Բաժիններ՝

«Մի՛ եղեք իդիոտիս, պարոնայք, ու մի խանգարեք ուրիշներին՝ չլինել իդիոտիս» (ամբողջական հարցազրույց)

Մի քանի օրից տարին կավարտվի, ու 2014 թվականը բոլորիս հուշերում յուրովի կպահպանվի: Խոստումնալից տարի շատերն են ակնկալում, իսկ անցնող տարվանից ոչ բոլորը գոհ մնացին: Բայց մինչ 2014-ին հրաժեշտ տալը, փորձենք ամփոփել տարին: Անցնող 2014-ն ամփոփեցինք ու Նոր տարվա սպասումների մասին զրուցեցինք «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:
– Երևանն այս տարի գրքի համաշխարհային մայրաքաղաք չէր, բայց գիրքն ասես ամենուր լիներ` գովազդներ, գովազդային վահանակներ հայտնի մարդկանց նկարներով, գիրք կարդալ խորհուրդ տվող քաղաքական գործիչներգ Այս ամենն իր արդյունքն ունեցա՞վ, զգացվե՞ց որևէ փոփոխություն ընթերցողների մոտ: 
– Այո, զգացվեց` բացասական փոփոխություն: Վաճառքները, ցավոք, նվազման տենդենց ունենգ

– Թվում էր` արդյունքները պետք է դրական լինեին:
– Շատ կարևոր են այն ծրագրերը, որոնք արվում են ընթերցանության մակարդակի բարձրացման համար, որովհետև, երբ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կամ Հովոն, Նազենին ցույց են տալիս իրենց ընթերցելը, շատ լավ օրինակ է դառնում այն մարդկանց համար, ում համար նրանք կուռք են, հայտնի են, սիրելի ենգ Կարծում եմ` մենք այդ ընթերցողին 20 տարի հետո միգուցե կտեսնենք, բայց այսօր այն գրեթե չկա: Շատ քիչ ազդեցություն ունի, կամ էլ պատկերն այնքան վատն է, որ այդ ազդեցությունը չի երևում: Եթե ձորում որևէ աթոռ դնեք, որպեսզի մի փոքր բարձր լինեք, այն նշանակություն չի ունենա, որովհետև անդունդը մեծ է, կամ էլ խորը փոսից աթոռի օգնությամբ դուրս չեք գա: Այսօր այն մարդիկ, ովքեր պատրաստ են հանուն ընթերցանության օրինակ ծառայել, պետք է նախաձեռնող լինեն, ցույց տան իրենց: Մենք շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին, ովքեր արեցին այդ քայլը, բայց մենք կցանկանանք, որ նախաձեռնություններն ավելին լինեն, օրինակ` սպորտսմենները մեզ դիմեն, երգիչները…

Armen-Martirosyan2

– Այս ամենից հետո ի՞նչ սպասենք: 
– Թե ի՞նչ է մեզ սպասվում` մեզ աղետ է սպասվում: Ու հերթական անգամ մեր իշխանությունները, կամ գոնե նրանց մի մասը, իրենց գրքատյացությունը, ստրկությունը թաքցնելով` ամեն ինչ գցում են ռուսների վրա: Հենց որ մենք միանանք Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), մեզ սպասվում է թղթի գների բարձրացում` տուրքն ավելանալու է: Ես, որ ոչ մի պետական մարմնի հետ գործ չունեմ, մասնակցելով Սանկտ Պետերբուրգում կայացած առաջին Եվրասիական տնտեսական միության կոնֆերանսին, Եվրասիական միության հանձնաժողովի առաջ բարձրացրեցի այս հարցը, ու նրանք ասացին` ճիշտ եք ասում, հատկապես այն դեպքում, երբ այս միությունը տնտեսական միություն է, իսկ սա ուղիղ հարված է մշակույթին: Իսկ մեր միությունը մշակութային չէ, սա զուտ տնտեսական է: Երբ մի հարց այս տնտեսական խնդրից մշակութային ոլորտում բերում է աղետի, ապա այն դրոշակի պես պետք է բարձրացնել, առաջ քաշել այս հարցը, և ո՞վ, եթե ոչ` ռուսը սա կընկալի, քանի որ լուրջ մշակույթի տեր է: Բայց ասեմ` մեր բանակցողների համեմատ` ղազախները սուպեր մշակութային երկիր են, բելառուսները` հիպեր մշակութային, մեր բանակցողները ստրուկ են ու նենգ, անմշակույթ ու օճառված են, մշակութապես բոբիկ են, իրենց մայրիկն իրենց նկարչական դպրոց չի տարել, հայրիկն իրենց երաժշտական դպրոց չի տարել, չեն այցելել թատրոն, կինո, նրանք գիրք չեն կարդացել. սա է իրենց մակարդակը, ու այս չարորակ ուռուցքից մենք պետք է վայրկյանապես ազատվենք:

Armen-Martirosyan3

– Ինչպե՞ս:
– Պետության ղեկավարները պետք է հենց հիմա այդ չբանակցող կույրաղիքը «հանեն-շպրտեն» դուրս, ու նոր մարդկանց ընդունեն: Շատ հետաքրքիր լուծումներ կարելի էր այս նույն ԵՏՄ-ում գտնել` նպաստող մեր տնտեսությանը, մշակույթին: Բայց այս ստրկամիտ մարդկանց չբանակցելու պատճառով կունենանք աղետներ:

– Այսինքն` եթե նույնիսկ այսքան ակցիաների դեպքում ընթերցանության մակարդակը չի ավելանում, հիմա թղթի ու, բնականաբար, գրքի թանկացման հետ մեկտեղ` պատկերն ավելի է վատանալու: 
– Հա, ապրեն բոլոր նրանք, ովքեր մասնակցում են այս ակցիաներին, բայց այս մարդկանց դրական քայլերը չեն կարող մեծ փոփոխություններ մտցնել, քանի որ մենք ունենք շատ վատ պատկեր: Երբ մեր երկրում բարձրաստիճան պաշտոնյան ասում է` քաղաքականությամբ զբաղվելու համար գիտելիք պետք չէ, ու ստանում է վարչապետի պաշտոնգ հիմա ասեք` այն երիտասարդը, որը չէր ուզում գիրք կարդալ, կամ, անգամ, որն ուզում էր կարդալ, հիմա նրանք ինչո՞ւ պետք է գիրք կարդան: Չէ՞ որ նրանք հասկանում են, որ գիտելիքի առկայությունը խանգարելու է հաջողությանը: Երբ մենք ունենք այս պատկերը, երբ նախագահներից մեկը կարող է իրեն թույլ տալ և ասել` ես գիրք կարդալ չեմ սիրում, երբ Սերժ Սարգսյանի ամենասիրած գրողն Արտաշես Գեղամյանն է, սա է մեր աղետը, ու սրա դեմ չես կարող պայքարել:

Armen_Martirosyan4

– Փաստորեն, ըստ Ձեզ, եթե հասարակությունը գիրք չի կարդում, մեղավոր է իշխանությո՞ւնը:
– Դե, որ իրենք կան, հասարակությունն է մեղավոր, իսկ որ գիրք չի կարդում հասարակությունը, դա արդեն Հայաստանը քանդելու արդյունքն է:

– Մի խոսքով, այս տարվանից գոհ չե՞ք:
– Գրքերի վաճառքի մակարդակով սարսափելի վատ է, ոլորտում կա հրատարակչություն, տպագրություն, գովազդ, բայց միջինում 40 % անկում կա` անցած տարվա տվյալների համեմատ:

– Շատ արժեքավոր գրքեր հրատարակվեցին, մի շարք թարգմանություններ արտասահմանյան գրականությունից: Ընթերցողն այս տարի չկարդաց, մյուս տարիներին հնարավոր է` կարդա: Լավ բաներ չեղա՞ն տարվա մեջ:
– Աշխարհում սկսեցին հետաքրքրվել հայ գրականության մշակույթով: Ու սա առաջին հերթին` Գրական գործակալության և Հայ գրականության հիմնադրամի 3 տարվա քրտնաջան ու գրագետ աշխատանքի արդյունքն է: Թուրքիան Հովհաննես Թեքգյոզյան գնեց, Կանադան մի քանի օր հետո նույն հեղինակին կթարգմանի, Գուրգեն Խանջյանը Թիֆլիսում կհրատարակվի, Արամ Պաչյանը` Ուկրաինայում: Եվ այն մարդիկ, ովքեր այս գործը տանողների հետ են, նրանք կսկսեն, այսպես ասած, ճանաչելի դառնալ:
Մի ուրիշ լավ բան` այս տարի Թուրքիայի հետ շատ հետաքրքիր համագործակցության տարի էր, ու մյուս տարի լինելու է ավելի զիլ: Մենք բազմաթիվ թուրք գրողներ թարգմանեցինք, մենք անպայման Օրհան Փամուկին, Էլիֆ Շաֆակին կհրավիրենք Հայաստան ու իրենց գրքերի շնորհանդեսներն իրենց հետ կանենք: Այս տարի մենք տպագրեցինք «1915. Հայոց ցեղասպանություն» Հասան Ջեմալի գիրքը, Թուրքիայի հրատարակիչների ասոցիացիայի խորհրդի անդամներն այցելեցին «Անտարես», ու մենք հետաքրքիր համագործակցության ենք սպասում: Համոզված եմ, որ մշակութային ճանապարհները բացելու են իրական ճանապարհներ: Մշակութային հզոր կապը լավ կամուրջ է դառնալու մեր պետությունների երկխոսության մեջ: Ցեղասպանության 100-ամյակի տարին է, ու ես կցանկանամ, որ մենք այնպես անենք, որ գոնե ևս 100 տարի անց մեզ հնարավոր չլինի ցեղասպանել, քանի որ մենք այս պահին ցեղասպանվում ենք: Ինձ համար` որպես ՀՀ քաղաքացի, միևնույն է` Քեմալի՞, թե՞ Ջեմալի սրից է իմ քաղաքացին լքում իր պետությունը, թե՞ տնտեսական և անարդարության պատճառներով: Ինձ համար տարբերություն չկա` թո՞ւրք փաշայի ձեռքով է նա լքում Հայաստանը, թե՞ հայ փաշայի, և իմ` Հայաստանի, խրամատը պետք է դատարկ չմնա: Գոնե 2015-ը լինի վերաիմաստավորման տարի, ու մենք ցեղասպանության մեջ միայն թուրքերին չմեղադրենք: Մենք վերաիմաստավորվենք` ի՞նչ չարեցինք, ի՞նչ քայլեր պիտի անենք, որ այդպես չլինի: Այսօր հո թուրքը չի՞ մեզ այդպես անում, ինչպե՞ս անել, որ մեր ժողովուրդը տոկուն լինի, դիմադրող լինի ու հնարավորություն չտա, որ որևէ փաշայի ձեռքով ինքը լքի պետությունը:
Եվ տարվա ամենակարևոր արդյունքներից մեկը` վերջապես Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» գիրքը պատրաստ է: Ի դեպ, գրքի նոր տարբերակը կա թարգմանված միայն ֆրանսերեն լեզվով, հայերենը երկրորդ թարգմանչական լեզուն է, ու այսօր մենք ցույց ենք տալիս աշխարհին, որ` «դե, գնացեք, գտեք վեպը ռուսերեն, անգլերեն ու կարդացեք, իսկ հայերեն կա»:

Armen-Martirosyan5

– 2015-ին ինչպե՞ս ենք սպասում, լա՞վ ենք տրամադրված:
– Ես շատ խոստումնալից տարի եմ սպասում` հատկապես քաղաքական առումով: Ու հենց հիմա ընթերցողներից մի քանիսը կասեն` ա՜, էլի քաղաքականացրեց: Այո, պարոնայք, քաղաքականացրեցի, քանի որ քաղաքականացնելու հականիշը գեղականացնելն է: Երկրորդ` պարոնայք, մի՛ ծուլացեք ու հենց հիմա փնտրեք ապուշ (ՌՊՌՏՑ) բառի առաջացումը և նշանակությունը, կգտնեք իդիոտիսը (idiotes), ու կտեսնեք` գրված է, որ դրանք այն մարդիկ են, որոնք քաղաքական-հասարակական կյանքով ակտիվ չեն զբաղվում, հին հունարենում առաջին նշանակությունը դա է: Մի՛ եղեք իդիոտիս, պարոնայք, ու մի՛ խանգարեք ուրիշներին` չլինել իդիոտիս, քանի դեռ մենք չենք զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը շատ վատ ձևով զբաղվում է մեզնով: Այդ առումով` ես շատ-շատ լուսավոր ու մեծ փոփոխությունների տարի եմ սպասում:
Հա, ու մի բան էլ ասեմ բոլոր ծնողներին. ժողովո՛ւրդ, գիրք չկարդացողների դարը շատ արագ անցնելու է: Հայաստանը մեծ պոտենցիալով, գիտելիքամետ ու գիտելիքահեն տնտեսություն ունեցող պետություն է: Եվ ես չեմ ուզում, որ աշխարհը ընկալի մեզ` որպես խորովածի երկիր, կենաց ասելու երկիրգ Ես ուզում եմ, որ աշխարհը մեզ տեսնի` որպես Բյուրականի աստղադիտարանի երկիր, տիեզերքի ինստիտուտի երկիր, ատոմակայան ունեցող երկիր, Մատենադարանը` որպես գիտական հիմնարկգ Բայց այս ամեն ինչն առանց կարդալ հնարավոր չէ, նոր տարվա արձակուրդներին ձեր երեխաները պետք է 2 գիրք կարդան, ու մինչև ձեր երեխան չտեսնի ձեզ` գիրք կարդալիս, ինքը չի կարդալու: Ու այսօր շատերի ինքնաբավ վիճակը գալիս է նրանից, որ մինչ այդ քիչ են կարդացել, խնդրում եմ ձեզ, կարդացեք. ոչ մեր գրքերը, ուզում եք` մեր գրքերը մի գնեք, ուրիշ գրքեր, միայն կարդացեք, ուզում եք` վիդեո, աուդիո կամ ինտելեկտուալ խաղեր խաղացեք, առաջ շարժեք էս պետությունը, առանց ձեր գիտելիքի` շանս չունենք վաղվա Հայաստանը կառուցելու համար, խնդրո՛ւմ եմ, կարդացե՛ք:
ԱՄԱԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս