«Նաիրիտի» տնօրենը՝ աշխատակիցներին աշխատանքից ազատելու որոշման մասին. «Մենք գտանք, որ դա է ճիշտ ճանապարհը»
Հայաստանի իշխանություններն արդեն նույնիսկ հարկ չեն համարում խոսել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ: Երեկ կառավարության մոտ նաիրիտցիների բողոքի ակցիան անարդյունք ավարտվեց: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անտեսեց նրանց պահանջն ու չիջավ ցուցարարների հետ հանդիպման: Նա գործարանի 5 աշխատակիցների հրավիրեց իր մոտ, իսկ որոշ ժամանակ անց, երբ պատվիրակներն արդեն ընտրվել ու պատրաստ էին ներս գնալու, պարզվեց, որ վարչապետը խորհրդակցության է: Այդ խորհրդակցությունը տևեց ավելի քան 4 ժամ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը, գուցե և ավելի: Ամեն դեպքում նաիրիտցիները երեկ հեռացան Կառավարության մոտից՝ որոշելով այսօր կառավարության շենքի մոտ շարունակել իրենց բողոքի ակցիան: Ըստ էության, նաիրիտցիներին իշխանությունն իր խոսքն ասել է:
Դեկտեմբերի 4-ին նախագահական նստավայրի առջև բողոքի ակցիայի օրը նրանց ընդունել էր նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ու մերժել որևէ աջակցություն: Նախքան այդ էլ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, թե նախապես խոստացված ամբողջ աշխատավարձի պարտքի մարում չի լինի: Նույն ժամանակ էլ բոլոր աշխատողներին սկսել են աշխատանքից ազատման ծանուցագրեր ուղարկել: Թե այսուհետ որքանո՞վ արդյունավետ կլինի նաիրիտցիների հետագա պայքարը, թերևս, կախված է հենց նրանց վճռականությունից ու պահանջների էությունից: Գործարանի խնդիրների շուրջ «168 Ժամը» զրուցեց «Նաիրիտի» ներկայիս ղեկավար Ռուբեն Սաղաթելյանի հետ:
– Պարոն Սաղաթելյան, աշխատանքից ազատման մասին ծանուցագրեր ուղարկելու որոշումն ո՞վ է կայացրել:
– Դա գործարանի ադմինիստրացիայի որոշումն է:
– Այսինքն, էներգետիկայի նախարարը Ձեզ նման հանձնարարություն չի՞ տվել:
– Չէ, դա ի՞նչ կապ ունի նախարարի հետ:
– Ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք նման քայլի դիմել՝ մարդկանց ազատել աշխատանքից:
– Մենք գտանք, որ դա է ճիշտ ճանապարհը: Գործարանը 4 տարի կանգնած է: Այդ 4 տարում աշխատանքի մեջ է մոտ 700 հոգի մարդ, 1500-ը տունը նստած է, որը բերում է լրացուցիչ պարտքերի կուտակում և ծանրացնում գործարանի բեռը: Հիմա ի՞նչ է, ճի՞շտ է ևս շարունակել այսպես: Եթե 2 ամիս հետո սկսեինք վերագործարկման աշխատանքները կամ նախապատրաստական աշխատանքները, ժողովրդին կպահեինք, բայց դա դեռ անհայտ է: Կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին, որպեսզի նա այստեղ հատուկ ընկերության կողմից աուդիտ կազմակերպի, որի պատասխանը լավագույն դեպքում կլինի 5-7 ամիս հետո:
– Այդ աուդիտն ինչո՞վ է տարբերվելու նախկինում կատարված աուդիտներից: Չէ՞ որ սեպտեմբերին ամփոփվեց անգլիական ընկերության կողմից կատարված աուդիտի արդյունքը:
– Համենայնդեպս, ինձ չի թվում, որ մի կարծիք ավելի ունենալը կխանգարի:
– Ժամանակն է կորչում:
– Այո, ժամանակի հարցը կա: Բայց այդ անգլիական ընկերությունն ամփոփեց իր աուդիտը, տվեց «Ռոսնեֆտին», իսկ «Ռոսնեֆտը» մինչև այսօր ոչ «այո» է ասել, ոչ՝ «ոչ»:
– Գտնում եք, որ «ոչ» չե՞ն ասել:
– Մենք պաշտոնական այդպիսի տեղեկատվություն չունենք, որ «Ռոսնեֆտը» պաշտոնական այդպիսի հայտարարություն արել է «Նաիրիտ» գործարանի հետ կապված: «Ռոսնեֆտը» հայտարարություն արել է, որ Հայաստանում գործարան է կառուցելու, բայց դա «Նաիրիտի» հետ կապված չի: Դա ընդհանրապես ուրիշ գործարան է:
– Դուք ինչպե՞ս եք պատկերացնում «Նաիրիտի» ապագան:
– Ես կարծում եմ, որ եթե մենք կարողանանք, գործարանի տեխնիկական անձնակազմից էլ շատ բան է կախված, եթե նոր աուդիտորները գան, ու մենք կարողանանք ապացուցել մեր ճիշտը, որ գործարանը կարելի է, այո, որոշակի ներդրումներ անելուց հետո վերագործարկել, և էդ պայմաններում գործարանը կաշխատի շահութաբեր, անվտանգ, չխախտելով բնապահպանական որևիցե նորմ, ինձ թվում է, որ աուդիտի պատասխանը կլինի դրական:
– Եթե աուդիտը դրական եղավ, հետո՞ ինչ է հարկավոր անել:
– Էներգետիկայի նախարարն ասել է, որ կառավարությունը հայտարարելու է տենդեր: Այսինքն, կկազմվի միջոցառումների և ներդրումների փաթեթն ու մրցույթ կհայտարարվի:
– Հիմա գործարանի բաժնետոմսերը Միջպետական բանկում են գրավադրված, նախարարն ասում է՝ իրավական հիմք չկա աշխատավարձ վճարելու կամ ինչ-որ գործողություն անելու: Ինչպե՞ս պետք է բաժնետոմսերը հետ բերել, որ իրավական հիմք լինի տենդեր հայտարարելու համար:
– Ես գիտեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ արվում են, և ընթացքն այնպես է, որ հարցը լուծվելու է:
– Այսինքն, դա լուծելի՞ խնդիր է:
– Այո, աշխատանքներն այդ ուղղությամբ տարվում են և՛ ՀՀ իշխանությունների կողմից, և՛ ռուսական իշխանությունների կողմից:
– Ենթադրենք` դա էլ արվեց, հետո՞ ինչ է հարկավոր, որ գործարանն աշխատի:
– Ներդրում, առանց ներդրման չի աշխատի: Պետք է տենդեր հայտարարել և ներդրող գտնել: Իհարկե, ես կարծում եմ, որ կառավարությունն ինչ-որ չափով, ինչպես հիմա է մասնակցում, այն ժամանակ էլ կարող է մասնակցություն ունենալ:
– Այս տարիների ընթացքում մի քանի անգամ տենդեր հայտարարվել է, տարբեր թեկնածուների մասին էր խոսվում, բայց ոչ մի ռեալ ներդրող չի գտնվել:
– Դե, պատճառն ինչ է եղել, ես չեմ կարող ասել:
– Հիմա հույս ունե՞ք, որ դրական աուդիտի դեպքում ներդրող կգտնեք:
– Այո: