«Արդշինբանկ» ՓԲԸ-ն թողարկել է պարտատոմսեր միջազգային ֆինանսական շուկայում

2014 թվականի դեկտեմբերի 9-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն առաջինը Հայաստանի մասնավոր ընկերություններից թողարկել է պարտատոմսեր միջազգային ֆինանսական շուկայում և ներգրավել 75 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ: Պարտատոմսերի թողարկումը առաջին նման գործարքն է միջազգային ֆինանսական շուկաներում 2013 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից տեղաբաշխված եվրապարտատոմսերի թողարկումից հետո:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն տեղաբաշխել է իր 3 տարի ժամկետայնությամբ պարտատոմսերը J.P.Morgan ներդրումային բանկի օժանդակությամբ, որն եղել է թողարկման Գլխավոր Տեղաբաշխողը: Հեղինակավոր  Moody’s վարկանշային գործակալությունը  «Արդշինբանկ» ՓԲԸ-ի պարտատոսմերի այս թողարկմանը շնորհել է Ba2 վարկանիշ՝ բանկի ներկայիս Ba3 վարկանիշից մեկ աստիճան բարձր: Պարտատոմսերը ցուցակված են Վիեննայի ֆոնդային բորսայում, իսկ պարտատոմսերի քլիրինգն իրականացվում է Euroclear-ի և Clearstream-ի համակարգերում: Պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները ուղղվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ռազմավարությամբ նախատեսված գործառնությունների ընդլայմանը:

«Արդշինբանկ» ՓԲԸ ղեկավարությունը գոհունակություն է հայտնում նախադեպը չունեցող այս թողարկման արդյունքներից և միջազգային ներդրողների կողմից բանկի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության աստիճանից: Այս կապակցությամբ «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց. «ՄԵնք հպարտ ենք, որ Արդշինբանկը Հայաստանում առաջին ոչ պետական կառույցն է, որը կարողացել է տեղաբաշխել պարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում: Սա կարևոր ձեռքբերում է ոչ միայն մեր բանկի, այլև մեր երկրի համար, քանի որ այն օգնում է Հայաստանի մասնավոր ընկերություններին գրավել իրենց տեղը միջազգային ֆինանսական «քարտեզում»:

 

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է  2002թ.-ին և հանդիսանում է  Հայաստանի առաջատար բանկերից մեկը: Բանկն ունի լայն մասնաճյուղային ցանց հանրապետության ողջ տարածքով՝ 55 մասնաճյուղերով: Moody’s կողմից Բանկի վարկանիշը գնահատվել է Ba3 կայուն հեռանկարով: 2014թ. սկզբին “Արդշինբանկ” ՓԲԸ-ն միջազգային ներդրողներից ներգրավեց 18 մլն ԱՄՆ դոլար սինդիկացված վարկ` դառնալով Հայաստանի առաջին բանկը, որն իրականացրեց այդ գործարքն առանց միջազգային դոնոր կազմակերպությունների օգնության:

Տեսանյութեր

Լրահոս