Բաժիններ՝

Դրամատիկական դոլար

Այն, որ իշխանությունները ամեն առիթը բաց չեն թողնում քաղաքական դիվիդենտներ ստանալ, արդեն ակնհայտ է: Մաշտոցի պուրակ, կուտակային կենսաթոշակային համակարգ, արագաչափեր, տրանսպորտ, սահմանադրական բարեփոխումներ…

Գործելաոճը արդեն պարզ է` տեղի է ունենում ժողովրդի համար հերթական բացասական իրադարձությունը, որից հետո իշխանությունը հայտնվում է «բարի սուպերմենի» կարգավիճակով և փրկում ժողովրդին` մինչ այդ այդ բացասական իրադարձությունն ավելի խորացնելով, որից հետո գալով իբր որոշակի զիջումների: Արդյունքում, ժողովուրդը տոնում է հերթական բարոյական հաղթականը, իշխանությունն էլ հասնում է իր նպատակին:

Եվ ահա վերջին օրերին արտարժույթի շուկայում տեղի ունեցող խայտառակ իրադարձությունները երեկ դարձան իշխանության հերթական հաղթաթուղթը:

Դրամի սրընթաց արժեզրկումը ուներ իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները` առկա էր դոլարի պահանջարկ` դոլարի նվազման պայմաններում: Փոխարժեքի բարձրացումը ուղեկցվում էր նաև բացասական սպասումներով, ինչն էլի էր բարձրացնում փոխարժեքը: Արդյունքում երեկ առավոտյան ԱՄՆ դոլարը վաճառվում էր 650 դրամով: Իրավիճակը դարձել էր անվերահսկելի: Իսկ Կառավարությունն ու ԿԲ, վերջին մի քանի ոչինչ չասող հայտարարություններից հետո, շարունակում էր լռել: Ակնհայտ էր, որ հերթական հայտարարությունը ոչինչ չէր փոխելու ֆինանսական շուկայում: Եվ այստեղ կազմակերպեց հերթական շոուն` իր երևացող և չերևացող մասերով: Դոլարի փոխարժեքի նվազման մեկ տարբերակ կա` դոլարի քանակի ավելացումը շուկայում, ինչը կբավարարի պահանջարկը: Տրանսֆերտների աճ, արտահանման աճ, ներդրումների աճ կամ էլ ներմուծման նվազում կազմակերպելն անհնար էր: ԿԲ պահուստներում առկա դոլարն էլ չէր բավականացնում պահանջարկը բավարարելուն: Միակ տարբերակը բանկերում առկա դոլարի վաճառքի պարտադիր կազմակերպումն էր: Եվ ահա, ԿԲ փոփոխություն է կատարում բանկերի պարտադիր պահուստավորման նորմատիվում` պահուստավորման նորմատիվը բարձրացնելով միանգամից 12 տոկոսով, ինչ աննախադեպ է Հայաստանի բանկային համակարգի ողջ պատմության ընթացքում,   և ստիպելով այսօրվանից համալրել այդ պահուստները, որը իրականացվում է ՀՀ դրամով: Այսինքն, բանկերը պետք է դոլար վաճառեն` իրենց համար անհրաժեշտ դրամն ապահովելու համար: Իսկ, այս ամենի փոխարեն հրապարակվում են Կառավարության և ԿԲ հայտարարությունները, որ ամեն ինչ նորմալ է և փոխարժեքը կվազնի շուտով: Եվ այդ շուտովը գալիս է մի քանի ժամից: Եվ 650-700 դրամ փոխարժեքի սարսափից ժողովուրդը երնեկ է տալիս 500 դրամ փոխարժեքին` մոռանալով 20 տոկոս արժեզրկումը և ապրանքների 50-100 տոկոս թանկացումը:

Կարդացեք նաև

Իսկ դրան զուգահեռ ապահովվում է շոուի տեսանելի մասը, որը կշարունակվի այսօր. «Արդեն այսօր ֆինանսական շուկան կայունանում է, դրամը սկսում է արժևորվել»,-երեկ այս մասին հայտարարեցին Կառավարությունն ու ԿԲ-ը»:

Մի քանի ամիս անց, լուրջ խնդիրներ կառաջանան բանկային համակարգում և ողջ տնտեսությունում, չի բացառվում որոշ բանկերի սնանկությունը: Իշխանությունները արդեն պատրաստվում են դրան` շոուի տեսանելի մասն ապահովելու համար:

Բենիկ Ֆրանկլին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս