Հրաչ Բերբերյանը կոչ է անում Կենտրոնական բանկին սառեցնել գյուղացիների վարկերը
«Այսօր անիմաստ է ընդհանրապես խոսել գյուղմթերքի գների թանկացման մասին, քանի որ արտարժույթը 25 տոկոսով բարձրացել է: Նման հարված Հայաստանի տնտեսությանը երբևիցե չէր եղել: Այս ամենի բացատրությունը պետք է տա Կենտրոնական բանկը, թե ինչպես մեր պետությանը հասցրեց այս վիճակին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նա կոչ արեց Կենտրոնական բանկին սառեցնել գյուղացիների վարկերը՝ հատկապես արտարժութային, քանի որ գյուղացին այսօր օրհասական վիճակում է. «ԿԲ-ը մի 10 օր առաջ լուրջ խոստումներ էր տալիս, որ արտարժույթի տատանումներ չեն լինի կամ քիչ կլինեն, բայց արդեն 25 տոկոսով տատանում է տալիս: Ո՞վ է սրա պատասխանը տալու: Դիմացը գարնանացան ունենք, գյուղացին որ այդ գումարները կոպեկ-կոպեկ հավաքել էր՝ հույս ունենալով, որ ցանքատարածությունները վաղը մյուս օրը կավելացնի, այսօր ամեն ինչ ջուրն ընկավ: Չի կարելի հարվածել մի բնագավառի, որ այս տնտեսության ողնաշարն է: Ես դիմում եմ նաև Ազգային ժողովին, որ հանձնաժողովների միջոցով ուսումնասիրություններ անի, պարզի, թե այդ արտարժույթը, որ ամեն օր վաճառում է ԿԲ-ը, ո՞ւր է գնում: Երեկ էլ են 4 միլիոն դոլար վաճառել, այդ գումարներն ո՞ւր են գնում, այդ ո՞ր ընկերություններն են Հայաստանից այդ գումարներն արտահանում»:
Նրա խոսքով՝ գյուղացիներ կային, որ այսօրվա դրությամբ 1 միլիոն դրամ կուտակել էին, որ դեկտեմբերի 1-ին վարկը փակեին ու նոր վարկ ստանային հաջորդ տարվա համար: Հիմա այդ գումարը, սակայն, չի բավարարում վարկը փակելու համար. «Այսօր նրանց պետք է, կոպիտ ասած, 1 միլիոն 250 հազար դրամ, այսինքն՝ 25 տոկոսով ավելի: Այսօր առավոտյան ես այս հարցը գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ էլ եմ քննարկել: Մասսայական դժգոհություններ են գյուղերում: Ես երկուսիս անունից եմ դիմում Կենտրոնական բանկին սառեցնել այդ գումարները մինչև վիճակի կայունանալը: Վերջին օրերին մոտ 30 միլիոն դոլար, օրինակ, վաճառվել է, բայց այդ գումարը շրջանառության մեջ պիտի լիներ, չէ՞: Չկա, գնալով բարձրանում է»:
Հ. Բերբերյանը վստահեցրեց, որ մսի գնի թանկացում ներկա դրությամբ չկա, գները կայուն են. «Միշտ Նոր տարուց առաջ մի փոքր դրամային թանկացում, մասսայական մորթ լինում է, որը, կարծում եմ, այդքան էլ մեծ չի լինի այս տարի. նման իրավիճակի պայմաններում բնակչությունը գնողունակություն չունի: Մի հատ խանութներում նայեք, կտեսնեք, որ այն եռուզեռը չկա, ինչը կար անցած տարի»: