Բաժիններ՝

«Պետք չէ միայն պահոց շրջանում բարեպաշտ քրիստոնյա լինել, իսկ տարվա մնացյալ ժամանակահատվածում թերանալ, ապրել այլ կերպ»

Qahana.am կայքը զրուցել է դերասան Նարբե Պողոսյանի հետ

– Ինչպե՞ս առաջին անգամ հանդիպեցիք Աստծուն:

– Յուրաքանչյուր հայ ընտանիքում հոգևոր դաստիարակությունը սկսվում է փոքր հասակից: Սկսում են ինչ-որ մի բան ներկայացնել քեզ, ստեղծել մտքումդ: Քանի դեռ փոքր ես, չես կարողանում հասկանալ, թե ինչ է դա: Ինչպես բոլոր հայ քրիստոնյա ընտանիքներում, մեր ընտանիքում էլ այդպես սկսվեց՝ Հիսուսի մասին գրքեր, Աստծո մասին խոսքեր իմ ծնողներից: Բայց երբ արդեն հասունանում ես, ստեղծում ես քո հոգևոր աշխարհը, սկսում ես պատկերացնել այն ամենն, ինչ սովորել ես, ինչ քեզ ներկայացրել են: Չեմ կարող կոնկրետ ասել, թե ինչպես էր, բայց զգացի, որ ինչ-որ բան կա:

Երբեմն կյանքում պահեր են լինում, երբ չես կարողանում պատասխաններ գտնել: Լինում ես դու, քո եսը, քո միայնությունը, ու սկսում ես փորփրել ինչ-ինչ բաներ: Այդ ժամանակ էր երևի, որ զգացի Աստծո ուժը ու սկսեցի մի քիչ տարանջատվել մարդ արարածից, որովհետև շատ դեպքերում, երբ մենակ եմ լինում, ավելի հանգիստ եմ: Մարդ արարածը շատ անգամ ամենանեղ պահերիդ կարող է խանգարել: Բայց երբ մենակ ես ու սկսում ես շփվել Աստծո հետ, այդ ժամանակ հոգու հանգստություն ես ստանում: Երբեմն ինչ-որ բանից նեղված, ինչ-որ բանից կոտրված մեկի հետ կիսվում ես, ու ընկճվածությունդ սաստկանում է: Դա կարող է լինել ընկերդ, ծնողդ, ով այդպես է վարվում ոչ թե վատ մտադրությամբ, այլ ուղղակի խորհուրդ է տալիս: Բայց երբ միայնության մեջ սկսում ես խոսել Աստծո հետ, սկսում ես ուժ ստանալ, ու հոգիդ ավելի հանգիստ է լինում այդ պահին:

– Աստծուց որևէ նյութական բան ակնկալո՞ւմ եք:

– Ոչ: Ես միշտ վատ եմ զգում, երբ եկեղեցում տեսնում եմ շարունակ լացող, պահանջող մարդիկ: Գեթ մեկ անգամ, երբ պահանջդ կատարվեց, արդյո՞ք գնացիր Տիրոջը շնորհակալություն հայտնելու: Չմոռանանք, որ եկեղեցին Աստծո տունն է, ուր գնում ենք նաև ուրախության պահերին: Եվ ուրախությունը թող պատճառ հանդիսանա, որ ժողովուրդը եկեղեցուն մոտենա:

– Կպատմե՞ք ձեր կյանքում տեղի ունեցած հրաշքների մասին:

– Այո: Վերջին հրաշքն իմ երեխայի ծնունդն էր, ով միանգամից փոխեց մեր կյանքը: Ես միշտ ասում եմ, որ այս ծանր սոցիալական պայմաններում միակ ուրախացնող բանն իմ բալիկն է: Երբ տուն եմ մտնում, ամեն ինչ մոռանում եմ:

– Ինչպիսի՞ն էիք նախքան Աստծուն հանդիպելը և այդ հանդիպումից հետո:

– Չեմ կարող ասել, թե մեծ տարբերություն կա: Եղել է մանկության շրջան, հետո արդեն երիտասարդ տարիքում սկսել եմ հավատալ, և ընդհանրապես, տարանջատում չի եղել, օրինակ՝ չէի հավատում, հետո սկսեցի հավատալ: Աշխատում եմ միշտ ապրել հետևյալ կերպ. իսկ եթե տեսնե՞ն, իմանա՞ն: Դա դարձել է ոչ թե վախ, այլ ապրելակերպ: Ոչ մի փակ բան չեմ սիրում, ամեն ինչ պիտի պարզ ու ակնհայտ լինի:

– Վստահ եմ, որ աղոթում եք: Որքա՞ն հաճախ է տեղի ունենում այդ հանդիպումն Աստծո հետ: Ճիշտ է, Դուք հայտնի մարդ եք, բայց Աստծո առաջ բոլորը հավասար են:

– Չեմ սիրում կաղապարներ: Եթե բարիք ես գործում, ապա դա պիտի շարունակական բնույթ կրի, այլ ոչ թե լինի միայն Ս. Ծննդյան և Ամանորի առթիվ, կամ էլ պահոց շրջանում: Պետք չէ միայն պահոց շրջանում բարեպաշտ քրիստոնյա լինել, իսկ տարվա մնացյալ ժամանակահատվածում թերանալ, ապրել այլ կերպ: Նույնն էլ աղոթքի պարագայում է: Դու կարող ես եկեղեցի գնալ կամ չգնալ, սակայն զրուցել Աստծո հետ: Ցավոք սրտի, միշտ չեմ կարողանում գնալ եկեղեցի, սակայն աշխատանքիս բերումով վերջերս սկսել եմ հաճախ գնալ:

– Տակավին երիտասարդ եք, ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդներին, ինչպե՞ս կառուցել իրենց հարաբերություններն Աստծո հետ:

– Ցավոք սրտի, վերջին ժամանակահատվածում տեսնում եմ, որ մեր եկեղեցու կողքին գոյացել են կողմնակի շատ ճյուղավորումներ: Ես քրիստոնյա եմ, ծնվել եմ քրիստոնյա ընտանիքում, իմ դավանանքն ու իմ հավատքը մեր Հայ Առաքելական եկեղեցին է: Դա եղել է այն ժամանակ, որ ես չէի գիտակցում: Գիտակցելուց հետո հասկացա, որ առաջնայինը մեր մայր եկեղեցին է և ունենք մեկ Եկեղեցի, մեկ հավատք, մեկ Աստված, մեկ Հիսուս: Շատ կարևոր է նաև հոգու հանգստությունը, երբ մարդն արդար է:

– Տնօրինում եք միջոցառումների կազմակերպման «Love Production» գրասենյակը, որը կոչված է մարդկանց երջանիկ օրերն ավելի գեղեցիկ, ավելի շքեղ դարձնել: Որքանո՞վ են Ձեր գրասենյակի մատուցած ծառայությունները մարդկանց օգնում ավելի մտերմանալ Աստծո հետ: Թե՞ երբեմն այդ ճոխությունները մարդկանց հեռացնում են Աստծուց:

– Ընդհակառակը, կարծում եմ, որ լինում են մարդիկ, ովքեր ընդհանրապես Աստծուն չեն հավատում, բայց այդ միջոցառումն առիթ է, որ իրենք այդ օրը եկեղեցի գնան: Հարսանիքն առիթ է, որ իրենք եկեղեցի մտնեն և խորանի առջև կանգնեն:

– Դուք ունեք առաջնեկ և աստվածային օրհնությունը Ձեր ընտանիքում առաջնային է՝ Ձեր տունը օրհնված է, Ձեր ամուսնությունն օրհնված է: Ի՞նչ կասեք երեխայի մկրտության մասին: Եվ, ընդհանրապես, ի՞նչ է այսօր մկրտությունը մարդկանց համար՝ առիթ բարեկամների, ընկերների հետ շքեղ անցկացնելւ, թե՞ հոգևոր վերածննդի օր է:

– Եվ մեր տունը, և մեր ամուսնությունն օրհնող քահանան եղել է Տեր Շմավոն քահանան: Ինչպես ասում են՝ ընտանեկան բժիշկ, այնպես էլ նա մեր ընտանիքի քահանան է: Դեպքեր են լինում, երբ ընտանիքներով բուռն քննարկումներ ենք ունենում կրոնական ճյուղավորումների մասին, յուրաքանչյուրն իր կարծիքն է ասում: Տեր Շմավոնը խորհուրդ է տալիս երեխայի մկրտությունը շուտ անել: Ես մկրտվել եմ մեկ տարեկանում՝ իմ ծննդյան օրը և նույնն ուզում եմ բալիկիս պարագայում: Ես ճոխություններ չեմ սիրում, այլ՝ մինիմալիստական ամենագեղեցիկը: Օրինակ, մտածում եմ, որ տղայիս մկրտությունը տպավորիչ կլինի մեր հին վանքերից մեկի բակում, ասենք՝ Դղերի վանքում, վանքի առջև՝ մատաղ: Ցավոք սրտի, օտարամոլությունը մեղ մոտ արմատավորված է: Սովորելը գովելի է, եթե լավ բան ես սովորում, ընդօրինակում:

– Շնորհակալություն հարցազրույցի համար: Եվ Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:

– Միայն ուզում եմ, որ մի քիչ զգոն դառնան, զգույշ լինեն: Իրոք, դժվար ժամանակներ են, բավական վտանգավոր: Ու ընդամենը մի ակնթարթ, մի սխալ, և տարիներ շարունակ կուտակածդ փորձառությունը, հարգանքն ու պատիվը կարող են կործանվել: Ցավոք սրտի, այսօր չար ուժերը գալիս են և փորձում ներթափանցել քո ներքին անկյունը, խաթարել  հոգուդ հանգստությունը: Այդ անկյունը մի վաճառեք, մի տվեք ուրիշին, դա ձերն է, և պետք չէ այն վստահել ու տալ որևէ մեկին: Զգուշացեք կործանվելուց:  Եթե եկեղեցի չեք գնում, ապա պահպանեք ձեր ներքին անկյունը: Միշտ իմացեք, որ պիտի պատասխան տաք:

Արևիկ Համբարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս