Տարին հաջող չէր գյուղատնտեսության համար
Անցնող տարին գյուղատնտեսության համար այնքան էլ հաջող չէր: Ինչպես «168 Ժամի» հետ զրույցում նշեց «Ագրարագյուղացիական միություն» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը, մեծ վնաս պատճառեց մարտի ցրտահարությունը, որ հիմնականում հարվածեց ծիրանի, վաղահաս պտղի այգիներին, և ծիրանի մոտ 90-95% բերք կորցրինք Հայաստանում:
«Սա շատ լուրջ հարված էր հայ գյուղացուն: Նաև շատ վատ աշխատեց ոռոգման համակարգը, հատկապես Շիրակի գոտում, և ունեցանք կարտոֆիլի բերքի կորուստ: Կարկուտն էլ իր գործն արեց` ցորենի հետ կապված, և այլն: Այնպես որ, տարին հաջող համարել չի կարելի` եղանակային պայմաններից ելնելով: Սակայն գյուղացին ամեն ինչ արեց, որ լավ բերք ունենա»,- ասաց Հ.Բերբերյանը:
Ըստ նրա` հացահատիկի հաջող բերք եղավ Գեղարքունիքի, Սիսիանի տարածաշրջանում, բացի Շիրակի գոտուց: Պտուղն իրոք վատ է, իսկ խաղողը նույն վիճակում է, ինչ անցած տարի: Բանջարեղենի գծով մի փոքր աճ կա անցած տարվա համեմատ, ինչը, սակայն, չի կարող էական նշանակություն ունենալ ընդհանուր ոլորտի վրա: Կարտոֆիլի վիճակը համեմատաբար կայուն է, ՀՀ-ն լրիվ ինքնաբավ է` արտահանման միտումով, թեև, ըստ Բերբերյանի, սպասելիքներն ամբողջությամբ չարդարացան. «Այս տարի ամեն ինչ պետք է անենք, ֆերմերները դիմել են նամակով վարչապետին, գրությունը շուտով կուղարկենք կարտոֆիլի տնկանյութ ապահովելու համար այն ֆերմերներին, որոնք արտահանման տեմպը կավելացնեն: Կարտոֆիլի շուկան միշտ ունենք, հարևան հանրապետությունները միշտ գնել են ու կգնեն, էլ չեմ ասում` ՌԴ շուկան, որ պետք է մեծ աշխատանք անել այդ ուղղությամբ: Եթե հիմա նախապատրաստական աշխատանքները շուտ վերջացնենք մինչև մարտ ամիսը, ուրեմն հաջորդ տարին, կարծես, բարենպաստ է մեզ համար: Այնպես չի լինում, որ ամեն տարի վատ է լինում»:
Թե ի՞նչ ակնկալիքներ կան ԵՏՄ-ին անդամակցելուց, Հ.Բերբերյանը նշեց, որ Հայաստանը գյուղմթերք արտահանել, արտահանում է և կարտահանի Ռուսաստան, ուղղակի թղթաբանության հետ կապված ավելի լավ վիճակ է. «Կարծում եմ, որ այս տարի էլ, անցած տարի էլ որևէ խնդիր Ռուսաստանի հետ չենք ունեցել: Իհարկե, ձևակերպումներն ավելի կմեղմացնեն վիճակը, բյուրոկրատական քաշքշուկներից ֆերմերները զերծ կմնան: Իսկ թե որքանո՞վ կապահովենք պահանջվող ծավալները` կախված է նրանից, թե ինչպես կպատրաստվենք հաջորդ տարվան: Կան քայլեր, որ պարտադիր պետք է կատարել, բայց չեն արվում, ու դրանք լուրջ հաջողություն կբերեին, օրինակ` կարտոֆիլի հարցը, բայց կան նաև ավելի լուրջ քայլեր, որոնք կբերեն արտահանման ծավալների ավելացման, բայց չեմ ասի` ինչ քայլեր»: