«Այսօրվա Մարդու իրավունքների պաշտպանը, ըստ էության, դրածո է, նաև դժբախտ է, որովհետև սակավամիտ է». Պարույր Հայրիկյան
1948 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որը բավական մեծ դեր ունեցավ քաղաքակրթության առաջընթացի հարցում: Այսօրվա ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ նկատելով, որ Հայաստանն այս ուղղությամբ նույնպես որոշակի քայլեր կատարեց: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:
ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որի նախաձեռնությամբ իրենք ժամանակին հանդես են եկել, իր մեջ ներառում էր նաև մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ընդունումը Հայաստանում.
«Ուշադրություն մի դարձրեք, որ այսօրվա Մարդու իրավունքների պաշտպանը, ըստ էության, դրածո է, գիտեք՝ ով է իրեն դրել, նաև դժբախտ է, որովհետև սակավամիտ է, նորագույն պատմություն չիմացող մարդը չի կարող ըստ արժանվույն ծառայել:
Շարքային պաշտոնյա դարձավ, բայց իրականում այդ պաշտոնը կարևոր է քաղաքացիների իրավունքները պաշտպանելու տեսակետից: Կարևորը սահմանադրորեն այդ պաշտոնը կա, և վաղը ձեզնից որևէ մեկը, լինելով այդ պաշտոնում և անկեղծորեն այդ նպատակին ծառայելով, կարող է հանդիսնալ միջնորդ քաղաքացու իրավունքների պաշտպանության տեսակետից»: