«Նաիրիտի» շուրջ անորոշությունը շարունակվում է
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու մասին որոշումն ալեկոծել է հանրությանը: Նախկինում հնչած բազմաթիվ խոստումները պարզապես սպանել են նաիրիտցիների վստահությունն առ կառավարություն` անկախ նրանից՝ ով է դրա ղեկավարը:
Եվ որքան էլ Հովիկ Աբրահամյանը փորձի խուսափել իր նախորդի՝ Տիգրան Սարգսյանի գործողություններին գնահատականներ տալուց, այնուամենայնիվ, առնվազն կարող է մտածել, թե ինչ ծանր ժառանգություն է ստացել: «Ես չէ, որ պետք է գնահատեմ Երևանի «Նաիրիտ» գործարանի վերագործարկմանը նպատակաուղղված` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործողությունները»,- երեկ լրագրողներին ասել է Հովիկ Աբրահամյանը` մեկնաբանելով գործարանի շուրջ ստեղծված իրավիճակում նախկին վարչապետի «մեղքի բաժնին» վերաբերող հարցը: «Մեր խնդիրը ստեղծված իրավիճակից ելք գտնելն է: Մենք պետք է նայենք ոչ թե անցյալին, այլ` ապագային»,- հավելել է Աբրահամյանը:
Նշենք, որ այս օրերին կրկին սկսել են հայտարարություններ հնչել նոր աուդիտի անցկացման ու ներդրողներ գտնելու մասին: Թերևս, միակ էական փոփոխությունն աշխատողների կրճատումն է՝ աշխատավարձերի ծախսի ահռելի բեռը թեթևացնելու համար: Բայց չի բացառվում, որ սրա հետևանքներն էլ անդառնալի կլինեն: Եթե անգամ այդ աուդիտը դրական արդյունք տա, և նույնիսկ ներդրող գտնվի, գործարանը մասնագետների խիստ պակաս է զգալու:
Մասնագետների, որոնք այս ցրտին ստիպված են դռնեդուռ ընկնել ու իրենց հասանելիքը պահանջել: Մասնագետների, որոնք ամսական ստացել են 50-70 հազար դրամ՝ ի տարբերություն գործարանի ղեկավար կազմի, որոնց աշխատավարձի ֆոնդը միլիոններ է կազմում: Եթե հաշվարկում ենք, թե որքան գումար է ծախսվել անցած տարիներին «Նաիրիտի» ղեկավարության վարձատրության համար, ապա պարզվում է, որ այդ գումարով հնարավոր կլիներ վերագործարկման համար պահանջվող առաջին փուլի ծախսն իրականացնել:
«Նաիրիտի» վարչակազմի աշխատավարձերի մասին դեռ 2008-ից անընդհատ բարձրաձայնվել է, նշվել է, որ բավականին մեծ տարբերություն կա ղեկավարության կամ, այսպես ասած, իրենց էլիտա համարողների և բանվորների աշխատավարձերի միջև: Առաջին անգամ այդ մասին պաշտոնապես հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ վերջին անգամ գործարան այցելության ժամանակ:
Հովիկ Աբրահամյանն էլ նախորդ շաբաթ նշել էր, թե ինքն ընդհանրապես դեմ է, որ «չաշխատող գործարանի տնօրենը ստանա 2 մլն 600 հազար դրամ աշխատավարձ, փոխտնօրենը` 2 մլն 300 հազար դրամ, և այլն»:
Թեև հավաստի աղբյուրները պնդում են, որ նախկինում տնօրենի ու տեղակալների աշխատավարձը շատ ավելի բարձր է եղել, մասնավորապես, գլխավոր տնօրենը ստացել է ամսական շուրջ 7 մլն դրամ, նրա 10 տեղակալները` մոտ 3.5 մլն դրամ (անցած տարի ամռանն արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր հրաժարականից հետո մնացել է 9 տեղակալ), չհաշված` տնօրենի խորհրդականներին ու օգնականներին: 2008-ից գործարանում աշխատակիցներ թիվն ավելացել ու հասել էր շուրջ 3000-ի` ի հաշիվ սպասարկող անձնակազմի և ղեկավարության հաստիքների ավելացման:
Եվ եթե 1400 բանվորների աշխատավարձի ֆոնդն ավելացել էր 20 մլն-ով և կազմել մոտ 120 մլն դրամ, ապա 700 հոգու աշխատավարձը 60 մլն-ից դարձել էր մոտ 100 մլն դրամ, իսկ 900 հոգի ստանում էր մոտ 340 մլն դրամ: Ճիշտ է, վերջին 1-2 տարում աշխատակազմը որոշ չափով կրճատվել է, բայց կոպիտ հաշվարկներով ստացվում է, որ անցած 4 տարում ՀՀ կառավարությունը՝ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ, առնվազն 50 մլն դոլար է ծախսել չաշխատող գործարանի ղեկավարության անգործությունը վճարելու համար:
Եվ այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նախարար Արմեն Մովսիսյանը ոչինչ չեն արել այս ինքնատիպ թալանը կանխելու համար: Չէ՞ որ նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը մինչև հիմա կառավարության ներկայացուցիչն է «Նաիրիտում», գործարանի տնօրենների խորհրդի անդամը և շատ լավ տեղեկացված էր ամեն ինչից, ինչպես և` նախարարն ու վարչապետը: Նրանց թողտվությամբ «Նաիրիտի» տնօրենն ու նրա տեղակալներն այս ընթացքում ստացել են յուրաքանչյուրը` 400-600 հազար դոլար աշխատավարձ:
Եվ եթե այսօր գործարանի բանվորներից յուրաքանչյուրի աշխատավարձի պարտքը մոտ 1 մլն դրամ է, ապա վարչակազմի անդամներից յուրաքանչյուրը 20-40 մլն դրամ ունի ստանալու: Բնական է, որ այն ղեկավար կազմը, որն առաջ զսպում էր բանվորության պոռթկումներն ու հորդորում ցույցեր չանել, այսօր ինքն է առաջնորդում նրանց: Անվիճելի է, որ ավելի արդյունավետ ու օգտակար քայլ կլինի, եթե այս ահռելի աշխատավարձերը սառեցվեն, գումարներն ուղղվեն գործարանի վերագործարկմանը:
Ի դեպ, դեկտեմբերի 9-ին, երբ Հ.Աբրահամյանն ընդունել էր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող «Նաիրիտի» մի խումբ աշխատակիցների, նշել էր, որ Համաշխարհային բանկի փորձագետների աուդիտից հետո «կառավարությունը պատրաստ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն», և հենց նաիրիտցիներին էր առաջարկել ներդրողներ գտնել: Սա, թերևս, լավ առիթ է կրկին հիշելու եվրոպացի ներդրողների խմբին, որոնք անցած ամռանը հետաքրքրություն ցուցաբերեցին «Նաիրիտի» հանդեպ, բայց նրանց ջանքերը` հանդիպելու վարչապետի հետ և հարցը նրա հետ քննարկելու, ավարտվեցին անհաջողությամբ: