այսօր կամ շատ ճիշտ է, կամ շատ սխալ: Հաճախ եմ խորհում այս մասին ու չեմ հասկանում` ո՞ր մեկն է:
Երբեմն մտածում եմ` արդյո՞ք ճիշտ արեցի, որ այս ուղին ընտրեցի: Հայրս կաշեգործ էր և ուզում էր, որ ես էլ իր պես այդ արհեստը սովորեմ, նա չէր ուզում, որ ինձ բաժին ընկնեին այն դժվարությունները, որ արվեստագետներն են ունենում: Նա շատ էր երազում, որ իր որդին կաշվի գործարան բացի, մեծ գործ ունենա: Ստամբուլում կոնսերվատորիան ավարտելուց հետո գնացի Փարիզ, քիմիկոս-ինժեների մասնագիտություն ստացա, հասկացա, որ իմը չէ, ետ եկա, Ստամբուլում ավարտեցի ասպիրանտուրան, այնտեղ բավական երաժշտական գործունեություն ունեցա, նոր եկա Հայաստան:

– Ի՞նչ եք հիշում Ձեր մանկությունից: 
– Հայրս Կոմիտասի երգչախմբում է երգել, հիշում եմ, որ մեր տանը հավաքվում էին հորս ընկերները (որ նույնպես Կոմիտասի երգչախմբի սաներն էին), երգում էին, ընդ որում` բազմաձայն էին երգում, այնպես, ինչպես Կոմիտասն էր սովորեցրել իրենց: Մայրս դաշնամուր էր նվագում, հայրս` ջութակ, ինձ էլ, որ երկար մազեր ունեցող երեխա էի, կանգնեցնում էին աթոռի վրա, որ լսեմ և երգեմ: Այդպիսի միջավայրում եմ մեծացել: Ամեն կիրակի տատս ինձ տանում էր եկեղեցի, հետո էլ գնում էինք եկեղեցու մոտ մի տեղ կար` օրհնված ջուր խմելու: Ես մինչև հինգ տարեկան չեմ խոսել, բայց երգել եմ: Իմ չխոսելու համար շատ էին մտահոգվում, բայց զարմանում էին, որ հստակ երգում էի: Մանկությունս շատ պարզ եմ հիշում, անչափ կարոտում եմ Ստամբուլը, իմ ապրած վայրերը: Լավ է, որ այստեղ գալուց առաջ հաճախ եմ այցելել, նույնիսկ այս տարի ինձ հաջողվեց երգչախումբը տանել Ստամբուլ: Տարիքս այնպիսին է, որ հին ընկերներիցս շատերն արդեն չկան, նորերն էլ անունով գիտեն ինձ: Որ գնում եմ այնտեղ, այդ օդը, ծովի հոտը, ծանոթ վայրերն ինձ հարազատ են, նույնիսկ հիմա այստեղից ավելի շատ հարազատ է: Այստեղ մի տեսակ մենակ եմ զգում արդեն: Այնտեղ ծննդավայրս է, այստեղ հայրենիքս է, միշտ այս երկուսի միջև եմ: Կարող էի հազար ու մի երկրում ապրել, ուր գնացել եմ, ինչ նվագախմբի հետ աշխատել եմ, ինձ ուզել են պահել իրենց մոտ, բայց ես միշտ Հայաստան եմ վերադարձել:

– Կարծես դժգոհելու տեղ պիտի չունենաք, ամբողջ աշխարհը շրջել եք, շատ բեմեր եք նվաճել: 
– Փառք Աստծո: 864 համերգ ենք ունեցել Հայաստանից դուրս, եղել ենք 184 քաղաքում, միայն Սանկտ Պետերբուրգում 96 համերգ ենք ունեցել, որից վերջինն անցյալ տարի էր: Մոսկվայում էլ` 90 համերգ: Հիմա շատ չենք գնում: Առաջ տարին 7-8 անգամ գնում էինք, երգչախմբի անդամները բողոքում էին, թե տնից-տեղից կտրվում ենք: Հիմա տարին մեկ-երկու անգամ հազիվ ենք գնում:

– Ո՞ր երկրի հանդիսատեսն է գրավել Ձեզ:
– Սանկտ Պետերբուրգի: Այնտեղ մարդիկ պատրաստված են գալիս համերգին, ծրագիրը, ամբողջ պարտիտուրաները ուսումնասիրած` գալիս էին համերգ լսելու: Ես աշխարհի 67 նվագախմբի հետ եմ աշխատել, բայց ամենահիշարժանը նորից եղել է Սանկտ Պետերբուրգի նվագախմբի հետ աշխատելը: Ավանդույթներ ունեցող նվագախումբ է, իսկ ավանդույթը շատ կարևոր բան է նվագախմբի համար: Նույնն էլ Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան դահլիճում ելույթ ունենալն է մի անկրկնելի պարգև: Լոնդոնն էլ, Փարիզն էլ, Պրահան էլ հիշողությունների քաղաքներ են, շատ են քաղաքները, որոնք տպավորել են` իրենց արվեստի միջավայրով, հանդիսատեսով, բայց Սանկտ Պետերբուրգը եղել է իմ փառքի ու արվեստի ցնծության քաղաքներից մեկը:

– Միշտ հնարավորություն եք ունեցել իշխանությունների հետ խոսելու. ասո՞ւմ եք նրանց ինչ-որ բաներ, որոնք սխալ եք համարում:
– Շատ չեմ խառնվում նրանց գործերին: Քաղաքական գործիչներն ուրիշ աշխարհ ունեն, պետք չէ նրանց գործերին խառնվել: Մենք երբեք էլ չենք փայլել քաղաքականության, դիվանագիտության ասպարեզներում, այդ ասպարեզում մեր խոսքը չենք ունեցել աշխարհում: Այսօր կարծես մի փոքր տեղից շարժվում ենք, բայց մեր փոքր երկիրը մի կաթիլ է աշխարհի ծովում:
Աշխարհի ամենալավ ղեկավարները, այսօր, փաստորեն, Էմիրաթների շեյխերը դուրս եկան, որ գիտեն` ինչ երկիր են ուզում տեսնել վաղը, և կառուցում են այդ երկիրը: Ինձ համար ամենալավ ղեկավարը նա է, ով վաղվա իր երկիրը շատ լավ պատկերացնում և սկսում է կառուցել:
Մեր ժողովրդի վիճակն իսկապես նախանձելի չէ, որովհետև նրա բախտն այս երկիրն է` ո՛չ ընդերք ունի, ո՛չ գյուղատնտեսություն, ո՛չ սարքաշինություն: Դժվար է այստեղ ապրելը: Մյուս կողմից էլ` աղոթում ենք, որ պատերազմ չլինի, եթե պատերազմ չեղավ, երկիրը, թերևս, առաջ գնա: Աշխարհի բոլոր պատերազմները դիվանագիտական սնանկության հետևանք են:

– Շատ հայրենադարձներ Հայաստան գալով` խնդիրներ են ունեցել: Դո՞ւք էլ եք ունեցել: 
– Նախ` ոչ մի օր այստեղ հայրենադարձի կարգավիճակով չեմ եղել: Ես եկել եմ աշխատելու: 1961 թվականին այնտեղից այստեղ թռչուն չէր գալիս, բայց ես կարողացա գալ, սկզբից Մոսկվա գնացի աշխատելու, հետո այնտեղից եկա Հայաստան: Մոսկվան մեծ քաղաք էր, ռուսերեն չգիտեի, կուսակցության ձեռքն ամեն ինչի վրա էր, ես վախենում էի մի տեսակ, վախենում էի կորսվել, ոտքի չկանգնել: Կարող է` մնայի, և ավելի լավ լիներ, չգիտեմ, բայց հայրենիքն ուրիշ է, այստեղ էլ, թեև անհանդուրժողներ են եղել, բայց գոհ եմ իմ անցած ճանապարհից:

– Ձեր կինն էլ պոլսահայ էր. արվեստի աշխարհի՞ց էր:
– Ոչ, բայց իմ առաջին քննադատն էր: Երբ ինքը դահլիճում նստած էր, ես դա զգում էի, և համերգից հետո իր խոսքը շատ կարևոր էր ինձ համար: Տասնչորս տարի առաջ կորցրի նրան:

– Երգչախմբի գործերն ինչպե՞ս են: 
– Երգչախումբն իմ ընտանիքն է դարձել: Մի ընտանիքի պես ապրում ենք: Խնդիրներ ունենք, պետական աջակցությունը միշտ քիչ է, հովանավորներ միշտ չէ, որ կան, և, չնայած դրան, ինձ մոտ արդեն քանի տարի է` թափուր տեղ չկա: Շատերն են ուզում գալ այստեղ, տեղ չունենք: Մանավանդ` երիտասարդներն են ուզում գալ, ուզում են երգել այստեղ, անցնել այս ճանապարհով, բայց ես դե հո բոլորի հետ չե՞մ կարող աշխատել: Երգչախմբում ամեն մարդ չի կարող երգել: Երգչախումբը մի մարմին է, որտեղ ամեն մի մարդ` իր անհատականությունը պահելով, պիտի կարողանա միասին մտածել, միասին զգալ, միասին արտահայտվել:

– Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին:
– Խորհուրդ եմ տալիս միմյանց հաջողություններին չնախանձել: Դա ամենավատ բանն է, որ մանավանդ արվեստագետները զգացել են իրենց կյանքում, և կուզենայի, որ այդ նախանձը, չարակամությունը չլիներ: Կուզենայի, որ մեր երիտասարդները փայլուն դիվանագետներ դառնային և գործեր անեին մեր երկրի համար:
Կուզենայի, որ արվեստին մոտ լինեին, դասական արվեստին մոտ մարդիկ այլ կերպ են ընկալում աշխարհը: Բայց մեր երիտասարդներն այստեղից գնում են Դուբայ` Արմենչիկ լսելու, ես ի՞նչ ասեմ այդ մարդկանց: Ռաբիս լսող մարդուն չես կարող ոչինչ ասել: Շատ եմ ցավում, որ Կոմիտաս ու Նարեկացի ունեցող ժողովուրդն այսպես ռաբիսի հետևից է: Իմ ամբողջ կյանքը պայքար եղավ այդ երևույթների դեմ: Դա ասելով չէ, մարդն ինքը պիտի զգա, մաքրվի:

–  Ձեր ծննդյան օրվա առթիվ համերգ պիտի տեղի ունենա, նորից բեմ պիտի բարձրանաք, ի՞նչ զգացողություններ ունեք: 
– Զգացողությունս այն է, որ նորից ներկայանում եմ ժողովրդին` քննություն տալու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս