Երկարաժամկետ վարկեր՝ սիրիահայերին

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ» ընդառաջ է գնացել Հայաստանում հաստատված մի խումբ սիրիահայերի աջակցության դիմումին և Հայաստանում բնակարան ձեռք բերելու համար աշխատանք ունեցող սիրիահայերին տրամադրելու է երկարաժամկետ վարկեր: Ծրագիրը շարունակությունն է լինելու սիրիահայերի համար իրականացվող բնակարանաշինությանը, որի սկիզբը մեկ տարի առաջ դրվել է Երևանի Դավիթաշեն համայնքում: 168.am-ը նախապես տեղեկացրել էր, որ սիրիահայերի համար Սփյուռքի նախարարության բնակշինարարության ծրագրին չսպասելով (որը տարբեր պատճառներով հապաղում է, ըստ որոշ տվյալների, տապալվել է)՝ սիրիահայերն իրենք են հողատարածք ձեռք բերել Երևանում և սեփական ուժերով սկսել բնակելի շենքի շինարարություն: Դավիթաշեն համայնքում կառուցվող «Երազ» բազմաբնակարան շենքի շինարարությունը շուտով կավարտվի, բոլոր 110 բնակարանները 1 քմ-ը 550 ԱՄՆ դոլարով ձեռք են բերել Հայաստանում հաստատված սիրիահայերը, սակայն Հայաստանում գտնվող մոտ 4000 սիրիահայի բնակարանային պահանջներ մնում են չբավարարված. նրանց հիմնական մասը Հայաստանում ապրում է վարձով:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ» հետ համագործակցության շրջանակներում սիրիահայերի համար բնակարաններ կառուցող «Եռանավ» ՍՊԸ-ն նախատեսում է ևս երկու բազմաբնակարան շենքի կառուցում, որը կրկին նույն պայմաններով տրամադրվելու է Սիրիայի պատերազմից հետո Հայաստան տեղափոխված հայերին:

Հիշեցնենք, որ Սփյուռքի նախարարությունը սիրիահայերի բնակարանային հարցը լուծելու նպատակով Աշտարակ քաղաքում ծրագրել էր կառուցել «Նոր Հալեպ» քաղաքատիպ ավանը, սակայն հանգանակությամբ հավաքված 52 միլիոն դրամը բավարար չի եղել ծրագրի մեկնարկի համար, նաև սիրիահայերն իրենք են հրաժարվել ապրել Երևանից դուրս: «Նոր Հալեպում»   բնակարանի համար հերթագրվածների մի մասն էլ, Հայաստանում աշխատանք չգտնելով, մեկնել է 3-րդ երկիր:

Մինչ Սփյուռքի նախարարությունը վստահեցնում է, որ իրեն, այնուամենայնիվ, հաջողվելու է իրականացնել 25 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «Նոր Հալեպ» ծրագիրը, սիրիահայերն իրենք իրենց «գլխի ճարն արդեն տեսնում են»:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս