
Օսմաներենն օտար լեզու չէ, այն սովորելը կվերականգնի նախահայրերի հետ խզված կապը. Էրդողան

MK-Turkey-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաստատել է, որ օսմաներենն ընդգրկվում է միջնակարգ դպրոցների պարտադիր դասընթացների ծրագրում՝ հայտարարելով, որ օսմաներենը դասավանդվելու է՝ չնայած հասարակության քննադատություններին:
Դիմելով Թուրքիիայի Կրոնական հարցերով նախարարության կազմակերպած Կրոնական հարցերով խորհրդի 5-րդ նիստի մասնակիցներին՝ Էրդողանը հայտարարել է, որ օսմաներեն սովորելը կվերականգնի նախահայրերի հետ խզված կապը:
Երբ քննադատներից մեկը հարցրել է, թե արդյոք օսմաներեն սովորելն անհրաժեշտ է գերեզմանաքարերի գրությունները հասկանալու համար՝ Էրդողանը պատասխանել է, որ ողջ պատմությունը հենված է այդ գրությունների վրա.
«Մի՞թե դա չէ ամենախոցելի տեղը: Օսմաներենը մի կողմ թողնելը հավասարազոր է սեփական կոկորդը կտրելուն: Դա աղետ է: Առավելագույն գիտելիքների տիրապետած ժողովուրդն այժմ կորցրել է իր իմաստնությունը: Օսմաներենն օտար լեզու չէ: Այո՛, կան այդ լեզուն սովորելուն ընդդիմացողներ, և հենց դրանում է կայանում մեծ վտանգը:
Ձեզ դուր է գալիս, թե ոչ, միևնույնն է՝ այս երկրում դասավանդելու և սովորելու են օսմաներեն: Այս կրոնն ունի պահապան, և այդ պահապանն մինչև աշխարհի վերջ կպաշտպանի կրոնը»: Նախորդ շաբաթ Թուրքիայի կրթության ազգային խորհուրդը կողմ է քվեարկել դպրոցներում օսմաներենի պարտադիր դասընթացներ մտցնելուն: