Բաժիններ՝

Զոյա Թադևոսյան. Ժողովուրդը չպետք է հանդուրժի այս «ամոթալի», «անպատվաբեր» վիճակը

Այն, ինչ այսօր մենք ունենք Հայաստանում տնտեսական առումով, կարելի է համարել վատթարագույն իրավիճակը: Այս կարծիքին է ՀԱԿ վարչության անդամ, ՀՊՏՀ Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյաը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ամփոփելով 2014 թվականի Հայաստանի տնտեսության ձեռքբերումներն ու կորուստները՝ նշեց, որ տնտեսական նախորդ  ժամանակաշրջանների աճերի համեմատությամբ այս տարի ունենք տնտեսական անկում:

Ըստ նրա՝ դա չափազանց տրամաբանական է, հիմնավորված, օբյեկտիվ, որովհետև այն հիմնական գործոնը, որը յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացման ապահովման պատասխանատուն է՝ աշխատուժն է, որը լքում է մեր երկիրը, որի հետևանքով՝ մենք չունենք արտադրողական ուժի այն տարրը, որը պետք է այդ պատասխանատվությունը կրեր արժանապատվորեն.

«Ցավոք սրտի, մեր իշխանությունները ոչինչ չեն անում իրավիճակը շտկելու համար, և այն ֆինանսական ծանր հարվածները, որ մենք ստանում ենք արտաքին աշխարհից, դա ևս ապացուցում է, որ մեր տնտեսությունն ի զորու չէ դիմակայելու ոչ մի հարվածի»:

Զ. Թադևոսյանը կարծում է, որ դեռ երկար կշարունակվի այս իրավիճակը, քանի որ, ըստ նրա՝ այս իշխանությունները չեն արժևորել մարդուն, մարդու դերը, նշանակությունը մեր իրականության մեջ:

Կարդացեք նաև

Հարցին՝ որքանո՞վ են այդ բացասկան միտումները պայմանավորված դրսի և որքանո՞վ ներսի գործոններով, արդյոք ճի՞շտ կլինի բոլոր մեղքերը բարդել կառավարության գործունեության վրա, Զ. Թադևոսյանն այսպես պատասխանեց.

«Ձեր հարցն ինձ հիշեցրեց երկրի գործող նախագահի վերջերս արտասանած այն միտքը, որ ասում էր՝ լավ, եթե դրամն արժեզրկվում է ու մենք ենք մեղավոր, ապա ինչո՞ւ է արժեզրկվում լարին: Այս պարագայում մենք պետք է հիշենք, որ հանդիսանում ենք գլոբալ աշխարհի մաս: Դա նշանակում է՝ յուրաքանչյուր ազգային տնտեսության մեջ, որ ունի բաց, մեծ տնտեսություն, տեղի ունեցող փոփոխություններն անմիջականորեն ազդում են դրանց հետ կապված տնտեսությունների վրա: Լինում են նման ֆորսմաժորային իրավիճակներ, որոնք իրենց ազդեցությունը թողնում են ազգային տնտեսությունների վրա՝ հատկապես մեզ նման փոքր տնտեսությունների վրա»:

Զ. Թադևոսյանի խոսքով՝ ժողովուրդը  չպետք է հանդուրժի այս «ամոթալի», «անպատվաբեր» վիճակը. «Որովհետև հայ մարդը, ով քրտնաջան աշխատելու և իր հացը սեփական քրտինքով վաստակելու սովոր է, այդ գործընթացը համարում է իր սուրբ պարտականությունը, ամենևին արժանի չէ ապրելու այնպիսի կյանքով, ինչպես ապրում է  այսօր ու պարտավոր չէ ամեն օր հեռուստատեսությամբ լսել, թե ինչպես են թալանչի, գող, ավազակ իշխանավորները բացատրում՝ ինչու են նրանք այսքան վատ ապրում»:

Ըստ Զ. Թադևոսյանի՝ եթե նույնիսկ իշխանափոխություն էլ լինի, ոչ ոք չի սպասելու հրաշքների, թե նոր  իշխանությունները մեկ տարվա ընթացքում ամեն ինչ դնելու են իրենց տեղը և մարդիկ սկսելու են ապրել այնպես, ինչպես իրենք կուզեին ապրել իրենց երազած հայրենիքում. «Ժամանակ է պետք այս քարուքանդ վիճակից դուրս գալու և ինչ-որ բան շտկելու համար: Միանգամից տնտեսական հրաշքներ չեն լինում»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս