8-ամյա Նարեկն էլ է գյուղի ջրի խնդրի մասին խոսում (տեսանյութ)
Սահմանամերձ գյուղում, թվում է, երեխաները պետք է անհոգ ապրեին, ինչպես իրենց հասակակիցները տարբեր գյուղերում, ու միայն իրենց համար նվերներ խնդրեին Ձմեռ պապիկից, սակայն Նոր այգեստանցի Նարեկը այդ ամենի հետ մեկտեղ գյուղի առաջնային խնդրի մասին է բարձրաձայնում։
Նարեկը Մարտակերտի շրջանի Նոր Այգեստանում է ապրում։ Շուրջ 65 ընտանիք ունեցող գյուղում հիմնականում Չայլուից բռնագաղթած ընտանիքներ են ապրում, որոնք հայրենի գյուղի գրավման ժամանակ ստիպված են եղել լքել իրենց տներն ու ապաստան գտնել այլ վայրերում։
Չայլուն Մարտակերտի շրջանի ամենահարուստ գյուղերից էր խորհրդային տարիներին, հիմա այն Ադրբեջանի վերահոսկողության տակ է գտնվում։ Ինչպես չայլուեցիներն են պատմում, 500-ից ավելի ծուխ ունեին, հիմա գյուղացիները ցրվել են աշխարհով մեկ։ Նոր Այգեստանում այդ ընտանիքներից ընդամենը տաս տոկոսն է հաստատվել։ Այստեղ նրանք ձգտում են պահել Չայլուի ավանդույթները: Հին չայլուեցիներն հաճախ վեճի են բռնվում երիտասարդների հետ՝ հորդորելով տանը խոսել հարազատ գյուղի բարբառով.
«Մկա դուք էլ էս ղարաբաղցոց բարբառով կխոսաք»,- ասում են նեղսրտած, մտածելով, որ իրենց բարբառը կմեռնի չգործածելուց։
Չայլուի բարբառն արդեն չեն հասկանում Նարեկի համագյուղացի հասակակիցները, ովքեր իրենց պապերի բարբառը չեն լսում ոչ դպրոցում, ոչ ընտանիքում, ոչ էլ համակարգչային խաղերում։ Պապերի խոսակցական լեզուն թոռները մոռանում են, փոխարենը լավ են հիշում արդեն իրենց հարազատ գյուղի խնդիրները, որոնց մասին հնարավոր է շատ են խոսում գյուղում։ Հավանաբար դա է պատճառը, որ փոքրիկները Ամանորի շեմին ձմեռ պապիկից ոչ միայն նվերներ են խնդրում, այլ նաեւ աջակցություն ակնկալում գյուղի առաջնային խնդրի՝ ջրի ապահովման հարցում։ Ահա թե ինչ ակնկալիքներ ունեն ադրբեջանա-ղարաբաղյան սահմանից ոչ հեռու գտնվող Նոր Այգեստանի փոքրիկները, ովքեր մեր այցելության ժամանակ խաղում էին իրենց «խաղադաշտում», որն իրենից ներկայացնում է մի փոքրիկ խոտածածկ տարածք՝ շուրջ բոլորն ավերակներ։
Գյուղի տեսքը՝ ավերված, կիսաքանդ տները չի վրիպում ապագա նախարարի՝ փոքրիկ Նարեկի աչքից, նշում է, որ կուզենար շատ փող ունենար, իր երազած «շքեղ տները» կառուցեր, որոնց ինքը հանդիպել է Երեւանում, Սեւանում, Ստեփանակերտում։
Նարեկենց դասարանում 10 հոգի են՝ երկու դասարան միացրած է իրար։ Ի տարբերություն Ղարաբաղի այլ գյուղերի, այստեղ երեխաներն ավելի համարձակ ու մարդամոտ են, չեն ամաչում տեսախցիկից, անկեղծանում են մինչեւ «անձնական գաղտնիքների» բացահայտում, խոսում են երազանքների մասին, չմոռանալով նշել, որ Ձմեռ պապիկից ուզում են այնպիսի բաներ, որոնց կարիքը շատ ունեն, կամ որոնք հիմա թանկ են, օրինակ մանդարինն ու բանանը։
«Սիրում եմ ես գահին բազմել, ուտել, խմել հրամայել,
Գլխիս ոսկե թագ եմ կրում, ես աշխարհն եմ կառավարում»,-արտասանում է Նարեկը։
Հարցնում եմ՝ ի՞նչ կանեիր, եթե գահին բազմած լինեիր։
Կարծում էի, որ մրգասեր ու քաղցրակեր տղան նորից ուտելիքների ու մեքենաների մասին կխոսի, բայց պատասխանը լրիվ անսպասելի էր։
«Գյուղացիների տները կհաշվեի, էտքան շլանգ կառնեի, որ ամեն մեկը հավասար ջուր ստանար»։
Մարիամ Սարգսյան