Լավ, բա վե՞րջը. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ հիմնական հարցը, որն ինձ տալիս են փողոցում, հնչում է մոտավորապես հետեւյալ կերպ. «Էս խեղճ ազգի վերջն ի՞նչ է լինելու»: Դա իրականում հարց չէ, այլ բողոք եւ միաժամանակ հրավեր՝ խոսելու ազգի եւ «հարց տվողի» դարդուցավից: Այդ արտահայտությունն ինձ դուր չի գալիս երկու պատճառով: Նախ՝ ինքդ քեզ բնութագրելով որպես «խեղճ», «բազմաչարչար», «կոտորված», «տառապած»՝ դու օգտագործում ես «ինքնակործան» բառեր: Այսինքն՝ եթե դու քո մասին ասում ես «խեղճ», ապա ողջ կյանքումդ խեղճ էլ կմնաս, որովհետեւ քո հիմնական գործն է լինելու ուրիշների մեջ խղճահարություն առաջացնելը եւ քո նման «խեղճերի» շրջապատում նստելն ու կյանքից բողոքելը: Բայց նման մտածելակերպի վնասները դրանով չեն սահմանափակվում:
Այս մտածելակերպով դու քեզ եւ քո ազգը ներկայացնում ես որպես կամազուրկ մի տաշեղ, որին տանում-բերում են կյանքի այս օվկիանոսում եւ «վերջը» շպրտելու են մի ափամերձ տարածքում: Այդ դեպքում մնում է հուսալ, որ օվկիանոսը, այսպես ասած, «հայանպաստ» կլինի՝ տաք, ջերմ, խաղաղ, որպեսզի քո «վերջն» էլ լինի աֆրիկյան որեւէ տաք երկրում: Եթե դու ոչինչ չես ասում, ավելին՝ չես ուզում քո ներկայիս կյանքն ապրել եւ սպասում ես «վերջին», ապա ավելի հավանական է, որ այդ «վերջը» վատ կլինի: Դա, ինձ թվում է, քեզնից դուրս մեղավորներ փնտրելու մասնավոր դեպքն է: Նույն մտայնությունն ունի ավելի բարձր, պետական դրսեւորումներ: Հարցրեք մեր կառավարությանն ու Կենտրոնական բանկին՝ ինչն էր դոլարի արժեւորման «բռնկման» պատճառը: Եվ նրանց պատասխանը հետեւյալն է՝ մեղավոր են սպեկուլյանտները:
Երբ ասում են՝ «սպեկուլյանտ», ես պատկերացնում եմ այն մարդկանց, որոնք, օրինակ, 70-ական թվականներին ինչ-որ ձեւերով արտասահմանից «Մալբորո» էին բերում եւ հետո այդ ծխախոտն իրացնում էին Փուրթուլի կրպակի միջոցով: Այսօր, սակայն, հարաբերություններն ազատ շուկայական են, եւ սպեկուլյացիան՝ էժան գնելը եւ թանկ վաճառելը, դրա անբաժանելի ու կարեւոր մասն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ այսօրվա «Առավոտ» օրաթերթում: