Կոնստանտին Կալաչով. ՌԴ-ն պետք է ունենա իր դաշնակիցները և պլացդարմը Կովկասում

Հարցազրույց ռուսաստանյան Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար
Կոնստանտին Կալաչովի հետ

– Պարոն Կալաչով, Հայաստանն ու Ռուսաստանն արդեն վավերացրել են Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, իսկ Ղազախստանն ու Բելառուսը` դեռ ոչ: Ընդ որում, Ղազախստանում երեկ ավարտվել է ժամկետը, երբ հնարավոր էր փաստաթուղթն ընդգրկել խորհրդարանի օրակարգ և հասցնել վավերացնել մինչև տարեվերջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Ես այդպես կտրուկ չէի լինի: Առաջիկա օրերին Ղազախստան է այցելելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ենթադրում եմ, որ բացի նավթագազային ոլորտում համագործակցության հարցերից, նա կքննարկի նաև ԵՏՄ-ի հետ կապված թեմաներ: Բացի Հայաստանից, որոշվում է նաև Ղրղըզստանի անդամակցության հարցը, որին ՌԴ-ն նույնպես հրավիրել է միություն: Ես կարծում եմ, որ չնայած բոլոր սկզբունքային հարցերին, որ Ղազախստանը դնում էր ԵՏՄ-ին Հայաստանի ինտրեգրման հետ կապված, չի կարելի Ղազախստանը դիտարկել` որպես այդ ինտեգրացիայի հակառակորդ:

Ղազախստանը հնչեցրեց այն հարցերը, որոնք ամեն դեպքում կբարձրացվեին, և ամեն դեպքում դրանց պետք էր պատասխանել: Ինչպես հասկանում եմ, Ղարաբաղի հարցում խնդիրները լուծում ստացել են, ՀՀ-ն անդամակցում է առանց Ղարաբաղի: Ազնվորեն ասած, ես առաջին անգամ եմ լսում, որ երեկ ավարտվել է ժամկետը: Հենց երեկ եմ շփվել Ղազախստանի գործընկերների հետ, քննարկում էինք, թե ինչ թեմաներ կբարձրացվեն Մեդվեդևի Ղազախստան այցի ժամանակ, և նրանք, ի թիվս այլ թեմաների, նշում էին նաև ԵՏՄ-ի հետ կապված ՀՀ-ի ու Ղրղըզստանի անդամակցության հարցերը:

Ու նրանք ոչ մի նման միտք չարտահայտեցին, իբր թե Ղազախստանն արգելափակում է ՀՀ-ի անդամակցությունը: Ղազախստանը, իհարկե, այժմ գտնվում է դժվարին իրավիճակում և ուզում է հարաբերությունները զարգացնել բոլորի հետ, այդ թվում` նավթի ու գազի արդյունահանման հարցում նրան պետք են նորմալ հարաբերություններ աշխարհի խոշորագույն ընկերությունների, շուկայի բոլոր նշանակալի խաղացողների հետ:

Նրան հարկավոր են ներդրումներ, հարկավոր են տեխնոլոգիաներ, և հասկանալի է, որ Ղազախստանը չի տեսնում իրեն միայն ՌԴ-ի փոքր եղբոր, փոքր գործընկերոջ դերում, և ուզում է, որ իր վրա չազդեն ՌԴ-ի դեմ կիրառված Արևմուտքի պատժամիջոցները, և փորձելու է լավ հարաբերություններ ունենալ բոլորի հետ: Ղազախստանը, գազի և նավթի արդյունահանման հնարավորությունների, աշխարհի խոշորագույն էներգետիկ գերտերությունների շարքում հայտնվելու իր ծրագրերի հետ կապված, հաշվի առնելով տրանզիտի խնդիրները, բնականաբար, կարևորում է հարաբերությունները Բաքվի հետ: Բայց ես կարծում եմ, որ չնայած Ադրբեջանի հետ կան որոշակի տնտեսական շահեր, դա բնավ չի նշանակում, որ Ղազախստանը պատրաստ է հարաբերությունները վատթարացնել ՌԴ-ի հետ, որի համար ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացն արագացնելը սկզբունքային հարց է:

Ամեն դեպքում Նազարբաևը սեփական խաղն է խաղում, հատկապես, հաշվի առնելով, թե ինչ տեղ ունի Ղազախստանն աշխարհում, հասկանալի է, որ Կասպիցի յուրացումը թույլ կտա Ղազախստանին մտնել աշխարհի առաջին 5 նավթարդյունահանող երկրների մեջ: Եվ եթե նայենք, թե որն է ղազախական գազի ու նավթի տեղափոխման ճանապարհը, թե ինչպես է այն կապված Ադրբեջանի հետ, ամեն ինչ պարզ է լինում: Այնուամենայնիվ, կա ավելի մեծ շահ` Ռուսաստանի հետ ջերմ ու բարեկամական հարաբերությունների առումով, այսինքն` Ղազախստանը կանի ամեն հնարավորը` մի գնդակով երկու նապաստակ խփելու համար: Արևմուտքի գործընկերների առջև դեմքը պահելու և Ադրբեջանի հետ հարաբերությունները չմթագնելու համար Ղազախստանը պատրաստակամություն չի ցուցաբերի ստորագրելու ՌԴ-ի յուրաքանչյուր առաջարկի տակ: Սակայն, ամեն դեպքում, ինտեգրման ուղղությունը տրված է, և այս գործընթացն այլևս անշեղելի է:

– Այսինքն՝ ամեն դեպքում Ղազախստանը մինչև տարեվերջ կհասցնի՞ վավերացնել պայմանագիրը, ժամանակը կբավարարի՞, հաշվի առնելով, որ նրանց խորհրդարանը երկպալատ է՝ Մեջլիս ու Սենատ: Ի դեպ, երկպալատ խորհրդարան ունի նաև Բելառուսը:

– Դժվար է ասել, Բելառուսի հետ կապված էլ այժմ խնդիր կա` կապված ՌԴ-ի հետ սահմանին մաքսակետ հայտնվելու հետ, որն ի հայտ եկավ «Ռոսսելխոզնադզորի» գործողություններից հետո: Գաղտնիք չէ, որ ՌԴ-ի հետ Բելառուսի հարաբերություններն անամպ չեն: Հոկտեմբերին Ղազախստանում էր Վ.Պուտինը, մեկնարկ տրվեց նոր «Եվրասիա» նախագծին՝ 500 մլն դոլար արժողությամբ, որի շրջանակներում Կասպիցում նավթի հետախուզական աշխատանքներ են իրականացվելու: Կարծում եմ, հարկավոր է սպասել Մեդվեդևի այցին, որի արդյունքներով պարզ կլինի, թե ինչպես և ուր կընթանան զարգացումները: Ես հավատում եմ, որ մինչև տարվա վերջ բոլոր անհրաժեշտ քայլերը կարվեն, բոլոր անհրաժեշտ ձևականությունները կպահպանվեն, քանի որ ՌԴ-ի համար դա Պուտինի ռազմավարական, գերկարևոր նախագիծն է:

Ոչ մի դանդաղեցում, ըստ էության, չպետք է լինի: Եթե կշեռքի մի նժարին դնենք միջազգային հանրության աչքերում առավելագույն անկախ լինելու` Ղազախստանի ձգտումը, նաև գուցե գա ժամանակ, որ Ղազախստանը դառնա ՌԴ մրցակիցը նավթագազային ոլորտում, իսկ մյուս նժարին դնենք Ղազախստանի այսօրվա շահը, որ ստանում է ինտեգրումից, ապա ես կարծում եմ, որ միութենական շահերը պետք է ավելի ծանր լինեն: Հայաստանի հետ կապված` կարծում եմ, որ Աստանայի կտրուկ դիրք ընդունելն իրատեսական չէ, երբ ՀՀ-ն արդեն բոլոր հարցերին պատասխանել է, Ադրբեջանում էլ համակերպվել են իրողությանը:

Դժվար է պատկերացնել, որ Ալիևը Նազարբաևին համոզում է` «թանկագին ընկեր, արգելակիր Հայաստանի ինտեգրացիան», և այլն: Նրանք ընդհանուր թեմա ունեն` նավթամուղը, բայց Պուտինին չեն կարող երկրորդ պլան մղել: Իմաստ չկա ձգձգելու, եթե որոշումն արդեն ընդունված է: Ինչի՞ն սպասել ՀՀ-ում՝ հեղափոխությա՞ն ու արևմտամետ ուժերի հաղթանակի՞: Դա չի լինի: Ռուսաստանը հրաժարվի՞ Հայաստանի հետ համագործակցությունից: Նույնպես քիչ հավանական է: Այնպես որ, տրամաբանություն չկա:

– Եթե, այնուամենայնիվ, մինչև տարեվերջ այս կամ այն երկիրը չհասցնի վավերացնել պայմանագիրը, ի՞նչ կլինի այդ դեպքում: Նոր փաստաթղթի կարիք կլինի՞, թե՞ ինչ:

– Ճիշտն ասած, Դուք ինձ փակուղու մեջ եք դրել, ես չէի կարծում, թե այնտեղ որևէ խնդիր կա այժմ: Ավելի լավ է սպասել Մեդվեդևի այցի ավարտին: Ակնհայտ է, որ այդ հարցերն այնտեղ նույնպես կբարձրացվեն: Հստակ է, որ կան որոշակի փաթեթային պայմանավորվածություններ: Այցը հենց այնպես չէ այժմ տեղի ունենում: Խոսքը բազմամիլիոնանոց համատեղ նախագծերի մասին է, և որևէ անախորժություն հարկավոր չէ ոչ մեկին: Հակառակը: Իսկ Հայաստանի ինտեգրման ձգձգումը կարող է մթագնել գործընթացը և ցույց տալ փոխհամաձայնության բացակայությունը, որի մեջ ոչ մի կողմն այժմ հետաքրքրված չէ:

Ես timeout կվերցնեի: Ո՞վ գիտե, թե ի՞նչ կպարզվի այս այցի ընթացքում: Գուցե իսկապես ինչ-որ լուրջ տարաձայնություններ կան ոչ միայն ինտեգրացիոն հարցերում: Չնայած քիչ հավանական է, բայց սատանան գիտե: Ղազախստանում գրանցված են 500 չինական և 5000 ռուսական կազմակերպություններ, բայց հասկանալի է, որ ոչ միայն ՌԴ-ն է ազդում Ղազախստանի վրա, և Կասպիցի շելֆի յուրացման հարցում այն կարիք կունենա արևմտյան ներդրումների ու տեխնոլոգիաների:

Բայց նաև այն, որ Ղազախստանի խոշորագույն հանքերը շահագործվում են ՌԴ մասնակցությամբ, երևի թե ինչ-որ բան ասում է: Ղազախստանն ինքնիշխան երկիր է, ակնհայտ է, որ ունի իր շահերը, կան որոշակի խնդիրներ ՌԴ-ի հետ ուկրաինական խնդրի հետ կապված, բայց այժմ այն ժամանակը չէ, որ ի ցույց դրվեն տարաձայնությունները:

– Ռուսաստանի ու Բելառուսի միջև առևտային պատերազմը դեռ շարունակվում է: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրադրությունն ու ի՞նչ եք կարծում` ԵՏՄ-ն կամ դեռ ՄՄ-ն գործո՞ւմ են իրենց ողջ ծավալով:

– Բելառուսի հետ պատմությունը ցույց տվեց, որ ՄՄ-ն ներկայումս ավելի շուտ միայն թղթի վրա է, ամբողջ ծավալով հաստատ չի գործում: Բայց ազնվորեն, այս իրավիճակում ես Բելառուսի կողմնակիցն եմ և աջակցում եմ Լուկաշենկոյին: Իմ կարծիքով` մեր չինովնիկները շատ մեծ հիմարություն արեցին: Ենթադրենք, իսկապես մեզ մոտ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքները Բելառուսով են գալիս, և ի՞նչ: Մենք իսկապե՞ս կարող ենք ճնշել արևմուտքի երկրների տնտեսությունները: Չէ՞ որ ՌԴ-ի կողմից հակապատժամիջոցներն ավելի շուտ սիմվոլիկ քայլ են: Այո, Եվրոպան փող է կորցնում, բայց մենք չենք կարող տապալել, ոչնչացնել պանրի արտադրությունը Ֆրանսիայում, պրոշուտոն` Իտալիայում, կամ խամոնը` Իսպանիայում: Կան սպառման շատ շուկաներ, մենք միակը չենք:

Կարելի էր Բելառուսի հնարամտության վրա աչք փակել, բելառուսներին հնարավորություն տալ գումար վաստակելու, սեփական քաղաքացիներին էլ` ձեռք բերելու ցանկալի ապրանքը: Դա ավելի խելացի կլիներ, քան այն, ինչ տեղի է ունենում հիմա: Կարելի է բոլորի հետ վիճել, բայց դա Ռուսաստանին կենսունակություն չի հաղորդի, հակառակը: Եվ վերջին դաշնակիցների հանդեպ այդպես վարվել չարժի, պետք էր ամեն ինչ անել, որ կոնֆլիկտ չառաջանա: Լուկաշենկոն էլ իր գաղափարախոսություններն ունի, և ոչ մի օգուտ չկա դրությունը սրելու համար: Այժմ կարծում եմ, որ ԵՏՄ-ն և ՄՄ-ն հարաբերությունների ամրության փորձաշրջան են անցնում: Բելառուսի հետ կարճատև խնդիրները թույլ կտան խուսափել երկարաժամկետ հեռանկարում հնարավոր խնդիրներից: Ի վերջո, պետք է հասկանալ, որ այս ինտեգրման գործընթացում բոլորը հավասար են, և պետք է հարգանքով վերաբերվել, կամ էլ ոչինչ չի լինի, քանի որ փոքր ու մեծ եղբոր մոդելն արդեն չի աշխատում:

– ՌԴ-ի շուրջ միջազգային իրադրությունը շարունակում է սրվել, Եվրոպայի պատժամիջոցների երկարացման հարցը նախատեսվում է քննարկել մարտին: Այսինքն` մինչ այդ պատժամիջոցները գործելու են, եթե դրությունը կտրուկ չփոխվի: Այս դժվարին վիճակում Ռուսաստանի ինչի՞ն է հարկավոր Հայաստանի նման ոչ հարուստ տնտեսություն ունեցող երկիրը: Ըստ Ձեզ` ինչո՞ւ է հարկավոր մեզ ներքաշել այդ միության մեջ:

– Իրականում մենք գիտենք, թե ինչ հիմնավորումներ են հնչում. որ 3 միլիոնանոց Հայաստանը կստանա 170 մլն-անոց սպառման շուկա: ՀՀ դեպքում պատճառները հասկանալի են: Ի դեպ, Մոսկվայում ավելացել են հայկական ապրանքները, փոքրիկ խանութներում վաճառում են հյութեր, գինիներ, պահածոներ, մսամթերք: Այսինքն` ԵՏՄ-ն դեռ չի կայացել, իսկ հայկական ապրանքների հարցով Մոսկվայում ոչ մի խնդիր չկա:

– Բայց մինչ այժմ էլ նման խնդիր չկար:

– Այս քանակությամբ հայկական ապրանք չկար այստեղ: Իրականում ինձ թվում է, որ հիմա շատ ավելի շատ է, խանութներում կան հատուկ բաժիններ` միայն հայկական ապրանքով: Ինչի՞ համար է դա հարկավոր ՌԴ-ին. կան արտաքին ու ներքին գործոններ: Ներքինը` ժողովուրդների բարեկամության, նախկին միության կարոտախտի գործոնը, որ արտահայտվում է նոր ձևով միության ստեղծմամբ, ես չեմ ասում, որ դա ԽՍՀՄ-ի վերականգնում է, նաև հաշվի է առնվում ներքին քաղաքականության մեջ եղած պահանջարկը:

Հանրության որոշակի պահանջները Պուտինը փորձում է իրականացնել` բարձր վարկանիշ ունենալու համար: Այդ պահանջարկի մեջ է ժողովուրդների բարեկամությունը:

Չնայած ռուսական գիտակցությունը մասամբ շիզոֆրենիկ է. մի կողմից` խոսում ենք ժողովուրդների բարեկամության մասին, մյուս կողմից` դժգոհում ենք Մոսկվայում միգրանտների կապակցությամբ: Բայց ամեն դեպքում ՀՀ-ի հետ բարեկամությունը որոշակի ֆետիշ է: Ռուս մարդու համար նման ֆետիշ էր նաև Վրաստանի հետ բարեկամությունը, որը կորսվեց և չի վերադարձվի մինչև տարածքների խնդրի լուծումը: Զուր չէ, որ Մոսկվայում հայկական տաճարի կառուցումը դժգոհություն չառաջացրեց, իսկ փորձեք կառուցել մզկիթ կամ բողոքական եկեղեցի:

Այսինքն` ՀՀ-ի հետ հարաբերությունները հիանալի տեղավորվում են ներքին պահանջարկի մեջ: Արտաքին քաղաքականության պահանջարկի առումով կա մեր ղեկավարության պատկերացումը, որ ՌԴ-ն պետք է ունենա իր դաշնակիցները և պլացդարմը Կովկասում:

Ղարաբաղի չլուծված և անլուծելի խնդրի առկայության պայմաններում Ադրբեջանը չի կարող լինել ՌԴ դաշնակից, միայն գործընկեր կարող է լինել հասկանալի պատճառներով: Նաև հասկանալի պատճառներով դաշնակից չի կարող լինել Վրաստանը: Բացառման մեթոդով մնում է Հայաստանը: Էլ ինչի՞ մասին խոսել, եթե այլ տարբերակ չկա: Ավելին` ենթադրենք, որ ՌԴ-ն Ղարաբաղի հարցում կտրուկ կերպով հանդես գա Ադրբեջանի կողմից: Սակայն իրականում Ադրբեջանի և Ռուսաստանի տնտեսական շահերը տարբեր են: Կարելի է հիշել «Հարավային հոսքի» հետ կապված պատմությունը, մյուս կողմից էլ` «Տրանսատլանտյան գազամուղը»:

Իրականում Ադրբեջանը Եվրոպայի կողմից դիտարկվում է` որպես էներգառեսուրսների այլընտրանքային մատակարար: Եվ Ադրբեջանին իրենց գրկում կխեղդեն բոլորը` Եվրոպան, Ամերիկան: ՀՀ-ն և ՌԴ-ն նման հակասական շահեր չունեն, բացառությամբ, ասենք, հայկական հասարակության մի մասը կարող է ձգտել դեպի Եվրոպա, որ կարող է կարծել, որ Երևանն ավելի մոտ է Փարիզին, քան Մոսկվային:

Նաև կա հայկական մեծ սփյուռքը, որ այլ կարծիք կարող է ունենալ, օրինակ, իմ կողմից շատ հարգված Սերժ Թանկյանը մեծ կողմնակից չէ ՌԴ-ի հետ ՀՀ-ի ինտեգրմանը, չնայած ինքն ապրում է ԱՄՆ-ում: Երկրների հարաբերություններում կան ռացիոնալ և ոչ ռացիոնալ տարրեր, կան հարցեր, որ մաթեմատիկորեն չեն հաշվարկվում, այլ աշխարհընկալման, արժեհամակարգի, հոգևոր բնույթի են: Վլադիմիր Պուտինն իր տեսակետն ունի, թե ինչպես կառուցել հարաբերություններն այլ պետությունների հետ: Իսկ ես կարծում եմ, որ պետք է սեփական խնդիրները լուծել, զարգանալ, և բոլորը կձգտեն դեպի քեզ: Չինաստանն ԱՄՆ-ի հետ չի վիճում և Վաշինգտոնի վրա չի հարձակվում: Բայց մեր նախագահն իր դիրքորոշումն ունի: Ռուսների կարծիքով` Ռուսաստանը պետք է դաշնակիցներ ունենա Արևմուտքի հետ պայքարում: Եվ Պուտինն այդ դաշնակիցներին ապահովում է: Բայց Արևմուտքի հետ հակամարտել ցանկացողները քիչ են, անգամ` ԵՏՄ-ում:

Տեսանյութեր

Լրահոս