«Հայաստան-ԵՄ հարաբերություններն ավելին են, քան փողը»

Անցած տարվա սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը (Բելառուս-Ղազախստան-Ռուսաստան):

Մինչ այդ Հայաստանը հայտարարել էր, որ շարժվում է եվրաինտեգրման ուղղությամբ և պատրաստվում էր ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: ԵՏՄ-ին միանալու հայտարարությունից և անգամ` այն բանից հետո, երբ հունիսին Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ԵՄ-ի հետ ստորագրեցին Ասոցացման համաձայնագրերը, իսկ Հայաստանը` ոչ, եվրոպացիները շարունակում էին հայտարարել, որ պատրաստ են սերտացնել Հայաստանի հետ հարաբերությունները, աջակցություն ցույց տալ և խթանել բարեփոխումների անցկացմանը:

Իսկ օրեր առաջ Հայաստանի Ազգային ժողովը հավանություն տվեց Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալու օրինագծին` վերջնականապես հաստատելով, որ ընտրում է ինտեգրման եվրասիական ճանապարհը:

Ինչպե՞ս կազդի ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա, և արդյո՞ք Եվրամիությունը պատրաստ է սերտացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան, հյուպատոս Ըմայըս Մորզը մեր այս հարցին ի պատասխան` նշեց, որ Եվրամիությունը սպասում է Հայաստանի պատասխանին:

Պրն Մորզի խոսքով, թեպետ անցած տարվա սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո կողմերի մեջ մի որոշ ժամանակ, այսպես ասած, ռազմավարական լռություն էր տիրում, Բրյուսելը որոշեց կրկին ակտիվացնել համագործակցության ճանապարհը: Սակայն այժմ Եվրամիությանը հստակություն է պետք` ԵՏՄ-ին անդամակցությունից հետո որո՞նք են համագործակցության հնարավոր շրջանակները, ի՞նչ սահմանափակումներ կան, որտեղո՞վ է անցնում «կարմիր գիծը», և որքանո՞վ է Հայաստանը պատրաստ սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ:

Ըստ Ըմայըս Մորզի, Հայաստան-ԵՄ հարաբերությունները չեն ներառում միայն առևտրատնտեսական ուղղությունը, այլ շատ ավելի լայն են: «Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ավելին են, քան պարզապես փողը»,- ասում է պրն Մորզը: Ամեն դեպքում, նա հույս հայտնեց, որ անգամ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի և Եվրամիության միջև կշարունակեն զարգանալ առողջ հարաբերություններ:

Փոխդեսպանից մեկնաբանություն խնդրեցինք նաև Եվրամիության և ԵՏՄ-ի գլխավոր դերակատարի` Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները բացասաբար են ազդում Հայաստանի վրա: Այս օրերին դրամն արժեզրկվում է, և փորձագետների կարծիքով` այդ գործընթացը կշարունակվի այնքան, քանի դեռ Ռուսաստանում տնտեսական իրավիճակը չի բարելավվել: ՌԴ տնտեսությունն էլ իր հերթին` դժվար թե վերականգնվի, քանի դեռ գործում են արևմտյան պատժամիջոցները: Իսկ թե այդ պատժամիջոցները ե՞րբ կվերացվեն, պարզ չէ: «ԵՄ-ի ուղերձը հստակ է: ԵՄ-ն սպասում է, որ Ռուսաստանը՝ օգտագործելով իր ազդեցությունը, վերջ դնի Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը»,- ասում է պրն Մորզը` կարծիք հայտնելով, որ պատժամիջոցները կշարունակեն գործել, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է աջակցել զինված անջատողականներին:

Ի դեպ, մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը բրիտանական «Լիդիան ինթերնեյշնլի» հայաստանյան դուստր ընկերությանը` «Գեոթիմ» ՓԲԸ-ին, հատկացրեց Ամուլսարի ոսկու ծրագրի հանքարդյունահանման թույլտվությունը: Չնայած բնապահպանական որոշ կազմակերպությունների դժգոհությանը` Բրիտանական դեսպանատունը մշտապես աջակցել է այս նախագծին և տեսակետ հայտնել, որ «Լիդիանը» կարող է պատասխանատու հանքարդյունաբերության օրինակ դառնալ Հայաստանում:

Ը.Մորզը մեզ հետ զրույցում ևս մեկ անգամ վստահություն հայտնեց, որ «Լիդիանը» հանքարդյունաբերության նոր չափանիշեր կհաստատի Հայաստանում: Վստահությունը հիմնված է այն խիստ չափանիշերի և պահանջների վրա, որոնք ընկերության առջև դրել են հենց իր գլխավոր ներդրողները, այդ թվում` Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (EBRD):
Ինչ վերաբերում է նախագծի տնտեսական օգուտներին, ապա, Մորզի խոսքով, դրանից շահում է ոչ միայն ընկերությունը, այլև Հայաստանը` մի քանի առումներով: Նախ, Հայաստանն այսօր կապիտալ ուղղակի ներդրումների կարիք ունի, իսկ «Լիդիանը» պատրաստվում է ներդնել ավելի քան 400 միլիոն դոլար, ինչը կաշխուժացնի տնտեսությունը:

Ամուլսարի նախագիծն այդ առումով հրաշալի միջոց է նաև նոր ներդրողների ներգրավելու առումով, քանի որ այն լավ մեսիջ կամ, ինչպես ասում են, show piece կարող է լինել օտարերկրյա պոտենցիալ ներդրողների համար: Եվ վերջապես, հանքավայրի շահագործման ընթացքում ընկերությունը բյուջե է վճարելու միլիարդավոր դրամների հարկեր: «Իմ անձնական կարծիքով, եթե Հայաստանն ունի այդ ռեսուրսները, և կա պատասխանատու ընկերություն, որը պատրաստ է դրանք արդյունահանել, ու եթե հրաժարվում ես, ապա պետք է նաև ասես, թե որն է այդ նույն օգուտները ստանալու այլընտրանքը»,- ասում է Ըմայըս Մորզը:

Տեսանյութեր

Լրահոս