«2015 թվականին էլ պետք չէ որակական դրական փոփոխությունների սպասել». փորձագետ
«2014 թվականը նույնպես չարձանագրվեց որակական փոփոխություններով: Մենք պարզապես չենք տարբերում զարգացում և աճ հասկացությունները. դինոզավրն էլ էր աճում, բայց չէր զարգանում: Իսկ եթե տեսնենք, որ բյուջեի ծախսային մասում մի քանի հանգուցային ուղղություններով կտրուկ փոփոխություններ են գնում, ապա կսկսենք մտածել, որ մեր պետությունը որոշել է զարգանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ ամփոփելով նախորդ տնտեսական տարին:
Նրա համոզմամբ՝ 2015-ին էլ պետք չէ որակական փոփոխությունների սպասել. «Քանի որ ես գիտեմ եկող տարվա բյուջեի ծախսային և եկամտային կառուցվածքը, ուրեմն երաշխավորում եմ, որ այս անգամ էլ պետք չէ որակական դրական փոփոխություններ սպասել: Այս տարի նույնպես մեզ չհաջողվեց ներկրման և արտահանման ծավալների էական որակական փոփոխություն արձանագրել: Մենք երեք անգամ ավելի շատ ներկրում ենք, քան արտահանում, իսկ դա նշանակում է, որ մեզ միշտ պետք է ավելցուկային արտարժույթ: Հենց դրա համար էլ մենք պատրաստ չենք արտաքին շոկերի:
Հաճախ մեր մամուլում սկսում են հեգնանքով ասել, որ Ադրբեջանը նստած է նավթային ասեղի վրա: Հա, մենք էլ տրանսֆերտային ասեղի վրա ենք նստած, ի՞նչ տարբերություն: Ուղղակի տարբերությունն այն է, որ նավթն, այնուամենայնիվ, Ադրբեջանում է, իսկ մեր տրանսֆերտների տերերը դրսում են: Սա էլ երկրորդ խնդիրն էր, որ չլուծվեց: Երրորդ խնդիրն էլ այն էր, որ ամեն տարի փող հավաքելու նոր ձևեր են հնարում՝ լինի հարկային ոլորտում, լինի տուրքերի ոլորտում, լինի տարբեր ծառայությունների մատուցման ոլորտում: Երբ ամեն գնով ուզում են լցնել բյուջեն և այլ տեղերը, այդ թվում նաև մասնավոր, նշանակում է՝ փողի խնդիր կա, սա էլ է նշանակում, որ մեզ մոտ զարգացում չկա»:
Ըստ փորձագետի՝ կա մի դրական բան, որ միշտ մեզ հետ է. դա մեր որակն է: Եթե մենք այսքանը հասկանանք և պահանջատեր լինենք, ըստ նրա՝ շատ դժվար կլինի բացասական բան ասելը. «Մեր վիճակը պահանջում է լուրջ մասնագիտական քայլեր: Բայց ո՞ւմ ենք մենք փնտրում, ո՞ւմ մոտ ենք գնում, ձեռքներս պարզում, հաղթանակ ուզում: Մենք շատ պրակտիկ ենք մեր անձնական հարցերում, միշտ դիմում ենք ամենալավ մասնագետին՝ բժշկին, դասախոսին, ավտոմեխանիկին և այլն, բայց հենց խոսքը գնում է պետության կայացման մասին, ում ասես, սկսում ենք վստահել և զարմանում ենք, որ պետությունը չի կայանում:
Կյանքը չի կրկնվում, կյանքն այլ որակ է տալիս, բայց եկեք չմոռանանք մեր պատմությունը: 1914թ. էլ նույնպես գահավիժում էր, բայց ի՞նչ եղավ 1915-ին: Մենք եթե-ներով իրավունք չունենք խոսելու, քանի որ գետնի վրա Հայաստանի և հայության ապագան է: Մենք դրա պատճառով ոչ թե մեկ ապակի ջարդած կունենանք տանը, այլ պարզապես մենք չենք լինի»: