«Հարսնաքարի» գործով երկու ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել. նրանց նկատմամբ նշանակվել է տուգանք

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ «Հարսնաքարի» գործով երկու ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանն ու Գարիկ Մարգարյանը մեղավոր են ճանաչվել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ. նրանց նկատմամբ նշանակվել է տուգանք 200 հազար դրամի չափով: Դատարանի վճռով՝ սահմանված պատժաչափը գումարվել է նախկին դատավճռով սահմանված պատժին. Գարիկ Մարգարյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել 9 տարի 6  ամիս 16 օր ժամկետով և տուգանք 300.000 դրամով, իսկ Նորայր Հայրապետյանի նկատմամբ՝ 9  տարի 6  ամիս 18 օր ժամկետով և տուգանք 300.000 դրամով:

Գարիկ Մարգարյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2014թ. մարտի 24-ին, որպես ամբաստնյալ մասնակցելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իրենց նկատմամբ քննվող  քրեական գործով տեղի ունեցող դատական նիստին՝ նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից կայացված դատավճռի հրապարակման ընթացքում, ուղղակի դիտավորությամբ խաթարելով դատարանի բնականոն գործունեությունը, դատարանի դատական նիստի ընթացքում նշված քրեական գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի  հասցեին շուրջ 3 րոպե տևողությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել:

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում նշել է, որ մինչ դատաքննություն սկսելն, ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանի հետ, գիտակցում են արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, առաջադրված մեղադրանքում իրենց լիովին մեղավոր են ճանաչում:

Դատարանն ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել այն, որ վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և անկեղծորեն զղջացել կատարած արարքի համար, խնամքին է գտնվում մայրը:

Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի գտել:

Դատարանն ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել այն, որ վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և անկեղծորեն զղջացել կատարած արարքի համար, խնամքին են գտնվում թոշակառու ծնողները, կինը և մինչև տասնչորս տարեկան 2 անչափահաս երեխաները:

Դատարանը գտել է, որ տուժողի կողմից ներկայացրած քաղաքացիական հայցը պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, պետք է թողնել առանց քննության` տուժողին վերապահելով քաղաքացիական դատավարության կարգով քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունք:

Տեսանյութեր

Լրահոս