Ինչո ՞ վ է պայմանավորված աշնանացանի ցածր ցուցանիշները. պարզաբանում է գյուղնախարարության պատասխանատուն
Հանրապետությունում ավարտվում են 2015 թվականի բերքի տակ իրականացվող հերկի և ցանքսի աշխատանքները:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանի փոխանցմամբ՝ հանրապետությունում կատարվել է 35 հազ. 820 հեկտար հերկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պակաս է 16 հազ. 376 հեկտարով կամ 31.4 %-ով: Ցանվել է 28 հազ. 622 հա աշնանացան հացահատիկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 17 հազ. 697 հա, կամ 38.2 %-ով:
Ըստ ոլորտի պատասխանատուի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված նման ցածր ցուցանիշները հիմնականում պայմանավորված են եղանակային անբարենպաստ պայմաններով, մասնավորապես ամռան ամիսներին աննախադեպ երաշտի հետևանքով հնարավոր չի եղել ժամանակին հերկել տարածքները, իսկ աշնան ամիսներին երկարատև տեղումները թույլ չեն տվել ժամանակին ցանքս կատարել:
Անդրադառնալով հողօգտագործողներին աշնանացանի շրջանակներում ցուցաբերվող պետական աջակցության մասին՝ Վ. Ավետիսյանը տեղեկացրեց, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ եկող տարվա բերքի տակ աշնանացանի իրականացման համար, հողօգտագործողներին, որպես պետական աջակցություն, սուբսիդավորված գներով, ուղղակի վաճառքի և փոխառության տեսքով, տրամադրվում են աշնանացան ցորենի և գարու բարձրորակ սերմացուներ, ինչպես նաև անտոկոս ու ցածր տոկոսադրույքով վարկեր սեփականաշնորհված վարելահողերի 1 հեկտարի համար համար՝ 80 000 դրամ, իսկ վարձակալած տարածքների համար՝ 6% տարեկան տոկոսադրույքով կտրամադրվի 50 000 դրամ:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետը տեղեկացրեց նաև, որ տրամադրվել է նաև շուրջ 1550 տոննա դիզելային վառելիք՝ 1 լիտրի արժեքի 100 դրամի չափով սուբսիդավորմամբ, իսկ գյուղի և գյուղատնտնեսության աջակցության հիմնադրամի պահեստներում առկա են բավարար քանակությամբ հանքային պարարտանյութեր, որոնք ըստ պահանջարկի, մատչելի գներով (ուղակի վաճառքի և փոխառության տեսքով) տրամադրվում են հողօգտագործողներին: