Բաժիններ՝

«Հանքի շահագործման ողջ ընթացքում կվճարվի մոտ 200 մլն դոլար աշխատավարձերի տեսքով». Հովարդ Սթիվենսոն. Մեդիամաքս

Մեդիամաքս-ը հարցազրույցը Lydian International ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի հետ։ Ներկայացնում ենք մի հատված այդ հարցազրույցից։

– Լիդիանի դուստր ընկերությունը՝ Գեոթիմը Ամուլսարի ծրագրի համար ստացավ հանքարդյունահանման թույլտվություն: Սա այս պահին ամենախոշոր օտարերկրյա ներդրումն է Հայաստանում: Ինչպե՞ս այն կազդի Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով երկրում առկա զգալի տնտեսական խնդիրները:

– Առաջին հերթին կցանկանայի նշել, որ թույլտվությունը տրամադրվել է բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ կառավարության, տեղական համայնքների, քաղաքացիական հասարակության, տեղական եւ արտասահմանյան փորձագետների հետ խորը եւ համապարփակ խորհրդակցությունների եւ աշխատանքների արդյունքում: Շնորհակալ եմ բոլոր կողմերին ծրագրի տարբեր փուլերում քննարկումներին մասնակցելու եւ համագործակցության համար:

Ամուլսարը մոտ 420 մլն դոլարի ներդրումային ծրագիր է: Մեր հաշվարկներով հանքի շահագործման ողջ ընթացքում կվճարվի մոտ 200 մլն դոլար աշխատավարձերի տեսքով եւ տասնյակ միլիոնավոր դոլարի հարկեր յուրաքանչյուր տարի: Անկասկած, տնտեսական օգուտները շոշափելի կլինեն երկրի եւ, հատկապես, տեղական համայնքների համար:

Ամենակարեւոր հանգամանքներից մեկն այն է, որ լինելով ամենախոշոր օտարերկրյա ներդրումը՝ միջազգային հեղինակավոր բանկերի եւ հաստատությունների ներգրավմամբ, Ամուլսարը ընդգծում է օտարերկրյա ներդրումների հանդեպ Հայաստանի բաց լինելը: Մրցակցությունը համաշխարհային տնտեսությունում բավական լարված է եւ ներդրումներ ներգրավելը լրացուցիչ ջանքեր է պահանջում: Հույս ունենք, որ Ամուլսարի հաջողությունը կդառնա նաեւ Հայաստանի հաջողությունը, որպես ներդրումային նոր ուղղություն, քանի որ, վստահ ենք, Հայաստանը մեծ ներուժ ունի:

– Ծրագրի հաստատումը բավական ձգձգվեց. ձեր ընկերությունը ստիպված էր փոխել ծրագրի ենթակառուցվածքները: Այժմ բոլոր անհրաժեշտ թույլտվությունները կա՞ն եւ որո՞նք են հաջորդ քայլերը:

– Ծրագրի ենթակառուցվածքների նախագիծն իսկապես երկու անգամ փոփոխվեց վերջին երկու տարում ընդունված օրենսդրական փոփոխություններին համապատասխանելու համար: Արդյունքում ծրագրի իրականացումն իրոք հետաձգվեց, սակայն այս ընթացքում մենք համագործակցեցինք բոլոր շահագրգիռ կողմերի հետ, ապահովելով, որ ծրագիրը համապատասխանի օրենսդրական նոր փոփոխությունների պահանջին եւ ապահովի բոլոր մտահոգությունների լուծումները: Այս համագործակցության արդյունքում ընկերությունը ստացավ անհրաժեշտ թույլտվությունները: Այժմ պատրաստվում ենք հաջորդ կարեւոր քայլին՝ խոստացված ներդրումները երկիր բերելուն եւ շինարարության սկզբին՝ 2015 թ. գարուն-ամառ ժամանակահատվածում:

– Ե՞րբ եւ ի՞նչպես այդ ներդրումների ազդեցությունը կզգան շրջակա համայնքները եւ ինչ գործնական օգուտ կտա Ամուլսարի ծրագիրը նրանց:

– Կարծում եմ, արդեն իսկ որոնողահետախուզական աշխատանքների 6-7 տարիների ընթացքում ծրագրի դրական ազդեցությունը զգացվել է: Ծրագրում արդեն ներդրվել է 69 միլիոն դոլար որոնողահետախուզական փուլում՝ ստեղծելով աշխատատեղեր համայնքներում եւ Երեւանում: Միայն անցյալ տարի մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար է վճարվել համայնքներին՝ հողի հարկի տեսքով: Մոտ 400 000 հազար դոլար է տարեկան ներդրվում համայնքային սոցիալական ծրագրերում, որոնք ուղղվում են շրջակա համայնքների կայուն զարգացմանը: Վերանորոգվել են դպրոցներ եւ մանկապարտեզներ, իրականացվել են ջրամատակարարման, գազաֆիկացման, գյուղատնտեսական եւ այլ ծրագրեր:

Սակայն ամենազգալի արդյունքները դեռեւս առջեւում են, երբ սկսվի շինարարությունը եւ արդյունահանումը: Շինարարության փուլը նախատեսում է մոտ 1500 աշխատատեղ, մոտ 700 մշտական աշխատատեղ կլինի հանքի շահագործման ողջ ընթացքում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս