«Այսօր կուժն ու կուլան Սերժ Սարգսյանի գլխին է ջարդվում, բայց ի՞նչ է՝ իր նախորդը նույնը չէ՞ր, նախորդի նախորդը նույնը չէ՞ր»

«Ես դա այնքան էլ համաժողովրդական չէի համարի, այն, ինչ անում է եռյակը, իմ տպավորությամբ, նախընտրական արշավ է՝ ժամկետից շուտ սկսված»,- պատասխանելով 168.am-ի հարցին, թե ոչ իշխանական եռյակի  նախաձեռնած համաժողովրդական շարժումն ի՞նչ ապագա կունենա, ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայան:

Ըստ նրա՝ գուցե խնդիրն այն է, որ քաղաքական համակարգից սպասվող փոփոխությունը, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր իրականացնել Սահմանադրության փոփոխությամբ՝ նախագահի (պոստի թուլացում, վարչապետական համակարգի անցում), գուցե եռյակի առանցքային խաղացողների համար մրցակցային ավելի վատ պայմաններ կստեղծեր. «Իրենք հավանաբար փորձել են նաև դա կանխել և ժամկետից շուտ սկսել են այդ նախընտրական արշավը»:

Ա. Աղայանի խոսքով՝ մի օլիգարխի պայքարը մյուսի դեմ նույնն է թե՝ քաղաքական վեկտորում գտնվող մի միավորի պայքարը մյուսի դեմ (երկուսն էլ դեմ չգտնվեցին ԵՏՄ-ին և երկուսն էլ միաժամանակ Եվրամիության բուռն ջատագովներ էին), այսինքն՝ այդ իրար նման քաղաքական ուժերի պայքարում չի կարելի տեսնել ինչ-որ հետաքրքիր բան Հայաստանի կամ հայ ժողովրդի համար. «Սա կհամարեի աննշան իրադարձություն  Հայաստանի քաղաքական կյանքում, որը մի քանի տարի հետո չեն էլ հիշի»:

Լրագրողի հարցին, թե Ձեր կարծիքով՝ եռյակը պայքարում է նախագահական համակարգը պահպանելո՞ւ համար, Ա.Աղայանն այսպես պատասխանեց. «Այո, իրենք դա հայտարարում են: Իրենք հենց այդ նպատակով առաջին հանրահավաքներն արեցին ու դրա մասին  բացահայտ հայտարարեցին, որ դա ամենակարևոր հարցն է: 12 կետերը կարծես հետին պլան մղվեցին, և առաջ եկավ այդ սահմանադրության փոփոխության հարցն Ազգային ժողով չմտցնելու, հանրաքվեի չդնելու այդ միտքը»:

Կարդացեք նաև

Նա նկատեց, որ ԵՏՄ-ին անդամակցելու խնդիրը եռյակի անդամներին ոչ թե չէր հետաքրքրում, այլ իրենք աջակցեցին այդ խնդրին. «Բոլոր հանրահավաքների ժամանակ հատուկ, լայնածավալ ելույթներ նվիրվեցին հենց այդ խնդրին»:

Ըստ՝ Ա.Աղայանի՝ նույն ոճը Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) կիրառում էր նախորդ հանրահավաքների փուլում, երբ ինքը միայնակ էր. «Արցախյան հարցում ինչ-որ խնդիրներ առաջացան և Տեր-Պետրոսյանը աջակցեց, հայ թուրքական արձանագրությունների հետ կապված խնդիրներ առաջացան, և Տեր-Պետրոսյանը դարձյալ աջակցեց: Այս գործելաոճը կարծես արդեն սովորական է դարձել, և չգիտեմ էլ՝ նույնիսկ դա պայմանավորված է արտաքին քաղաքականության հարցերում համաձայնությա՞մբ, թե՞ ուղղակի  այսպես էին մտածում՝ «այս հարցերում իշխանություններին չդիմադրենք, մնացած հարցերը տեսնենք՝ ոնց ենք լուծում»»:

Հարցին էլ՝ Եռյակին չի՞ հետաքրքրում Հայաստան երկրի հետագա ճակատագիրը, լինել-չլինելը, Ա.Աղայանը պատասխանեց, որ այդ որակի է մեր ամբողջ քաղաքական դաշտը՝ սկսած 1991 թվականից. «Հայաստանի քաղաքական դաշտի որևէ խաղացողի Հայաստանի խնդիրները հետաքրքրել են ամենավերջին հերթին: Դա էլ հետաքրքրել է միայն այնքանով, որ դրանց նկատմամբ իրենց բացասական վերաբերմունքը կարող է իրենց ինչ-որ չափով վնասել: Եթե այդպես չլիներ, ապա մենք այսօր չէինք ունենա օլիգարխական այս այլանդակ համակարգը տնտեսության մեջ: Մենք չէինք ունենա այս խայտառակ արտաքին քաղաքականությունը: Սա մի նախագահի քաղաքականություն չէ: Այսօր կուժն ու կուլան Սերժ Սարգսյանի գլխին է ջարդվում, իրավացիորեն, բայց ի՞նչ է՝ իր նախորդը նույնը չէ՞ր, նախորդի նախորդը նույնը չէ՞ր: Արտաքին քաղաքականության բոլոր հիմքերը դրվել են Տեր-Պետրոսյանի իշխանության առաջին օրերից»:

 

Տեսանյութեր

Լրահոս